ԿԱՏՎԻ ԲԱԽՏԸ
Շը՛խկ, անդուր ձայնով փակվեց դուռը: Հիմա ես ազատ եմ: Օ՜, շնորհակալ եմ մեծն Բաստ: Վերջապես անդուր պառավ Պոլլին գնաց խանութ: Վերջերս լրիվ է ուղեղը թռցրել: Հա, մոռացա ներկայանալ. ես Ածուխն եմ, աշխարհի հարյուրավոր սև կատուներից մեկը: Անունս ինձ տվել է Պոլլիի ոչ բարով վարձակալը` Կարո կոչեցյալը ( իրականում ձրիակեր ապուշի մեկն է): Երկու տարուց ավելի վարձով ապրում է Պոլլիի տան սենյակներից մեկում: Բակի թաղային հեղինակություններից է: Մինչ մեզ մոտ գալը բավականին ապահովված կյանքով է ապրել, բայց մի “պայծառ” ամառային օր գնում է խաղատուն… Դե, մնացածը բադին էլ է պարզ: Հիմա ապրում է մեզ հետ: Տանը համարյա չի լինում, օրվա մեծ մասը անցկացնում է այսպես կոչված «բեսեդկայում»՝ տեղի անբանների հետ: Իսկ երբ բարեհաճում է տուն գալ, արդեն շատ ուշ է լինում: Ինձ մեկ-մեկ թվում է, որ Պոլլին դրան ինձնից շատ է սիրում: Հատուկ նրան նախաճաշ պատրաստելու համար առավոտ շուտ է արթնանում: Իսկ երբ Կարոն քնում է ,երկար նստում է գլխավերևում ու նայում քնածի դեմքին: Նրա պահվածքը բավականին տարօրինակ է տարեց կնոջ համար. չնայած կյանքում ամեն ինչ հնարավոր է: Չգիտեմ՝ մայրական բնա՞զդ է, թէ ուշացած սեր, բայց դա ինձ համար ուղղակի զզվելի է:
Ահա մոտենում է ժամը վեցը: Այս ժամին Կարոն բարձրանում է հաց ուտելու: Լավ է թաքնվեմ. դեմքը տեսնելու ցանկություն չունեմ: Ընդհանրապես ես նմանատիպ մարդկանց չեմ սիրում՝ ի տարբերություն իմ տիրուհու: Եթե նրա փոխարեն լինեի, դրա նման բարձրագույն կրթություն չունեցող անվստահելի մարդուն տանս շեմը անգամ անցնել չէի թողնի, բայց ես կատու եմ, ու Պոլլիին իմ կարծիքը չի հետաքրքրում:
Ահա երկուսով հետ եկան տուն: Պոլլիի ճահճագույն աչքերը փայլփլում էին: Նորից կերս մոռացել է գնել. արդեն երրորդ անգամն է: Եթե այսպես շարունակվի, ես սովամահ կլինեմ:
– Վերջին նորությունն իմացա՞ր: Մեր դիմացի բնակարանը գնել են գոռոզյանները, – աշխույժ ձայնով ասաց Պոլլին:
– Հա, իմացա…
Ու այսպես այս երկուսը երկար կբամբասեին վերջին քաղաքական նորություններից, եթե ես չսկսեի ճանկռոտել Պոլլիի սովետից մնացած վարագույրները, որպեսզի պառավը ինձ ուշադրության արժանացնի: Սակայն իմ անսովոր արվեստի գործը մնաց չճանաչված. Պոլլին շատ զբաղված էր Կարոյին ճաշ տաքացնելով…
– Միա՜ու, միա՜ու, միաաաաաուուո՜ւ- սկսեցի մլավել: Սոված եմ: – Դե ձենդ կտրի՛ր, անուղե՛ղ կենդանի: Պո՛լ, մի հատ սրան հանգստացրո՛ւ: – Վա՜յ: Տես՝ էս անպետքը ինչ է արել վարագույրս: Ածո՛ւխ, զզվեցրեցի՛ր, վաղը կտանեմ ստերջացնելու:
– Հա՛, տար, պրծնենք դրանից:
Լավ, Կարո՛ տղա: Ինձ հետ դեռ այսպես չէին խոսել: Դե տե՛ս՝ ինչ եմ անելու: Գնացի, դրա՝ բեսեդկայում կռացած նստելուց մաշված, հայրենական արտադրության, Կարոյի պնդմամբ, մաքուր կաշվից պատրաստված կոշիկների մոտ: Դե մնացածը ամաչում եմ պատմել… Գիտեմ, որ Կարոյի դուրը շատ եկավ: Հաջորդ օրը նա բարձր գոռաց ու սկսեց հայհոյել: Բայց ես հասա իմ ուզածին, ու նա վերջապես նետեց այդ կոշիկները աղբարկղը ու ժամը վեցին հետ եկավ տուն՝ մի տոպրակ ձեռքին: Առել էր Եղվարդի բոթասներից: Ներս գալուն պես ոտքով հրեց ինձ ու գնաց խոհանոց:
Հանկարծ լսեցինք մի ավտոմեքենայի ձայն, ու Պոլլին միանգամից պատուհանից կախվեց, որ տեսնի, թե ով է եկել:
– Կար՛ո, գոռոզյաններն են եկել: Դրանք քսան տարուց ավելի ապրել են Մարսելում: Մի տարի է՝ Հայաստանում են: Լավ էլ ունևոր են: Ընտանիքի հայրը անընդհատ բարեգործություն է անում: Աղջիկն էլ է հորը օգնում. հաշվապահն է: – Ասում ես՝ ունևոր է ու մի աղջիկ ունի, հա՞…
– Հ՛ա… Տան միակ երեխան է:
– Պա՜րզ է:
Հաջորդ օրը տեսնեմ, որ Կարոն պահարանից հանեց ցեցոտ կոստյումն ու հագավ իր բոթասների հետ: Շախմատը դրեց թևի տակ ու գնաց բեսեդկա: Պոլլին, տեսնելով սրան, զարմացավ, բայց ասաց, որ գեղեցիկ տեսք ունի:
Բեսեդկայում Սիմոն պապի հետ սկսեց շախմատ խաղալ: Նոր հարևանի դուստրը իր թեթև քայլվածքով անցավ նրանց մոտով:
Երկու ամսից ավելի Կարոն հետևեց գոռոզյանների դստերը: Մի օր մոտեցավ նրան, սկսեց խոսել: Աղջիկը ուր գնում էր, սա շան նման գնում էր հետևից: Հաճոյախոսում էր, նույնիսկ Տերյան էր արտասանում, բայց, իզուր. աղջիկը նրան մերժում էր: Վերջը հավաքած փողերով գնեց մի մատանի ու գնաց սրանց տուն: Պոլլին այդ մասին իմանալով՝ ուշագնաց եղավ ու երկու օրից մահացավ…
Ես մնացի Կարոյի հույսին: Այն չարաբաստիկ օրը գոռոզյանները մերժեցին Կարոյին: «Դուք մեր աղջկան սազական չեք: Մենք նրա համար լավ ապագա ենք պատրաստել: Դուք կկործանեք նրա կյանքը»,- ասել էր աղջկա հայրը: Պոլլիի թաղումից հետո Կարոն սկսեց պարապել: Վեց ամիս անց ընդունվեց համալսարան: Որքան էլ զարմանալի է, Կարոն հավաքել էր անցողիկ բալը: ԵՎ դուք ուզում եք ասել, որ սա այն Կարոն էր, որ ակնոց կրող մարդկանց անվանում էր «աչկառիկ», իսկ գիրք կարդացողներին՝ «գրքի կռիս»: Ես ինքս չեմ հավատում, բայց այդ մարդը նույն Կարոն էր:
Որոշ ժամանակ անցավ…
Կարոն գնաց հաստատեց կտակը: Փաստորեն, Պոլլին, ինձ թողած, ամեն ինչ կտակեց այդ երիտասարդին:
Նոտարից հետ եկավ լայն ժպիտով, դե ինձ էլ նմանատիպ կտակ թողնեին, ես էլ երջանիկ կլինեի: Կարևորը հիմա ես կուշտ փորով հաց եմ ուտում, մնացածը ինձ հետաքրքիր չէ:
Վեց տարի քրտնաջան աշխատանք կատարեց. առավոտյան համալսարանում էր, երեկոյան` գործարանում: Բանվորի աշխատանքը լրիվ ազդել էր առողջության վրա: Նիհարել էր, դեմքին գույն չկար: Նրա նպատակը հետ գնալն էր հայրենի քաղաք ու գոռոզյանների ըմբոստ ընտանիքին ապացուցելն էր, որ սովորական մարդն էլ իր աշխատանքով կարող է հասնել բարձունքի:
Ավարտեց ուսումը ու գնացինք հայրենի քաղաք: Բակը մտնելուն պես քյառթու ընկերները քաշեցին տարան բեսեդկա: Կարոն ինձ գրկած գնաց այնտեղ: Առաջին անգամ էի այդ վայրում, բայց լավ է ինը կյանքերիցս մեկը տայի, քան թե մտնեի այդտեղ: Անդուր հոտ էր գալիս այդտեղից, ոնց որ տասը օրվա մեռած մարդու վրա դնեին նեխած պանիր: Ֆու՜…
Սկսեցին խոսել վերջին վեց տարվա դեպքերից: Պատմեցին իրենց կյանքերից: Մի հինգ ժամ խոսեցին: Ես ինձ վատ զգացի ու սկսեցի ուժեղ մլավել: Կարոն պատճառաբանեց, որ ես սոված եմ, ու մենք բարձրացանք Պոլլիի տուն: Տունը համարյա չէր փոխվել, միայն փոշոտվել էր: Նույնիսկ իմ ճանկռոտած վարագույրները կային: Է՜հ…
Կարոն գիշերը չքնեց: Երկար մտածեց: Ես էլ նրա հետ չքնեցի: Առավոտյան գնաց գոռոզյանների տուն: Դուռը բացեց ընտանիքի մայրը: Նրա զարմացած աչքերը խոսեցին իր փոխարեն: Ուշադիր զննեց նրան ու ներս հրավիրեց: Կարոն նստեց լավ կահավորված սենյակում: Ներս մտավ պարոն Գոռոզյանը ու սկսեց խոսել Կարոյի հետ:
– Դու այն բեսեդկայի պատանյակը չե՞ս, որ եկել էիր աղջկաս ձեռքը խնդրելու: – Հա՛, ես էի: Ու իմ առաջարկը ուժի մեջ է:
– Դե, որ այդպես է, մենք էլ դեմ չենք: Ջանի՛կս, նե՛րս արի,- կանչեց աղջկան: Մինչև հիմա հիշում եմ Կարոյի դեմքը. ասես օպերա երգող թութակ տեսած լիներ: Պարզվեց, որ աղջիկը վեց տարի առաջ աստիճաններից վայր էր ընկել, ու աչքերը շլացել էին……
Օրվա հիմնը
Արև, սարեր ու ձորեր,
Լիքը աբստրակտ նկարներ, Ալբինոսի սև մազիկ,
Վառ ու պայծառ երազիկ։
Ստից կապտած լեզուներ, Անեծք թափող տատիկներ Մուննաթ, ժպիտ, քյառթուներ, Գյումրու ծխված փողոցներ։
Սա է վիճակն այսօրվա, Վաղն էլ ուրիշը կգա։
Ժպտա, դու, բարի՛ ընկեր, Անցիր գնա ճաշդ կեր։