Դինա Եղիազարյան. կատարյալին ձգտող թումոյական ուղի

Դինա Եղիազարյան. կատարյալին ձգտող թումոյական ուղի

Դինա Եղիազարյանին կհիշեք 2020-ի այս բլոգից, որտեղ նա խոսում է Թումո Շավիղի մասին: «Թումո շավիղը շարժվում է ժամանակին համընթաց: Ոգևորված եմ, տեսնես հաջորդ փոփոխությունն ի՞նչ է լինելու», – ասում էր Դինան 2020-ին: Այդ օրվանից Դինան շատ երկար ճանապարհ է անցել: Իր հետաքրքրությունները բացահայտող 15-ամյա պատանուց` մինչև արդեն երկամյա մասնագիտական փորձ ունեցող 18 տարեկան գրաֆիկ դիզայներ: Եկեք տեսնենք, թե որն էր նրա հաջողության գաղտնիքը և ինչ կապ ուներ Թումոյի Շավիղը այդ ամենի հետ։

2017-ի հոկտեմբերին Դինան որոշեց ընդունվել Թումո, և նրա առաջին ընտրություններն էին անիմացիան, գրաֆիկական դիզայնը, նկարչությունը և բոլոր մյուս «արվեստոտ» ոլորտները, որոնք առաջարկում է Թումոն: Ազատ ժամանակ նկարելը նրա սովորություններից էրդեռ մինչև Թումոն, բայց ամեն ինչ ավելի հետաքրքրացավ, երբ պարզվեց, որ այստեղ ամեն ինչ նկարելու է թվային ձևաչափով։ Դինան շատ էր զարմացել, երբ դասընթացավարը մատիտների կամ ներկերի փոխարեն իր առջև պլանշետ դրեց:

Հենց այդ պահից սկսվեց նրա երկար ու գլխապտույտ պատմությունը թվային արվեստի և շարժական գրաֆիկայի աշխարհում։ 2019 թվականի մարտին գրաֆիկական դիզայնի առաջին մակարդակի դասընթացի ժամանակ նա հասկացավ, որ կարող է կարիերա կառուցել միաձուլելով ստատիկ և դինամիկ դիզայներական ոճերը: Դինան հետաքրքրված էր ոչ միայն պոստերների ստեղծմամբ, այլև ցանկանում էր վերակենդանացնել դիզայնի տարրերը: Ահա թե ինչու նա որոշեց անցնել Թումոյի շարժական գրաֆիկայի դասընթացի բոլոր երեք մակարդակները:

Դինայի` շարժական գրաֆիկայի երրորդ մակարդակում թիմակիցների հետ ստեղծած աշխատանքը

Դանդաղ, բայց հաստատուն քայլերով, նա կատարելագործվեց դասընթացներում և աշխատարններում, սկսեց ստեղծել դիզայն և նկարազարդումներ ընկերների և ընտանիքի անդամների համար: Ինչից հետո, նա գրանցվեց ֆրիլանսերների համար նախատեսված կայքերում և սկսեց ընդունել գրաֆիկական դիզայնի պատվերներ մի շարք ընկերություններից և անհատներից աշխարհի տարբեր երկրներից:

Դինան SCAD-ի գրաֆիկական դիզայնի ամբիոնի փոխտնօրեն Սեմ Էքերսլիի` արտադրանքի փաթեթավորման դիզայնի աշխատարանում

Դինան աշխատել է Երևանում հաստատված մի թիմի հետ և ստեղծել գովազդային նյութեր և անիմացիաներ քաղաքի հայտնի ռեստորանների համար։ Նա նույնիսկ որոշել է մեկ քայլ առաջ գնալ և ուժերը փորձել վեբ դիզայնում և արդեն իսկ անցել է Թումոյի վեբ դիզայն  դասընթացի առաջին մակարդակը:

Տեսնենք, թե ուր հասցրած կլինի նրան թումոյական շավիղը, երբ հաջորդ անգամ հանդիպենք: