Թումո Դիլիջանի Ելենան ազատ ժամանակ չունի

Թումո Դիլիջանի Ելենան ազատ ժամանակ չունի

Դպրոց, Թումո, բազում արտադպրոցական հետաքրքրություններ` Թումո Դիլիջանի ուսանող 14-ամյա Ելենա Բեքարյանի համար այս ամենն էլ է քիչ: Դպրոցում նա 8-րդ դասարանցիների դպրոցական խորհուրդն է ղեկավարում: Ազատ ժամանակ զբաղվում է լողով և ծրագրավորմամբ Դիլիջանի միջազգային դպրոցում, սովորում է անգլերեն, գնում պարի և մաթեմատիկայի ու քիմիայի կրկնուսուցման: Բայց նա, վստահաբար, չի համաձայնի մեր «ազատ ժամանակ» եզրույթի հետ:

«Երբ ինչ-որ մեկն ինձ հարցնում է ազատ ժամանակի մասին, պատասխանում եմ, որ չունեմ: Երբ ազատ ժամանակս գրքեր կարդալու վրա եմ ծախսում, այդ ժամանակն արդեն ազատ չէ, ճի՞շտ չեմ: Ես զբաղված եմ ինչ-որ բանով»,- իր միտքը հիմնավորում է Ելենան:

Ելենան 11 տարեկան էր, երբ Թումո Դիլիջանը բացվեց և չէր հանբերում իր 12 տարին լրանալուն ու թումոցի դառնալուն: Նա արդեն երեք տարի է, ինչ սովորում է Թումոյում ու համակարգչային իր գիտելիքների համար, իր խոսքով, Թումոյին է պարտական: Նրա սիրած դասընթացները լուսանկարչությունն էր Վարո Ռաֆայելյանի հետ և ֆիլմերի ստեղծումը Կամի Լեբարեդյանի հետ:

«Ես եկա Թումո տարբեր ոլորտների մասին ավելի շատ իմանալու և հասկանալու համար, թե որ մեկն է իմը»,- ասում է նա,-«Ես շարունակում եմ գալ, որովհետև սիրում եմ նոր բաներ սովորել և գիտելիք ստանալ ամեն տեղից ու ամեն րոպե»:

14 տարեկանների մեծ մասի պես, Ելենան վստահ չէ ինչ է դառնալու, երբ մեծանա: Նախորդ ամիսը նա մտածում էր բժիշկ դառնալու մասին: Դրան նախորդողին` դերասանուհի: Այժմ արդեն` իրավաբան:

Մեկ փաստ

Ելենան սիրում է խոհարարությունը: Նա հորինում է նոր բաղադրատոմսեր` օգտագործելով տանն ունեցածը և փորձարկելով ընդանիքի անդամների վրա: