Երբ խոսքը Ստեփանակերտի թումոցի 16-ամյա Մերի Մկրտումյանի մասին է, առաջին բանը, որ ասում են՝ «հին թումոցի է»։
-Ֆիլմեր շատ էի սիրում ու պատկերացրեք իմ ուրախությունը, երբ Թումոյում հանդիպեցի ինձ նման կինոսերների։ Իսկ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի աշխատարանին հայտնվելն ընդհանրապես ֆանտաստիկայի ժանրից էր։ Ջիվանը մեզ «մեծավարի էր» վերաբերվում` ինչպես նկարահանման թիմի անդամի, այլ ոչ որպես անփորձ ուսանողների։ Դա, իհարկե, մեծ փորձառություն էր,- խոստովանում է Մերին։
Դասընթացների, մասնավորապես` աշխատարանների ու հատուկ ծրագրերի հարցում Մերիի բախտը բերել է։ «Լավաշ» խոհարարական գրքի ստեղծման հատուկ նախագծի շրջանակներում նա Թումո Ստեփանակերտի այն երկու հաջողակ ուսանողներից էր, ովքեր մեկնեցին Մեղրի՝ լուսանկարելու արքայանարնջի (կառալյոկի) չրի ընթացքն ու ավանդույթը։ Իհարկե, նաև համտեսեցին Մեղրիի համեղ չրեղենն ու արևադարձային մրգերը։
-Մեր տեսած Մեղրին կինոյի էր նման։ Պատշգամբները զարդարված էին արքայանարնջի չրերի վարգույրներով։ Լույսն էլ էնքան սիրուն էր։ Շատ հավես նկարներ ստացանք,- հիշում է Մերին։
Մերին խոստովանում է, որ Թումոյում նա ձեռք է բերել իր համար շատ կարևոր մի բան՝ ինքնավստահություն, ինչն էլ օգնել է իրեն իրականացնել երազանքն ու ընդունվել Դիլիջանի UWC միջազգային դպրոցը։
-Եթե մինչ այդ ես չէի հավատում իմ ուժերին, որ կարող եմ ինչ-որ բան ստեղծել իմ ձեռքերով, Թումոն օգնեց ինձ հավատալ իմ ուժերին։ Արդեն այս օգոստոսին պետք է Դիլիջան տեղափոխվեմ։ Ճիշտն ասած` մի քիչ դժվար է թողնել Թումոն, թումոցի ընկերներիս ու դասընթացներս։
ՄԻ ՓԱՍՏ
Փոքր ժամանակ Մերին երազում էր կախարդական պահարանի շնորհիվ Իտալիայի Նարնի քաղաքում հայտնվել։ Այսօր նա խոստովանում է, որ գտել է իր «Նարնին»՝ Դիլիջանը։ Բնությունը նույքան սիրուն է, և ամենակարևորը` ձմռանն առատ ձյուն է լինում և կարելի է անվերջ ձնագնդիկ խաղալ։