Խիտ անտառներով ծածկված և հետաքրքրասեր պատանիներով բնակեցված Կողբ գյուղը գտնվում է Տավուշի մարզում ու սահմանակցում է Վրաստանին և Ադրբեջանին։ Կողբում նաև գործելու է Թումոյի նոր կենտրոնը, որի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվեց հենց այսօր։
Կողբում Թումո բացելու երազանքները իրական դարձան Կողբ Հիմնադրամի հետ համագործակցությամբ, Ucom-ի և Mission Enfance-ի աջակցությամբ, ինչպես նաև Արգենտինացի բարերարներ՝ Բողոս Էկսերթսյանի, Գրիգոր Սիմսիրողլուի և Նշան Դերեթջյանի ներդրումների շնորհիվ։
Կենտրոնը կկարողանա ընդունել 600-1000 պատանիների Կողբից, ինչպես նաև հարևան Նոյեմբերյանից և Բերդավանից։ Այդքան շատ պատանիների ներգրավումը պահանջում է համապատասխան տարածք, ու այդ ամենը, իհարկե, մտածված է։ Թումո Կողբ կենտրոնի դիզայնը ներառում է դասընթացների սենյակներ, ինքնուսուցման հարթակ, ձայնագրման ստուդիա, կինոդահլիճ և բացօթյա տարածք մարզական և ժամանցային գործունեության համար։
Ինչպես բոլոր մնացած Թումոները՝ Թումո Կողբը նույնպես կլինի անվճար և բաց 12-18 տարեկան բոլոր ուսանողների համար։ Դրա ուսանողները կուսումնասիրեն Թումոյի բոլոր 4 կրթական ուղղությունները և լրացուցիչ հմտությունները՝ սկսած կայքերի մշակումից և ֆիլմերի ստեղծումից մինչև ռոբոտաշինություն և 3D մոդելավորում։ Նրանք նաև հնարավորություն կունենան մասնակցել ավելի կարճաժամկետ աշխատարաններին, որոնք դասավանդվում են միջազգային մասնագետների կողմից, ովքեր կամավորական հիմունքներով ամբողջ աշխարհից Հայաստանի Թումոներ են գալիս՝ իրենց հաջողության գաղտնիքներով կիսվելու թումոցիների հետ։ Կենտրոնում նաև անցկացվելու է Թումո Բանակ ծրագիրը, որի շրջանակներում մոտակա զորամասի ժամկետային զինծառայողները նույնպես կհմտանան Թումոյի ոլորտներում։
Բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Թումոյի հիմնադիր Սեմ Սիմոնյանը, Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազեանը, Կողբ հիմնադրամի նախագահ Արմեն Բարսեղյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և տեղական դպրոցների,ինչպես նաև զորամասի ներկայացուցիչները։
Բոլոր ներկաներից ամենահուզվածը ապագա թումոցիներն էին,ովքեր եկել էին իրենց կենտրոնի շինարարական աշխատանքների մեկնարկին մասնակցելու։ 14 տարեկան Անի Մարտիրոսյանը Թումոյի ուղղություններից 2-ով՝ անիմացիայով և ռոբոտաշինությամբ է ամենաշատը հետաքրքրված։ «Ես ունեմ երկու երազանք և անհամբեր սպասում եմ դրանց իրականացնելը Թումո Կողբում։ Ուզում եմ ստեղծել իմ սեփական անիմացիան, ինչպես նաև ստեղծել ռոբոտներ, որոնք կկարողանան ծառայել հայկական բանակին»։
Թումոյի մնացած ապագա ուսանողները նույնպես արտահայտեցին իրենց ցանկություններն ու երազանքները կապված կենտրոնի հետ։ Պատանիները իրենց բոլոր մաղթանքները գրանցեցին և տեղադրեցին տուփի մեջ, որը ավելի ուշ դրվեց շենքի հիմքում։
Մենք այսօր շատ խոսեցինք երազանքների մասին։ Բայց այս բոլոր երազանքները սկսվեցին իրականացվել հենց այն պահից, երբ դրվեց Թումո Կողբ կենտրոնի շինության առաջին քարը։