Թումոցի Արթուրը` խաղի և իրականության զուգահեռներում

1 1 - Թումոցի Արթուրը` խաղի և իրականության զուգահեռներում

Արթուր Պետրոսյան, 19, Գյումրի

Ցանկացած խաղի առաջին level-ի նպատակն է օգնել հերոսին բացահայտել սեփական կարողություններն ու խաղի մեխանիկան: Արթուրի համար առաջին level-ը սկսվեց 2016-ին, երբ ընկերներից իմացավ Թումո Գյումրիի մասին: «Սկզբի օրերը շատ անսովոր էին: Առաջին անգամից չկարողացա խաղերի դասընթացին մասնակցել, ու քանի որ ահագին փոքր էի, շատ հուսահատվել էի: Հետո ծրագրավորման դասընթացին ընկա: Ու ամեն ինչ փոխվեց. ծրագրավորում, ռոբոտաշինություն, նորից խաղեր, ու տարվեցի խաղերով»:

Արթուրի՝ դեռ Թումոյի տարիներին ստեղծած խաղերը հիմա էլ հասնելի են Google Play-ում: Հարցին, թե ինչ զգացողություն է, երբ ուրիշը քո մշակած խաղն է խաղում, պատասխանում է ժպիտով՝ «Կախված, թե ինչ review կթողնի»: Արթուրը նպատակ ունի ապագայում գլոբալ մի խաղ մշակել, որը ճանաչում կբերի Հայաստանին ու կոգեշնչի հայկական մյուս ընկերություններին:

Արթուրի ստեղծած խաղերից` The Pyramid Mystery-ն

Ըստ Արթուրի՝ խաղը պիտի կյանքից ոգեշնչված լինի: «Եթե նայենք հայտնի խաղերին, խորանանք դրանց սյուժեի, gameplay-ի մեջ, կտեսնենք, որ դրանք բոլորը մի ինչ-որ նրբություն ունեն, որը հասկանալու դեպքում շատ բան ես սովորում ինքդ քո ու մյուսների մասին: Անգամ երևակայական աշխարհներում տեղի ունեցող խաղերը հաճախ շոշափում են մարդկային էության, հարաբերությունների հարցեր, որոնք քեզ ստիպում են մտածել դրանց շուրջ ու հետագայում քո կյանքի իրավիճակներն այլ անկյան տակ տեսնել»: Ու թեև կյանքում չկան checkpoint-ներ ու նույն level-ը կրկնելու հնարավորություն, փոխարենը կան հերոսներ, որոնք ուղղորդում ու աջակցում են քեզ դրա տարբեր փուլերում: «Թումոն էլ նման հերոս է, որն ինձ օգնեց գտնել ու սիրել այն, ինչը հիմա մասնագիտությունս է: Թումոյում անցկացրած 5 ու կես տարին շատ կարևոր փոխակերպումների փուլ էր ինձ համար: Մինչև հիմա կապի մեջ եմ որոշ դասընթացավարներիս հետ, իսկ Գյումրիի Թումոյի հանդեպ առանձնահատուկ կապվածություն ունեմ»:

1 1 1 - Թումոցի Արթուրը` խաղի և իրականության զուգահեռներում

Արթուրը Թումո Գյումրիում` «Կառուցենք դրոններ» աշխատարանում, 2019

Արթուրը Գյումրիից տեղափոխվել է Երևան՝ համալսարանում սովորելու: Հենց սկզբից որոշել էր, որ նաև աշխատելու է, այնպես որ առանց ձգձգելու ընդունվեց The Software Development Company (SDC)՝ որպես ծրագրավորող: Թեև սիրում է ծրագրավորումը, չի պատրաստվում մի ուղղությամբ սահմանափակվել ու խաղերի ոլորտը թողնել: Թումոյում ամենատարբեր դասընթացների գնալով (անիմացիայից, 3D-ից մինչև JavaScript)` եկել է այն համոզման, որ անգամ որևէ բնագավառում խորանալու դեպքում պետք չէ անտեսել մյուսները: «Խաղերի կարևոր կանոն է, որ հերոսիդ տարբեր կողմերը հավասարաչափ զարգացնես, այլ ոչ թե միայն մի հմտության վրա կենտրոնանաս: Դրա շնորհիվ և՛ դիմացկունությունդ է բարձրանում, և՛ պատրաստ ես լինում ամենատարբեր մարտահրավերներին»: