#ԹումոՍերունդ. Մարիամը` թումոցի 2011-ից մինչև հիմա

#ԹումոՍերունդ. Մարիամը` թումոցի 2011-ից մինչև հիմա

Ունեք մշակած ու նախագծած պրոդուկտ, բայց չեք պատկերացնում, թե ինչպես այն կաշխատի արտադրությունից հետո. Siemens Industry Software ընկերությունն ու Մարիամը ձեզ օգնական։ Մարիամ Աբրահամյանը Թումոյի առաջին ուսանողներից է, ով այժմ աշխատում է էլեկտրոնիկայի և ծրագրային ապահովման լուծումներ առաջարկող առաջատար ընկերություններից Siemens-ում: Այն տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն և սպասարկում աշխարհի ամենահայտնի ընկերություններին էլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտում:

«Մենք ծրագրեր ենք մշակում, որոնց միջոցով հնարավոր է նախագծված արտադրանքը վիրտուալ թեստավորել ու մինչև արտադրության ուղարկելը հասկանալ` արդյոք համապատասխանում է նախնական պատկերացումներին և լուծում է դրված խնդիրը, թե անհրաժեշտ են փոփոխություններ»,- ներկայացնելով իր աշխատանքի մանրամասները ասում է Մարիամը։ «Փաստացի այժմ աշխատում եմ մեր մշակած ծրագրերից օգտվող ընկերությունների հետ՝ օգնելով նրանց օգտագործել բոլոր հնարավորությունները, ինչպես նաև խնդիրների ու բագերի դեպքում շուտ լուծումներ տալ»։ 

Մարիամը Թումո ընդունվել է քրոջ խորհրդով, բայց քանի որ գրանցումները շատ են եղել, մի քանի ամիս սպասել է ու 2011-ի նոյեմբերից սկսել դասերը․ «Մինչև Թումո գալն արդեն հետաքրքրվում էի ծրագրավորմամբ ու գիտեի, որ մաթեմատիկական ուղղությամբ եմ շարունակելու կրթությունս։ Բայց Թումոյում ծանոթանալով խաղերի ու կայքերի ստեղծմանը՝ ավելի ամրապնդեցի այս միտքս։ Ընթացքում հետաքրքրություններիս շրջանակը մեծացավ ու սկսեցի մասնակցել գրաֆիկ դիզայնի ու նկարչության դասընթացներին ևս»։ Բացի ուսանող լինելուց Մարիամը մի քանի տարի շարունակ կամավորություն է արել նաև Թումոյում և Թումո ճամբարում․ «Ճամբարում մասնակիցների համակարգման շատ լավ փորձառություն եմ ունեցել, որը հետագայում օգնել է ինձ»,- պատմում է Մարիամը։ 

Մարիամի աշխատանքները «Իսլամական երկրաչափական նախշեր», «Սիրածս ֆիլմի պատառը» և «Նամականիշը պարտադիր է» աշխատարաններից

Կարելի է ասել, որ Մարիամի թումոյական կյանքը սկսվել է 2011-ին ու դեռ չի ավարտվել․ նա այժմ էլ շարունակում է մասնակցել Թումոյի հատուկ աշխատարաններին ու աշխատում է Թումոյի շենքում․ «Նախորդ տարվա համավարակի լավ կողմն էլ երևի այն էր, որ տնից էի աշխատում ու ժամանակ ունեի ինքնակրթվելու և նոր գիտելիքներ ձերք բերելու համար։ Մինչև հիմա էլեկտրոնային փոստիս ստանում եմ Թումոյի դասընթացների մասին հայտարարությունները։ Այդպես, որոշեցի մասնակցել մի քանի դասընթացի, որոնց ընթացքում ստեղծեցի նամականիշներ, ծանոթացա իսլամական մշակույթի մաս կազմող երկրաչափական նախշերի կիրառությանն ու բլոգինգի մանրամասներին։

Եվ վերջում` լավ նորություն գրքասերների համար

Մարիամն ու իր ընկերները պատրաստվում են ստեղծել կայք, որտեղ բաժանորդագրությամբ կկարողանաք ամեն ամիս ըստ ձեր նախընտրությունների ստանալ գրքեր ու այդ թեմային առնչվող այլ իրեր։ Այս նախագծի չակերտները դեռ այսքանով կարող ենք բացել, բայց ավելի մանրամասն դեռ առիթ կունենանք անդրադառնալու։