Արցախում Մարտակերտի Թումո տուփի բացումը ամբողջական չէր լինի առանց Հայկի, ով թերևս բոլորից ամենաներկայացուցչական տեսքն ուներ միջոցառմանը: Հայկ Մաճկալյանը եկել էր Մարտակերտ, որ ծանոթանար տուփի նոր ուսանողների հետ, պատմեր նրանց ռոբոտաշինության սկզբունքներից ու ուրախանար նրանց ուրախությամբ: Արդեն չորս տարի է՝ Հայկը Թումո Ստեփանակերտի ուսանող է, հասցրել է մասնակցել ամենատարբեր դասընթացների ու աշխատարանների, բայց չի շտապում շրջանավարտ դառնալ: «Դեռ շուտ է»,- ասում է ծիծաղով, ուզում է առավելագույն գիտելիքը ստանալ Թումոյից:
Թումո ուսանող դառնալը Հայկը կանխորոշված է համարում. պատահական չէ, որ Ստեփանակերտի Թումո կենտրոնը բացվել էր իրենց տան մոտ: Պատմում է` ինչպես էր գալիս, նստում շենքի դիմաց ու մտածում էր` երբ է դառնալու 12 տարեկան, որ գրանցվի: Իսկ երբ վերջապես ընդունվեց, ամեն ինչ շատ հստակ էր: «Քանի որ փոքր տարիքից հիացած էի համակարգիչներով, առաջին երկու դասընթացը, որ ընտրեցի, կայքերի ստեղծումն ու ծրագրավորումն էին»: Չորս տարում Հայկը հաղթահարել է ծրագրավորմանն առնչվող դասընթացների բոլոր երեք մակարդակները, ու հիմա բաց չի թողնում ոչ մի աշխատարան: «Աշխատարաններում տեղացի ու արտասահմանցի մասնագետների հետ աշխատելը քո մեջ էլ է ձգտում առաջացնում դառնալու ընտիր մասնագետ»:
Կոդավրումը Հայկի մոտ ամենահեշտն է ստացվում, բայց մյուս ոլորտներից էլ ձեռք չի քաշում: «Օրինակ` նկարելը ինչ-որ տեղ ոնց-որ չարչարանք լինի, բայց հետո նայում եմ սարքածիս ու հասկանում եմ, որ արժեր մի քիչ էլ տանջվել»:
Թումոյի ո՞ր ոլորտներն են, որ չբացահայտված են մնացել: «Երևի չորս տարին բավական էր, որ բոլորից էլ մի քիչ գլուխ հանեմ»: Իսկ թե որքան մակարդակներ են դեռ սպասվում մինչև «ընտիր մասնագետ» դառնալը, ինքն էլ է դժվարանում պատասխանել: Միայն գիտի, որ առաջնահերթը ցանկությունն է: «Ու հենց էտ ցանկությունն է, որ արթնանում է մեջդ Թումոյում»: