Լուսինե Զորյան, 21 տարեկան, Թումո Երևանի շրջանավարտ
Գտնվելով Ֆրանսիայի Նանտ քաղաքում` Թումո Երևանի շրջանավարտ Լուսինե Զորյանը միշտ հիշում է Թումոյում անցկացրած իր տարիները: Այս պատմությունը սկսվեց, երբ մենք ստացանք Լուսինեի էլեկտրոնային նամակը, որտեղ նա ցանկություն էր հայտնել կամավոր դառնալ Լիոնի և Փարիզի մեր կենտրոններում:
Լուսինեի` Թումոյին ուղղված նամակը, մարտ, 2022
Մինչ թումոցի դառնալը Լուսինեն ակտիվ զբաղվում էր լուսանկարչությամբ, նվագում էր դաշնամուր, իսկ արդեն Թումոյում հմտանում էր դրանցում, ինչպես նաև նոր ոլորտներում` ընտրելով դրանցից ամենաստեղծագործները` երաժշտություն, նկարչություն, լուսանկարչություն և ստեղծագրություն:
Հենց նկարչության և ստեղծագրության դասընթացներին էր, երբ Լուսինեն բացահայտեց ուսումնասիրելու արժանի էլ ավելի շատ ոլորտներ: Նա մասնակցեց ոչ միայն այս երկու դասընթացների բոլոր երեք մակարդակներին, այլև տեղական ու միջազգային մասնագետների անցկացրած աշխատարաններին: «Թումոն առաջին վայրն էր, որ ինձ ծանոթացրեց միջավայրի բազմազանությանը, ինչն ինձ հետագայում օգնեց արագ հարմարվել համալսարանական կյանքին»,– մտաբերում է Լուսինեն:
Կենդանիներին հաղորդենք կերպարներ աշխատարանում, 2016
2017 թվականին Լուսինեն սկսեց իր ակադեմիական կրթությունը` ընդունվելով Հայաստանի ամերիկյան համալսարանի Անգլերեն և հաղորդակցություն բաժինը: Իր ավարտական նախագծի վրա աշխատելու հետ միասին նա նաև մասնակցում էր Թումոյում Կոլումբիայի համալսարանի կազմակերպած ստեղծագրության աշխատարանին:
Իր ավարտական նախագծի ընթացքում նա հարցազրույցներ վերցրեց երեք հայ պատանիներից` տարբեր վայրերի ու նրանց մասնագիտական ընտրությունների միջև կապը գտնելու նպատակով: Այդ պատանիներից էր թումոցի Մարիամ Առաքելյանը, ով հարցազրույցի ժամանակ նկարագրել էր իր անձնական և մասնագիտական աճը որպես Թումոյի ուսանող: «Կոլումբիայի համալսարանի աշխատարանին մասնակցությունն ինձ նաև օգնեց իմ ավարտական նախագծի հարցում: Աշխատարանի ղեկավարներն ինձ հուշեցին` ինչպես ներկայացնել ստեղծարար հարցազրույցը` չվերածելով այն գեղարվեստական պատմության, և Թումոյի հետ իմ կապի վրա հիմնված հետազոտությունը»,-պատմում է Լուսինեն:
Լուսինեն Թումոյում, 2017
Այժմ Լուսինեն Ֆրանսիայի Նանտ քաղաքում է, որտեղ մագիստրոսական կրթություն է ստանում մեծ հեղինակություն ունեցող Աուդենսիա բիզնես դպրոցի Մարքեթինգի և մենեջմենթի ֆակուլտետում: Լուսինեն դեռևս չգիտի` ինչով է զբաղվելու համալսարանն ավարտելուց հետո, սակայն վստահ է, որ պիտի կապված լինի կրթության ոլորտի հետ: «Հիմա, երբ անցնում եմ Թումո Փարիզի կողքով, մեծ հպարտություն ու ջերմություն եմ զգում սրտումս որպես Թումո ընտանիքի ակտիվ անդամ։ Հուսով եմ՝ մի օր ես էլ նման մեծ նախագծի վրա կաշխատեմ»: