Այս տարի լրանում է Թումո Ստեփանակերտի 5-ամյակը: Այդ առիթով փնտրում էինք բացմանը ներկա ու առաջին օրից Թումո այցելած ուսանողներից մեկին` հետաքրքրվելու նրա հետագա ճակատագրով ու վերհիշելու թումոյական օրերը: Գտանք 5 տարի առաջ այդ օրը վառվռուն աչքերով Թումոյում հայտնված, 19-ամյա Լաուրա Ավետիսյանին, ով այժմ սովորում է Լոնդոնի համալսարանական քոլեջում` UCL-ում:
Լաուրան` Թումո Ստեփանակերտի բացմանը
Չնայած Թումոյից ֆիզիկապես հեռու լինելուն` Լաուրան մինչ օրս պահպանում է կապը ու անգամ մասնագիտություն ընտրելու հարցում խորհրդակցում է իր նախկին դասընթացավարների հետ. «Թումոյում լիքը բան սովորեցի` երաժշտությունից մինչև նոր մեդիա, բայց մի աշխատարան կա, որը երբեք չեմ մոռանա: Ամերիկահայ հանրահայտ լուսանկարիչ Սքաութ Թուֆանկջյանի հետ 2016-ին շրջեցինք Արցախի այն համայնքներով, որտեղ HALO Trust-ը ականազերծման աշխատանքներ էր իրականացնում, նկարեցինք իրենց ու բնակիչներին, իսկ մեր արած գործը վերածվեց ցուցադրության ու ԱՄՆ-ում ականազերծման աշխատանքերի համար դրամահավաքին ծառայեց: Ես նախկինում վտանգի մասին միայն հեռվից էի լսել, իսկ այժմ ականատես եղա անմիջականորեն: Ինձ համար շատ կարևոր փորձառություն էր, իսկ Սքաութի նվիրվածությունը գործին շատ էր ոգեշնչում»,- պատմում է Լաուրան:
«Սքաութից մեկ այլ բան էլ սովորեցի»,- շարունակում է Լաուրան,-«Որոշեցի, որ մասնագիտություն ընտրելու առումով շատ չեմ մտածելու, այլ լսելու եմ ներքին ձայնիս: Ի վերջո, ես այն կարող եմ փոխել, երբ ցանկանամ, ինչպես արել է Սքաութը: Փաստացի երկուսս էլ քաղաքագետ ենք, բայց նա լուսանկարիչ է դարձել, իսկ ես միգուցե պրոֆեսիոնալ երաժիշտ դառնամ կամ օրինակ` իրավաբան: Սպասե՛ք, հենց նոր կարգախոս հորինեցի` թեթև նայել ոչ միայն կյանքին, այլ մասնավորապես` մասնագիտության ընտրությանը»:
Լոնդոնի համալսարանական քոլեջում կամ UCL-ում, որտեղ սովորելու դրամաշնորհը Լաուրան ստացել է որպես UWC դպրոցի լավագույն ուսանողներից մեկը, նրան ամենաշատը գրադարանն ու դրա հնարավորություններն են զարմացնում. «Առհասարակ, ինձ բախտ է վիճակվել առընչվել միայն անսովոր կրթական փորձառությունների հետ. Թումոյում գնահատականներ չկային, Թայլանդում` UWC դպրոցում ուսանելու ընթացքում` նույնպես, էլ չասած այնտեղի դասընկերներիս էթնիկ բազմազանությունը: Նույնն այժմ համալսարանում է. պարտադիր առարկաներ չկան` ինքներս ենք ընտրում, գնահատականներ գրեթե չկան, դասախոսները, դաս հարցնելու փոխարեն, քեզ պարզապես օգնում են հետազոտություններ իրականացնել: Այսքանից հետո սովորելուս ցանկությունը մեջս դժվար մեռնի»,- ծիծաղում է Լաուրան:
Լոնդոնցի քաղաքագետի երազանքներն իր կրթական ուղուց էլ ավելի տարօրինակ են: Նա փորձարկումներ է անում երաժշտության մեջ ու երազում է ալբոմ ունենալու մասին, իսկ մյուսի մասին թող հենց ինքն էլ պատմի. «Գործող օդանավակայան Ստեփանակերտում: Հա ի՛նչ: Այնքան եմ մտածել դրա մասին, որ քիչ է մնում երազումս տեսնեմ: Դուրս չի գալիս, որ Արցախն աշխարհից այդքան կտրված է, դա ազդում է մարդկանց հոգեբանության, մտահորիզոնի ու անգամ առողջության վրա: Տեսնեմ քաղաքագիտական գիտելիքներս ոնց եմ ծառայացնելու այդ նախագծին: Դրանում բազում դիվանագիտական ու քաղաքական մարտահրավերներ կան, իսկ դրանք ես սիրում եմ»,- հպարտությամբ ասում է Լաուրան: