Ծրագրավորման ու պոեզիայի բանաձևը

Ծրագրավորման ու պոեզիայի բանաձևը

Ի՞նչ է անում միջին վիճակագրական 17 տարեկան տղան մեկ օրում։ Համալսարան է գնում, ռոբոտներ ստեղծում, ծրագրավորմամբ զբաղվում, դասավանդում է։ Լավ, համաձայն ենք, թումոցի Տիգրան Սերոբյանը այդքան էլ չի տեղավորվում «միջին վիճակագրական» սահմանման մեջ։

img 5886 - Ծրագրավորման ու պոեզիայի բանաձևը

Եթե 5 տարի հետ գնանք, կտեսնենք նոր Թումո ընդունված Տիգրանին: Պլանավորածի պես նա սկսում է զբաղվել ծրագրավորմամբ, կայքերի մշակմամբ և ռոբոտաշինությամբ: Բայց իր հետագա հաջողությունները ստեղծագրության ու երաժշտության ոլորտներում այդքան էլ պլանավորված չէին:

tigran.serobyan - Ծրագրավորման ու պոեզիայի բանաձևը

Տիգրանի աշխատանքը Թումոյի գրաֆիկական դիզայնի դասընթացից

Մի քանի տարի առաջ նա մասնակցում էր Թումոյի Վահէ և Լյուսի մրցույթին, իսկ այս տարի նա արդեն ժյուրիի անդամ էր. «Իրականում, ընտրելը հեշտ չէր: Թույն աշխատանքներ շատ կային: Ոգևորված էի շատ: Երբեմն այնպիսի լուծումներ էի տեսնում, որ հետո ինքս էի փորձարկում, որ պատկերացնեի, թե ինչպես է ծրագիրը աշխատում»:

Տիգրանը 14 տարեկան էր, երբ ստացավ իր առաջին  աշխատանքային առաջարկը: Անհրաժեշտ էր իր դպրոցում արձակուրդների ընթացքում ռոբոտաշինություն դասավանդել փոքր դասարանի աշակերտներին. «Սիրում եմ այն խմբերը, որտեղ քիչ, բայց հետաքրքրասեր ուսանողներ եմ ունենում, ովքեր այնպիսի հարցեր են տալիս դասի ընթացքում, որ ստիպված եմ լինում գնալ և տանը երկար բզբզալ: Ես իրենց եմ սովորեցնում, իրենք՝ ինձ»:

Բայց Տիգրանի ամենահետաքրքիր աշխատանքն է եղել իր իսկ ուսուցիչներին դասավանդելը։ «Դպրոցում նոր նախագիծ էր՝ «Սովորող-սովորեցնող», որի ընթացքում ուսուցիչներին սովորեցրի Scratch ծրագրավորման լեզուն: Շատ հավես էր տեսնել, թե ինչպես են ուսուցիչները երբեմն անում այն նույն «չարաճճիությունները », որոնց համար մեզ վրա այդքան բարկանում էին»:

img 2583 - Ծրագրավորման ու պոեզիայի բանաձևը

Այսօր Տիգրանը համալսարանաում սովորելուն համատեղ Scratch, HTML, CSS լեզուներն է դասավանդում ծրագրավորման դպրոցում: «Ո՞րն է բանաստեղծի և ծրագրավորողի  ընդհանրությունը: Ես այդ ընդհանրությունը գտա երբ մարզչիս խորհրդով մասնակցեցի ստեղծագրության դասընթացին: Դու գիտես տառերը, կարողանում ես բառեր ու նախադասություններ կազմել: Բայց դա դեռ բանաստեղծություն չէ, դու էլ դեռ բանաստեղծ չես: Որպեսզի բառերը դառնան բանաստեղծություն, դրանց հետևում պիտի գաղափար դնես դառնա բանաստեղծություն անհրաժեշտ է միտք, որը ծնվել է ավելի շուտ քան քո ասածի հնչյունները:

img 6501 - Ծրագրավորման ու պոեզիայի բանաձևը

Շատերին թվում է, որ եթե կարող ես կոդ գրել, որ համակարգիչը քեզ հասկանա և կատարի հրահանգդ, ուրեմն դու ծրագրավորող ես: Ինձ համար դա այդպես չէ: Ծրագրավորմանն էլ է պետք ստեղծագործ ձևով մոտենալ: Ունենալ գաղափար, միտք ձևակերպել ու հետո նոր իրագործել միտքդ՝ գտնել տեխնիկական լուծումներ: 

Կոդ աշխատեցնել միշտ էլ հնարավոր է, բայց թե ինչ միտք է դրված նախագծիդ հիմքում, այ դա է բարդ։