Հայկը Թումոյի առաջին ուսանողներից է: Թումոյում սովորելու 2 տարիների ընթացքում մասնակցել է բազմաթիվ դասընթացների և աշխատարանների, հիմնականում խաղերի ստեղծման ու ծրագրավորման ոլորտներում, ինչպես նաև եղել է Թումոյում TEDx-ի շրջանակներում անցկացվող 1 տարի տևած նախագծի ակտիվ մասնակիցը:
Ուսանողից մարզիչ, մարզիչից ինֆոդեսկ, ինֆոդեսկից Թումոյի ծրագրավորողների թիմ: «Մարզիչ աշխատելու ժամանակ bug reporting էի անում (ծրագրերում ու կայքերում սխալներ արձանագրել), սիրածս գործն էր: Այնքան էի հմտացել այդ գործում, որ ծրագրավորման բաժնից կանչեցին իրենց թիմում աշխատելու: Դա էլ իր հերթին 8 ամիս տևեց,- պատմում է Հայկը,- զուգահեռաբար համալսարանը ավարտեցի ու մտածում էի մագիստրատուրա դիմելու մասին: Ընդամենը 0.7 բալ չհերիքեց, որ տարկետում ստանամ: Մի փոքր տխրել էի, բայց հիմա լրիվ հակառակը` չեմ փոշմանում, որ չեմ անցել: Այստեղ ավելի կարևոր գործ եմ անում»:
Ագարակում ծառայության անցնելուց հետո Հայկը փորձել է իր գիտելիքները ներդնել` տեղի համայնքին օգնելու համար: Նա ծանոթանում է ևս երկու ծրագրավորողի` Դավիթի ու Հովհաննեսի հետ, ու միասին սկսում են կրթական նախագծի մշակումը: «Իրենք լուրջ փորձ ունեն, մեկը Ֆրանսիայում է սովորել: Ամենահետաքրքիրն այն էր, որ նմանատիպ նախագիծ իրականացնելու քննարկումների ընթացքում պարզվեց, որ բոլորս իրարից անկախ նույն բանի մասին էինք մտածում: Իրականում, առաջին անգամ նման նախաձեռնությունների կարևորության մասին մտածել եմ «Թումո Բանակ» նախագծի ժամանակ, երբ զինծառայողները գալիս էին Թումո կենտրոններ ու սովորում էին ժամանակակից ծրագրեր»,- ասում է Հայկը: Շուտով նրանց գրած 10 էջանոց նախագիծը հասնում է մինչև Գլխավոր շտաբ և հաստատվում:
Նախագծի բնույթը հետևյալն է` Ագարակի 8-12-րդ դասարանների աշակերտները կամավոր կերպով մասնակցում են անվճար դասընթացների, որոնք բաժանված են երկու ուղղությունների։ Մի խումբը ուսումնասիրում է ծրագրեր` Adobe Photoshop, SketchUp, Unity` կարճ ասած, ինչպես Հայկն է ասում` «Այն ամենն, ինչ սովորել եմ Թումոյում»: Իսկ մյուս խումբը կենտրոնացել է ծրագրավորման ու կայքերի ստեղծման վրա և 1-ամյա ծրագրով սովորում է HTML, CSS, WordPress, Java Script, HTTP Protocol և այլն: Դասերը տեղի են ունենում շաբաթը երկու անգամ, մեկ օր էլ հատկացված է հատկապես հետաքրքրվածների հետ նախագիծ իրականացնելու համար:
«Մեր «ուսանողների» հետ առաջին օրը ծանոթացանք դրսում, հետո դասարանում ծրագիրը ներկայացրեցինք` հենց այնպես, ինչպես Թումոյում են անում,- պատմում է Հայկը,- մեկ ամիս է ինչ սկսել ենք ծրագիրը ու արդեն 60 ուսանող ունենք, ավելի փոքրերն էլ են ուզում գալ, բայց էլ չենք կարող վերցնել, տեղ չունենք: Ամենահետաքրքիրն այն է, որ մեզ դիմում են անգամ ուսուցիչներն ու ծնողները, բայց, ցավոք, այս պահին ստիպված ենք մերժել»:
«Իմ կարծիքով հենց Ագարակում են Հայաստանի ամենատաղանդավոր երեխաները: Եթե ծառայեի այլ տեղ, միգուցե նույնը ասեի այդ համայնքի մասին, բայց այստեղի երեխաները պարզապես վերջն են: Ունենք Սմբատ, ով 7 վայրկյանում հավաքում է ռուբիկ-կուբիկը, ունենք Լևոն, ով կարող է դառնալ աշխարհահռչակ ծրագրավորող, երբ կհաղթահարի ամաչկոտությունը: Իրոք հանճարեղ երեխաներ կան ու ահավոր մեծ ձգտում ունեն սովորելու: Նրանք ամեն օր մեզ դիմավորում են զորամասի մոտ, իսկ դասից հետո հետ ճանապարհում ու ճամփին հարցախեղդ անում»:
Հայկը պատմում է, որ իրենք ավելին են ցանկանում անել, քան գիտելիքներով կիսվելը: Օրինակ` օգնել համայնքին` տարբեր ծրագրերի համար կայքեր ստեղծելով, բրենդավորելով: «Բնությունը շատ գեղեցիկ է այստեղ, լիքը համեղ մրգեր ու բանջարեղեններ են աճում, կարող ենք դրանք ներկայացնել ու հասցնել թեկուզ ամբողջ աշխարհին: Մեզ արդեն դիմում են նման հարցերով ու ուսանողների հետ սկսում ենք զբաղվել: Իրենք էլ են տեսնում, թե ինչպես կարող են բարելավել իրենց բնակավայրը սեփական գիտելիքներով»:
«Ուզում եմ, որ ծրագիրը մտնի յուրաքանչյուր զորամաս: Բացի իրենց բուն առաքելությունից, զինվորները կկարողանան զարգանալ, նոր բաներ սովորել և արդյունքում օգուտ տալ տեղի բնակավայրերին», – ասում է Հայկը:
Հայկը ծառայության ավարտից հետո մտածում է շարունակել ուսումը: Իրեն երկու ոլորտ է այս պահին հետաքրքրում` արհեստական բանականությունն ու ՏՏ ոլորտի կրթական ծրագրերը: Երկուսի կարևորությունն էլ ընկալել է Թումոյում սովորելու ու բանակում ծառայելու տարիներին: «Մտածում եմ Թումո վերադառնալ, տեսնեմ՝ էլ որ բաժնում չեմ աշխատել, այդ բացն էլ լրացնեմ», – ծիծաղում է Հայկը: