Թումոյի աստղային ճարտարապետը

Թումոյի աստղային ճարտարապետը
star∙chi∙tect
գոյ․ star (աստղ) + architect (ճարտարապետ)
Տերմինը նկարագրում է ճարտարապետների հատուկ դաս, որ աստղային հռչակը պահպանում է շնորհիվ ոլորտում նորարարական, առաջադեմ ազդեցության:
Հոմանիշ: գերաստղ
Տես նաև՝ Բեռնար Խուրի

Երբ պատրաստվում ես Սկայպով հարցազրույց ունենալ աշխարհահռչակ ճարտարապետի հետ, ով նաև հայտնի է որպես «արաբական աշխարհի վատ տղա-ճարտարապետ», պարզ է՝ պետք է ակնկալել զրույց լի կարճ պատասխաններով և իրոնիկ հայացքներով: Ի վերջո, դրանում հավատացած էր (աստղային երկրպագու) հարցազրուցավարը: Սակայն Բեռնար Խուրիի էկրանին հայտնվելուն պես պարզ դարձավ, որ այդ բացառիկ աստղային ճարտարապետը իրականում շատ էլ բաց ու հաճելի զրուցակից է։

Անհավանականորեն հմայիչ Բեռնարը շարունակում է պահել վարակիչ էներգիան այն ամենի հանդեպ, ինչի մասին խոսում է: Նա նաև Երևանի Թումոյի շենքի ներքին ճարտարապետության, Գյումրիի առաջին թատրոնի շենքի (ապագա Թումո Գյումրիի) վերականգնման և Կողբի գալիք Թումո կենտրոնի կառուցման հետևում է կանգնած: Եթե ընդհանուր առմամբ ծանոթ եք այդ կառույցների ոճին, ապա նկատած կլինեք, որ յուրաքանչյուր կենտրոն եզակի է իր ձևում, և դա իր նպատակն ունի: «Մենք չենք հետևում ճանաչելի էսթետիկային: Թումոն, առաջին հերթին, գաղափար է, ոգի, որ պիտի պահպանվի ուր էլ գնանք՝ անկախ շինությունից կամ տեղանքից»: Յուրաքանչյուր կենտրոն կառուցվել է՝ Թումոյի պահանջներին հավասարակշռելով տղյալ քաղաքի համատեքստի ուրույն բնույթը: Դա որոշակի կարիքի ուղղված որոշակի պատասխան է:

Բեռնարը այնպես է արել, որ յուրաքանչյուր կենտրոն իր գտնվելու վայրի պես առանձնահատուկ լինի: «Առաջին անգամ Գյումրիի Թումոն այցելելիս ուղղակի սառնամանիք էր, ձեռքս էլ կոտրված էր: Բայց հակադրությունը, որ տեսա քաղաքի գեղեցիկ պատմական ճարտարապետության և լուրջ վնասների միջև, անմոռանալի էր»: Այժմ Գյումրիի Թումոն տեղակայված է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, իսկ շուտով կտեղփոխվի քաղաքի առաջին թատրոնի շենք: Նման մշակույթային նշանակությամբ շենք զբաղեցնելը Թումոյի համար ինչպես մի շարք առավելություններ ունի, այնպես էլ մարտահրավերներ: Նույնիսկ նախքան կենտրոնի կառուցումը՝ այն կարևոր նշանակություն կունենա շնորհիվ քարտեզում իր գտնվելու վայրի: Բայց առաջնային խոչընդոտը (կամ ստեղծագործական հնարավորությունը Բեռնարի համար) շենքի ինքնությունը պահպանելու ու միաժամանակ դրա գերին չդառնալու ճանապարհներ գտնելն է։ «Մենք կարևոր շինության հետ գործ ունենք, մենք այն վերակենդանացնում ենք ավելացնելով Թումոյի գործիքները, բացի այդ չենք ցանկանում պարզապես ռեստավրացիայի ենթարկել ու սովորական արդյունք ստանալ: Այսպես են ստեղծվում գաղափարները, այսպես է զարգանում պատմությունը, այսպես ենք նոր վայր կառուցում»:

Կողբի կենտրոնը լրիվ այլ պատմություն է: Այս պահին կենտրոնի տարածքը ընդամենը մի փոս է, որը կառուցվելու է նոր տեսլականով: «Ինձ հատկապես դուր է գալիս այն հսկայական նշանակությունը, որ կենտրոնը ունենալու է այս փոքրիկ քաղաքում: Այս երկու նախագծերը (Գյումրին և Կողբը) գեղագիտական տեսանկյունից նման չեն իրար, բայց գաղափարապես նույն մակարդակի վրա են աշխատում: Նրանք երկուսն էլ լավատեսական ժեստ են իրենց քաղաքներում:

Որպես մեկը, ով Թումոյի հետ է եղել դեռ ամենասկզբից և պատասխանատու է Թումոյի ֆիզիկական ներկայացման համար, Բեռնարը անմիջական պատկերացում ունի Թումոյի բռնած ճամփորդության վերաբերյալ: Անհնարին թվացող գաղափարի համար էսքիզներ նկարելու և այժմ իրականացված գաղափարի երրորդ և հինգերորդ կենտրոնների վրա աշխատելու միջև կապը պատահական չէ: «Մենք այս նախագիծը սկսեցինք ավելի քան տասը տարի առաջ, ու ես ականատես եղա Թումոյի ստեղծմանը. ամեն ինչ կատարվեց շատ զգուշորեն: Թումոն մի երևույթ էր, որ ամբողջովին չէր կարող պատկերացվել նախքան դրա ստեղծումը, քանի որ իր նմանը դեռ գոյություն չուներ: Բայց ես կարծում եմ, որ կենտրոնները բեղուն արտահայտություններն են նրա, թե ինչի է վերածվել Թումոյի գաղափարը»:

Բեռնարը չի պատկերացնում, որ Թումոյի առաջխաղացումը մոտակա ժամանակներում կարող է դանդաղել, և այս գնահատականը յուրահատուկ է իր համար, քանի որ նա կես հայ է: «Կարծում եմ հայերը, ինչպես մյուս բոլոր ազգերը, աշխարհի քաղաքացիներ են։ Ես շատ ուրախ եմ տեսնել, որ Թումոն Երևանից տարածվում է: Հավատում եմ, որ Երևանի նման աճող քաղաքները ստեղծում են արդիականության ավելի հետաքրքիր ձևեր, քան աշխարհի ավելի կայուն քաղաքներ ինչպես Լոնդոնն ու Տոկիոն են, տարածքներ, որ իրենց սահմանին են հասել: Սա արդիականության մի տեսակ է, որը կարելի է դուրս տանել, ու այս ամենը ստեղծվել է Հայաստանում»: