Թումանյանի այգու ծաղկունքը

Թումանյանի այգու ծաղկունքը

Երեխաների ուրախ ճչյունները շատրվանների միջով ձեռք ձեռքի վազելիս, հունիսյան արևի առատ ջերմությունը պառկած վայելող շունը, և բազմաբղետ ծառերը, որ մեղմորեն շրշում են ամռան գալուստը: Ամեն եղանակին Թումանյանի այգին լի է կենդանությամբ, ձայներով ու գույներով` կանաչն ամառվա օրերին, հարուստ կարմիրն ու դեղինն աշնանը, սպիտակ վերմակը ձմեռվա քնին, և վարդագույնի, մանուշակագույնի ու նարնջագույնի երանգները, որ բացվում են ամեն գարուն:

Այգու թիմի ղեկավար Պետրոս Վարդապետյանը տարիների ընթացքում այգու փոխակերպումների ականատեսն է: Դեռևս 1970-ին, երբ հիմնվեց հանրային այգին, Պետրոսն ու ընկերները դրա մշտական այցելուներն էին, և հենց այդպես էլ անվանում էին այն` «Թումո»: Խորհրդային Միության փլուզումը հանգեցրեց տասնամյակ տևող անտեսման, և միակ նկատելի գույնը, որը մնացել էր այգում, անշուք դարչնագույնն էր: Դարասկզբին Սիմոնյան կրթական հիմնադրամը որոշեց վերականգնել այգին, իսկ 2001-ին աշխատանքներին միացավ նաև Պետրոսը: Պատմում է` առաջնահերթությունն այն ժամանակ աղբի մաքրումն ու ծառատունկն էր:

Այժմ Պետրոսն ունի մի ամբողջ թիմ` նվիրված այգեպաններից, ծաղկի փորձագետներից և այլ մասնագետներից, որոնցից շատերն այստեղ են արդեն տարիներ շարունակ: «Մենք ապրում և շնչում ենք այս այգով»,- կիսվում է Պետրոսը։ «Բոլորս մեր աշխատանքը սիրով ենք անում։ Երբ ծաղիկները վերջապես բացվում են, վայելում ենք մեր աշխատածի արգասիքը»։ Այգին երկար ճանապարհ է անցել ու հիմա կարող է պարծենալ ավելի քան 1000 տնկված ծառերով, այդ թվում` ալբիցիայի և հուդայածառի հազվադեպ տեսակներով, զբոսանքի համար ընդարձակ տարածքով, երեխաների համար խաղահրապարակներով, ֆուտբոլի և բասկետբոլի սիրահարների համար դաշտերով և անգամ շների համար հատուկ հրապարակով: «Թումոյի բացումը, ասես, այգու վերածնունդն էր: Գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, ով ղեկավարում էր շենքի կառուցման և այգու բարեկարգման աշխատանքները, ուշադիր էր ոչ միայն կոտրված ցանկապատերի և մութ լապտերների վերանորոգման, այլև այնպիսի հարմարությունների և զարդարանքների ներդրման հարցում, որոնք այգին կդարձնեն իսկապես սիրված: Մենք տնկել ենք հարյուրավոր ծաղիկներ և թփեր, որոնք կյանք են հաղորդում այս 7 հեկտարի յուրաքանչյուր մետրին»:

Այգում զբոսնելիս կտեսնեք բազմապիսի ծաղիկներ` հանգստացնող բույրով լավանդաներից մինչև արևային դեղին ոսկեզանգեր և փթթած միմոզաներ: Այստեղ աճում են նաև վարդի ավելի քան 1600, գիհու շուրջ 800 թուփ և հազարավոր ծառեր, որոնցից շատերից կախված է նուշ և ծիրան: Հարուստ կենսաբազմազանությանը ավելանում են տեղի, երբեմն անսպասելի կենդանիները: Վազվզող ընկերասեր շներն ու ծառերի ճյուղերից ծլվլացող թռչուններն այգու անբաժան բնակիչներն են: Սակայն այգում կարելի է հանդիպել նաև, օրինակ, Հայկական որորի, իսկ Պետրոսը հիշում է, որ մի անգամ ձների մեջ աղվես է տեսել:

«Այստեղ բոլորը սպասված հյուր են: Ամենատարբեր մարդիկ գալիս, օգտվում են այգուց. շատերի համար այն սիրելի վայրերից է»: Թումոյի բացման առթիվ Սերժ Թանկյանի համերգից 2011-ին մինչև Վարդավառի ջրոցիներ. այգում ամեն տարի տեղի են ունենում ամենատարբեր միջոցառումներ և տոնակատարություններ: Ընտանեկան մեծ ու փոքր խնջույքները, սննդի փառատոնները, հարսանիքներն ու ատամհատիկներն այստեղ սովորական տեսարան են:

Այգու սրտում կանգնած են Սարոյի և Անուշի արձանները, որոնք գրկել ու այլևս բաց չեն թողնի իրար: Նրանց շրջապատող հարյուրավոր բոսորագույն վարդեր պարում են քամու ռիթմի տակ` ձոնելով ներբող անցած գարուններին և Թումոյի ու սիրելի այգու կանաչ ապագային:

img 6526 - Թումանյանի այգու ծաղկունքը