#Spotlight: Կարինայի կապտավարդագույն կոմիքս-աշխարհը

#Spotlight: Կարինայի կապտավարդագույն կոմիքս-աշխարհը

Թումոն 2011-ին իր դռները բացեց առաջին ուսանողների առաջ, որոնցից մեկը` դեռ դպրոցական Կարինան, եկավ այստեղ` բացահայտելու նոր հետաքրքրություններ: «Թումո գալուց առաջ ընդհանրապես չէի մտածում, որ նկարիչ կդառնամ: Եկա ու միանգամից սկսեցի մասնակցել ֆիլմերի ստեղծման դասընթացին: Սիրահարվեցի կինոյին: Մի պահ դադար էր ֆիլմերի դասընթացների, ու որոշեցի նկարչություն էլ փորձել, որտեղ հասկացա, որ եթե ֆիլմեր նկարահանելու համար քեզ մի աշխարհ մարդ է անհրաժեշտ, ապա նկարելը միայն քեզանից է կախված: Եթե ուզում ես զգացմունքներդ պատմել, ապա կոմիքսի մի էջով տանը նստած կարող ես ամբողջը ներկայացնել»:

Թումոյի վետերան, նկարչության դասընթացավար Շամիրամ Խաչատրյանի հետ հանդիպումը Կարինայի համար առիթ եղավ բացահայտելու կոմիքսների բազմազան աշխարհը. «Էն ժամանակ` 5 տարի առաջ, Երևանում կոմիքսներ ընդհանրապես չկային: Շամիրամի կոմիքսներով ես ծանոթանում էի համաշխարհային հեղինակների, օրինակ` Ջոան Սֆարի, Գիլեմ Բիանկոյի ու Մարջան Սատրապիի հետ: Շատ կուզեմ Հայաստանում էլ կոմիքսը տարածվի ու չասոցացվի միայն սուպերհերոսների հետ, որովհետև նկարազարդված նովելներով կարելի է անգամ փիլիսոփայական գաղափարներ հաղորդել, դինամիկա ցույց տալ և այլն»:

2016-ին մեկնարկեց «Նետոյի առասպելը» մոբայլ խաղի ստեղծագործական թիմի ձևավորման ժամանակը, որը Կարինայի համար որոշիչ դարձավ: Նկարչության արդեն 3-րդ մակարդակի ուսանող Կարինային Շամիրամը առաջարկեց բաց չթողնել թիմի անդամ լինելու հնարավորությունը: Այստեղ Կարինան լսեց «կոռուպցիա» տերմինը ու սկսեց բացահայտել այն. «Սկզբում, որ լսեցի կոռուպցիայի մասին, Վիքիպեդիայում ամեն ինչ կարդացի ու հասկացա, որ էդ մեր իրականությունից է: Ես էլ եմ, իհարկե, բախվել դրան, ու, երևի, բոլորս էլ անընդհատ խնդիր ունենում ենք կոռուպցիայի տարբեր դրսևորումների հետ: Կարևոր է իմանալ ինչ է այն»: Այսպես նա դարձավ ստեղծագործական մեծ խմբի անդամ. «Թումոն ընդլայնում է հնարավորությունների դաշտը աշխարհի սահմաններով, ու հասկանում ես, որ հաջողության համար ոչ թե գեները կամ ֆինանսական վիճակն են կարևոր, այլ այն, որ անընդհատ աշխատես քո սիրած ոլորտում ու ինչին ուզում ես` կհասնես: Այն համ էլ հարթակ է ստեղծում քո նման էնտուզիաստների հանդիպելու ու շփվելու համար»:

Կարինայի Թումո-ճանապարհը շարունակվում է. Այժմ էլ նա միացել է Թումոյի առաջին ստարտափին` Yelling անիմացիոն ստուդիային:

ՄԻ ՓԱՍՏ

Կարինայի մազերի գույնը հաճախ փոփոխվում է` կարմիրից մանուշակագույն, վարդագույնից կապույտ: Իր մեկնաբանությամբ` ամեն անգամ նոր կերպար լինելը անակնկալի նման բան է, դու էլ չգիտես ինչի կարող ես վերածվել, ու դրա բացահայտումը միշտ հետաքրքիր է: Այս հակումը նաև հավանաբար կապված է նրա հետ, որ նա ժամանակին ուսումնասիրել է ֆիլմերի դիմահարդարման` գրիմի տեխնիկաները: