Թումո տուփն արդեն Բերդ քաղաքում

Թումո տուփն արդեն Բերդ քաղաքում

Դեկտեմբերի 28-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, ՀՀ կենտրոնական բանկի, Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության և Հայգ հիմնադրամի համագործակցության շրջանակներում Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում բացվեց երկրորդ Թումո տուփը:

Բացման միջոցառմանը Թումոյին և Բերդի Թումո տուփի հովանավորներին միացան ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, Թումո շրջանավարտներ ու Տավուշի տուփի ապագա ուսանողներ:

berd box 5 1024x683 - Թումո տուփն արդեն Բերդ քաղաքում

Ողջունելով ներկաներին` Թումո կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը նշեց. «Թումո տուփի գաղափարը ծնվեց տարիներ առաջ, երբ Թումո Դիլիջանում Homeland Development Initiative Foundation-ի հետ Բերդի պատանիների համար անցկացրեցինք գրաֆիկական դիզայնի հատուկ դասընթաց, որի մասնակիցները ստեղծեցին մեղրի և հատապտուղների փառատոնի բրենդավորում: Ոգեշնչվելով մասնակիցների հաջողությամբ` մենք սկսեցինք աշխատել Հայաստանի և Արցախի փոքր քաղաքներում ու գյուղերում մինի-Թումոների ստեղծման և արդեն գործող մեծ կենտրոնների հետ դրանց միավորման գաղափարի վրա: Խորհրդանշական է, որ այսօր այս միջոցառմանը մասնակցում են նաև այդ դասընթացի մասնակիցները` ներկայացնելով իրենց աշխատանքի արդյունքերը»:

berd box 3 1024x683 - Թումո տուփն արդեն Բերդ քաղաքում

«Շնորհավորում եմ Թումո կենտրոնին, Բերդ համայնքի բնակիչներին Թումո տուփի բացման կապակցությամբ: Շատ կարևոր է մեր համայնքներում այսպիսի ենթակառուցվածքի առկայությունը: Այն հավելյալ հնարավորություններ է տալիս մեր երեխաներին այլընտրանքային կրթություն ստանալու, նոր տեխնոլոգիաներին ծանոթանալու և տեսնելու, թե ինչպես են այդ տեխնոլոգիաները փոխում աշխարհն ու տարբեր ոլորտներ` սկսած գյուղատնեսությունից մինչև պաշտպանություն»,- իր խոսքում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

berd box 4 1024x683 - Թումո տուփն արդեն Բերդ քաղաքում

Համագործակցությանն ու նախագծի կարևորությանը անդրադարձավ միջացառմանը ուղիղ կապով միացած Ամունդի-ԱԿԲԱ ընկերության տնօրեն Հովիկ Մազեջյանը. «Երբ մենք որոշեցինք սոցիալական պատասխանատվության մշակույթ ներդնել, որպես ոլորտներ ընտրվեցին կրթությունն ու մշակույթը: Թումո կենտրոնին որպես գործընկեր ընտրելը շատ բնական էր, քանի որ մեր նպատակներն այս ոլորտներում համընկնում էին: Որպես արդյունք մենք ունեցանք այս նոր մինի-Թումոն Բերդում` նոր հնարավորություններ բացելով համայնքի կրթական կյանքում»:

Թումո տուփ նախագծի նպատակը փոքր համայնքների պատանիների համար Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնելն է։ Այն փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է։ Ուսանողները՝ Թումո կրթական ծրագրի մաս կազմող ինքնուսուցման փուլը անցնելու են Տուփում, իսկ Թումոյի գործնական դասընթացների համար ուղևորվելու են Թումո Դիլիջան։ Յուրաքանչյուր Թումո տուփ հնարավորություն է տալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։ Բացի Թումոյի հիմնական ծրագրից, առավոտյան ժամերին Տուփը կարող է օգտագործվել այլ կրթական ծրագրեր իրականացնելու համար։

berd box 11 1024x683 - Թումո տուփն արդեն Բերդ քաղաքում

«Թումոյի ներկայությունը մեր մարզում ունի երեք առավելություն. մեկն այն է, որ կենտրոնն ինքն իրենով երկարաժամկետ զարգացման ծրագիր է և համայնքներում կրթության միջոցով փոփոխությունների առիթ է հանդիսանում, երկրորդը Տավուշի ու հատկապես Բերդի պատանիների ինժեներական, տեխնոլոգիական արդեն իսկ առկա ներուժի զարգացումն է, իսկ երրորդն էլ նոր կորպորատիվ մշակույթի ներմուծումն է` սկսած էսթետիկայից մինչև համայնքի ակտիվացումը»,- ընգծեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

berd box 2 1024x683 - Թումո տուփն արդեն Բերդ քաղաքում

«Կենտրոնական բանկը, ինչպես յուրաքանչյուր կորպորատիվ կառույց, ունի իր սոցիալական պատասխանատվությունը, և մենք Դիլիջանում որպես գործընկեր ընտրեցինք հենց Թումոյին` վստահելով կենտրոնի առաքելությանը: Այս առումով պետք է նշեմ, որ մեզ համար ամենակարևորը ստեղծագործ մտքի զարգացումն է մեր երկրում, որն իր հերթին շատ լուրջ հնարավորություններ կարող է բացել ապագայում»,- իր խոսքում նշեց ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Թումոն ետամուտ է մնալու մարզային զարգացմանը ուղղված իր ծրագրին. նախորդ շաբաթ Թումո տուփ բացվեց նաև Գավառում, իսկ 2021-ին նախատեսված է հիմնադրել Հայաստանի և Արցախի մի շարք այլ բնակավայրերում: 

Like
Like Love Haha Wow Sad Angry