Այսօր Թումո Երևանում հայտարարվեց Թումոյի նոր մարզային «Թումո-տուփ» ծրագրի մեկնարկը, ինչպես նաև Դիլիջանում կրթական ծրագրի ընդլայնումը: Միջոցառման ընթացքում փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց Տավուշի մարզպետարանի հետ` Բերդ քաղաքում տեղադրվող առաջին Թումո-տուփի տրանսպորտային աջակցության վերաբերյալ: Նախագծի մեկնարկի մասին հայտարարեցին Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը, Ամունդի-ԱԿԲԱ ընկերության տնօրեն Ժան Մազեջյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ՀՀ Կենտրոնական բանկի փոխտնօրեն Ներսես Երիցյանը: Միջոցառմանը ներկա էին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ԱԺ պատգամավորներ, Տավուշի և Արարատի մարզպետները, ներկայացուցիչներ մարզպետարաններից և համայնքապետարաններից:
«Թումո-տուփ» նախագիծը հնարավորություն է տալիս առանց շինարարական մեծ ծախսերի փոքր համայնքների պատանիների համար հասանելի դարձնել Թումոյի կրթական ծրագիրը՝ միևնույն ժամանակ ապահովելով նրանց կրթական տարածքով: Թումո-Տուփի գաղափարի մշակման և ներդրման գործում նշանակալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկը: Թումո-տուփը հեշտ տեղաշարժվող, սակայն տեխնիկապես հագեցած մինի-Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում, և ծառայել որպես Թումոյի ինքնուսուցողական տարածք տեղի պատանիների համար։ Անցնելով ինքնուսուցման ընթացքը իրենց տեղական Թումո-տուփում` ուսանողները մասնագիտացված դասընթացների փուլում ուղևորվում են մոտակա մեծ կենտրոն` Թումո հանգույց:
Առաջին Թումո-տուփը` Ամունդի-ԱԿԲԱ ընկերության հետ համագործակցությամբ, ինչպես նաև Hayg Foundation հիմնադրամի նվիրատվությամբ մեկնարկում է Բերդ քաղաքում: Բերդի և մոտակա բնակավայրերի ուսանողները գործնական դասընթացները կանցնեն Թումո Դիլիջանում, որը կվերածվի կրթական հանգույցի: Թումո-տուփը հնարավորություն կտա տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 250 պատանիների:
«Երբ Ամունդի-ԱԿԲԱ-ն որոշեց ԿՍՊ մշակույթ ներդնել, որպես ոլորտներ ընտրվեցին կրթությունն ու մշակույթը: Արդյունքում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին որպես գործընկեր ընտրելը շատ բնական էր, քանի որ վերջինիս գործունեությունը լիովին կենտրոնացած է երկրի երիտասարդության շուրջ՝ օգնելով նրանց լիարժեք ինտեգրվել նոր տեխնոլոգիաների աշխարհում» – նշում է ընկերության տնօրեն Հովիկ Մազեջյանը:
Այսպիսով, Դիլիջանի Թումո կենտրոնը նույնպես կընդլայնվի` ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցության շնորհիվ վերածվելով ոչ միայն կրթական հանգույցի, այլև հանրային տարածքի: Վերանորոգման և արդիականացման աշխատանքների արդյունքում շենքը հնարավորություն կունենա ընդունել ավելի մեծ թվով Թումո ուսանողների, ինչպես նաև կհատկացվեն տարածքներ խմբային և անհատական աշխատանքի, հանդիպումների և միջոցառումների անցկացման համար: Շենքում կգործի կինոթատրոն, դասընթացների և ինքնազարգացման համար հարմարեցված տարածքներ:
Բերդի Թումո-տուփի և Դիլիջանի Թումոյի միջև անհրաժեշտ կապը կապահովվի Տավուշի մարզպետարանի աջակցությամբ. միջոցառմանը փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց դասընթացների շրջանում Բերդի թումոցիներին հատուկ տրանսպորտային միջոց տրամադրելու վերաբերյալ:
«Կարծում ենք, սա Թումոյի կրթությունը բոլոր մարզերում հասանելի դարձնելու մեր առաքելությանն ուղղված ևս մի` հնարավորինս հաջողակ քայլ է, և դրա հաջողության գրավականն է մասնավոր ընկերությունների, պետական մարմինների և անհատ բարերաների միավորումը կրթության զարգացման գաղափարի շուրջ: Նման ձևաչափով նախատեսում ենք մեր ծրագիրը ընդլայնել Արցախում և Շիրակում նոր Տուփերի և Ստեփանակերտի ու Գյումրիի կենտրոնների համագործակցությամբ, ինչպես նաև մոտ ապագայում` Մասիսում և Կողբում բացվող Թումոները նույնպես կվերածվեն կրթական հանգույցների: Հուսանք, բոլոր մարզերում կգտնենք ղեկավարների, գործընկերի և հովանավորների աջակցությունը», – ամփոփեց Մարի Լու Փափազյանը:
Բերդի Թումո-տուփը կսկսի գործել 2019-ի սեպտեմբերից` Թումոյի ինքնակրթական փուլ հրավիրելով առաջին 160 ուսանողներին: