Ծրագրավորող-սարկավագը կամ Թումոյից` հոգևոր ծառայության

Ծրագրավորող-սարկավագը կամ Թումոյից` հոգևոր ծառայության

Հարցրեք պատանիներից, թե որն է իրենց ամենահաճախ տրվող հարցը, երբ հանդիպում են վաղուց «մոռացված» բարեկամներին ու ծանոթներին։ «Հումանիտա՞ր, թե տնտես»։ Ստացվում է, որ եթե հիասքանչ մաթեմատիկա գիտես, ուրեմն «ատում ես գիրք կարդալ», եթե սիրում ես երաժշտություն, գրել, նկարել, ուրեմն բացարձակ «անկարող ես» թիվ հաշվել։

Նման բաժանումները Հայաստանում մեծացող նոր սերնդի համար արդեն ակտուալ չեն: Այսօր մեծացող սերունդը չի ճանաչում սահմանափակումներ, ընտրում է այն, ինչ իրեն դուր է գալիս և երբեմն նաև միավորում այնպիսի ոլորտներ, որոնք առաջին հայացքից ուղղակի անհամատեղելի են։ Իզուր չէ Թումոյի` «արվեստի և տեխնոլոգիաների միջակայքում» մոտեցումը։

Իսկ ի՞նչ, եթե ասենք հոգևորի և տեխնոլոգիաների միավորման մասին։ Պատկերացնու՞մ եք հոգևոր ծառայողի, ով ազատ ժամանակ, ծրագրավորում է ուսումնասիրում։ Պարզվում է, որ դա նույնպես հնարավոր է։ 

Թումոյի ուսանողներից Հակոբյան Տիգրանը, կամ Տիգրան սրկ (սարկավագ) Հակոբյանը Թումոյի հետ է իր բացման առաջին իսկ օրից։ Չնայած նրան, որ արդեն 24 տարեկան է և իր ապագան կապում է Աստծուն ծառայելու հետ, միևնույն է չի դադարում հաճախել Թումո։ Գևորգյան հոգևոր ճեմարանում դասախոսությունների ընդմիջումներին Էջմիածնից Երևան է շտապում` մասնակցելու Թումոյի դասընթացներին։ Նա արդեն բարեհաջող հաղթահարել է ծրագրավորման, կայքերի մշակման, լուսանկարչության, նոր մեդիայի և մի շարք այլ ոլորտների դասընթացներ։

Իր անհատական մարզիչներից մեկը պատմում է. «Տիգրանը իր Թումոյում գտնվելու առաջին իսկ օրը հայտարարեց, որ մեծ ցանկություն ունի ուսումնասիրելու հենց ծրագրավորման և կայքերի մշակման ոլորտները։ Ինձ համար դա տարօրինակ չթվաց, բայց զարմացա այն ժամանակ, երբ պատմեց, որ ծառայում է եկեղեցում»։

Տիգրանի հետ կապվելը այս պահին այդքան էլ հեշտ չէ։ Կամավոր անցել է հոգևոր ծառայության Արցախի վանքերից մեկում, որտեղից չի վերադառնալու մոտակա երեք տարին։ Նույնիսկ այս պարագայում, չցանկանալով դուրս գալ Թումոյից, նա արձակուրդ ձևակերպեց Թումոյում երեք տարով, որպեսզի ծառայությունը ավարտելուն պես վերադառնա իր սիրելի երկրորդ «գործին»: Պատկերացրեք 21-րդ դարի հայ  հոգևորականին, ով ազատ ժամանակ զբաղվում է երկրի ՏՏ ոլորտի զարգացմամբ։ Գժական է, չէ՞:

Like
Like Love Haha Wow Sad Angry
1154