Թումոյի ինստալյացիան բացվեց Վենետիկի ճարտարապետական բիենալեում

Թումոյի ինստալյացիան բացվեց Վենետիկի ճարտարապետական բիենալեում

Մայիսի 22-ին Իտալիայի Վենետիկ քաղաքում բացվեց Ճարտարապետության 17-րդ միջազգային ցուցահանդեսը` La Biennale di Venezia-ն: 112 աշխարհահռչակ ճարտարապետական ստուդիաների և արվեստագետների, ինչպես նաև 61 ազգային տաղավարների շարքում Թումոն ևս ներկայացրեց իր ինստալյացիան:

«Ինչպե՞ս ենք մենք ապրելու միասին» խորագիրը կրող Բիենալեի շրջանակներում մասնակիցները վերաիմաստավորել են մարդկային համակեցության ձևերը և մշակել են բնության, քաղաքաշինության ու միմյանց հետ մեր հարաբերությունների տարբեր սցենարներ:

0226fef4 833c dad9 7ea2 d91940811389 1160x650 - Թումոյի ինստալյացիան բացվեց Վենետիկի ճարտարապետական բիենալեում

Բիենալեում Թումոյի «Սովորել միասին սովորել» թեմայով ինստալյացիան, որը տեղակայված է ցուցադրության հիմնական սրահում, բացահայտում է ապագայի կրթական միջավայրերն ու կենտրոնների միջազգային ցանցը։ Ինստալյացիայի հիմքում համակարգիչներից ձգվող «կենսալարերն» են, որոնք հնչեցնում են թումոցի պատանիների ձայները Հայաստանից, Արցախից, Գերմանիայից, Ռուսաստանից, Ուկրանիայից, Ալբանիայից ու Լիբանանից: Իրենց անհատական պատմությունների միջոցով ուսանողները ներկայացնում են Թումոյում իրենց միավորող արժեքները` ընտրության ազատություն, անհատական մոտեցում, թիմային աշխատանք և գործնական ուսումնական փորձառություն: Անցնելով ուսանողական «անտառով» ու դիտելով ինստալյացիայի հոլովակները` ցուցահանդեսի այցելուները կարծես երկխոսության մեջ են մտնում Թումոյի ուսանողների հետ` ծանոթանալով նրանց առօրյային ու երազանքներին: Բացի այս, այցելուները նաև բացահայտում են ամբողջ աշխարհից Թումոյի շենքերի մոդելներ, որոնք մշակվել են այնպիսի հայտնի ճարտարապետների կողմից, ինչպիսիք են Բեռնար Խուրին և Վինի Մաասը:

Բացման օրերի ընթացքում Վենետիկի Բիենալեն արդեն հյուրընկալել է ավելի քան 7000 այցելուի ու 1100 լրագրողի, իսկ առաջիկա վեց ամիսների ընթացքում ակնկալվում է ունենալ ավելի քան 100000 այցելու:

4b3d511f 16f9 2297 a8d3 71887676ac03 1160x650 - Թումոյի ինստալյացիան բացվեց Վենետիկի ճարտարապետական բիենալեում

«Մենք պետք է գտնենք հարաբերությունների նոր տեսակ կրթական պրոցեսների և դրանց միջավայրերի համար, – բացման խոսքում ասաց Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը` ավելացնելով, որ ուսանողները պետք է լինեն իրենց կրթական ուղու պատասխանատուները և ունենան այնպիսի ռեսուրսներ ու պայմաններ, որոնք նրանց հնարավորություն կտան բացահայտել իրենց ամբողջ ներուժն ու ընդլայնել դրա սահմանները»:

928e4acb 41e2 8d98 4148 e43fb89fc5a3 1160x650 - Թումոյի ինստալյացիան բացվեց Վենետիկի ճարտարապետական բիենալեում

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև այս տարվա նոյեմբեր ամիսը, իսկ օգոստոսի 30-ին ժյուրին, որի կազմը գլխավորում է աշխարհահռչակ ճապոնացի ճարտարապետ Կաձույո Սեձիման, կհայտարարի հաղթողներին:

Վենետիկի ճարտարապետական բիենալեն 1895 թվականին հիմնադրված արվեստի բիենալեի մաս է կազմում: 1980 թվականից երկու տարին մեկ անգամ անցկացվող բիենալեի հիմնական նպատակն է առաջարկել հասարակության և տեխնոլոգիական խնդիրների ճարտարապետական լուծումներ: