Թումոյի մոդուլյար այցեքարտը

Մեղվաբույն` կախովի մալուխների անտառում, որտեղ  հարյուրավոր պատանիներ խորացված կատարում են ուսումնական վարժանքները: Այս խորհրդանշական պատկերը տպավորվում է Թումո Երևանի յուրաքանչյուր այցելուի մոտ: Համակարգիչներին տվյալների հոսք ապահովող այս կախովի մալուխները, որոնք սնուցում են ուսանողների սարքավորումներն ու միավորում Թումոբիլների ցանցը, մենք քնքշորեն կոչում ենք «պորտալարեր»:

Յուրաքանչյուր պորտալար կազմված է տասնյակ մոդուլային օղակներից, որոնք նախագծել են Թումոյի հիմնադիրները` եռաչափ մոդելավորման նույն դիզայներական մտածողությամբ, տեխնիկական ստեղծարարությամբ և թվային գործիքներով, որոնք այսօր կիրառում են Թումո ուսանողները: Այժմ աշխարհի բոլոր  Թումո կենտրոններում հազարավոր պատանիներ օգտվում են այս օղակներից:

 «Թումո Երևանի ճարտարապետական նախագծման առանձնահատուկ այս տարրը միանում է ուսանողական աշխատատեղերին առաստաղից` թողնելով հատակը ամբողջությամբ բաց և ազատ»,- պատմում է գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը: «Սա կարևոր որոշում էր, որն արտացոլում էր ճկունության, շարժունակության և հասանելիության մեր հիմնական մանկավարժական սկզբունքները»:

Սակայն, երբ Թումոյի հիմնադիր թիմը լուծումներ էր փնտրում ճկվող խողովակի մեջ մալուխները տեղավորելու համար, պարզվեց, որ գոյություն ունեցող արտադրանքը չափազանց թանկ է` հատկապես հաշվի առնելով Թումոյին անհրաժեշտ մեծ քանակները: Արդյունքում հիմնադիրները հորինեցին սեփական լուծումը, որը, լինելով մոտ 20 անգամ ավելի մատչելի քան շուկայում առաջարկվող տարբերակները, բերեց զգալի խնայողությունների ու ժամանակի ընթացքում դարձավ չափազանց պահանջված:

Սկզբնապես պորտալարերը սև էին`Երևանի կենտրոնի «շտրիխ կոդային» պատերին համապատասխանելու համար: Հետագայում դրանք թողարկվեցին նաև թափանցիկ տարբերակով, իսկ դրանց կիրառումը հասավ դասընթացների սենյակներ` միացնելով աշխատակայանները Թումոյի ցանցին և ինտերնետին: Հայաստանում նոր կենտրոններ բացելուց հետո մալուխները կիրառվեցին նաև Դիլիջանում, Ստեփանակերտում և Գյումրիում, ինչպես նաև Թումո տուփերում ամբողջ երկրով։

biennale 2 - Թումոյի մոդուլյար այցեքարտը

Թումոյի միջազգային ընդլայնման հետ մեկտեղ պորտալարը դարձավ համաշխարհային պրոդուկտ՝ հայտնվելով Ֆրանսիայում, Գերմանիայում, Լիբանանում, Ուկրաինայում և այլ երկրներում: 2020 թվականի Վենետիկի ճարտարապետական բիենալեում Թումոյի ինստալյացիայի միջոցով պորտալարը ցուցադրվեց մոտ 500,000 այցելուների ամբողջ աշխարհից: Մինչ օրս արտադրվել են հազարավոր մոդուլային օղակներ, իսկ Թումոյի ցանցի տարեցտարի ընդլայնմամբ շուտով այդ թիվը եռապատկվելու է:

Թումոյի պորտալարը կենտրոնի սահմաններից դուրս է եկել: Թումո Երևանի հարևանների, այդ թվում՝ Picsart-ի և DISQO-ի խնդրանքով, պորտալարերը տեղադրվել են նաև նրանց գրասենյակներում, որտեղ կախված մալուխները դարձել են ինտերիերի առանձնահատկություններից: Իսկ երբ Թումոն նախաձեռնեց Երևանում 42 կոդավորման դպրոցը՝ կարիք ունենալով շուրջ 16 մալուխի, որոնք պետք է միացնեին աշխատակայանները միմյանց, պորտալարի ֆորմատը մեկ անգամ ևս ապացուցեց իր արդյունավետությունը` ցույց տալով իր կիրառման լայն սպեկտրը:

img 3762 - Թումոյի մոդուլյար այցեքարտը

Վերջերս հայկական մի ընկերություն,  կրկնօրինակելով Թումոյի դիզայնը, սկսել է արտադրել նման լուծումով մալուխ կոմերցիոն նպատակներով, որի արդյունքում Թումո պորտալարը կիրառվում է նաև այլ  (այդ թվում` կրթական) միջավայրերում: Ավելի քան մեկ տասնամյակ առաջ Թումոյի ծրագրի հետ միասին ծնված պորտալարը հիմա էլ կենսունակ է ու շարունակում է մարդկանց` միմյանց և աշխարհի հետ կապելու իր առաքելությունը: