Ի՞նչը կարող էր ավելի փախած փորձառություն լինել 15 տարեկանում «ավտոստոպով» Հայաստանի քաղաքներով ճանապարհորդելուց, եթե ոչ այդ քաղաքների դպրոցների աշակերտներին լուսանկարելը, կամ ասենք կիթառ և ժանգլյորություն սովորեցնելն է։ «Արգենտինացի կամավորների հետ ընկերացա ու որոշեցինք «ավտոստոպով» գնանք Գյումրի, Վանաձոր, Ամրակից ու ուրիշ քաղաքներ: Էդ ուղևորությունների ընթացքում էր, որ ինչ ասես չսովորեցի՝ մինչև յոգան ու մեդիտացիան, որը, ի դեպ, Ստեփանավանի անտառներում շատ հավես ա ստացվում», իր կամավորական վառ հիշողություններով կիսվում է ակտիվ թումոցի Էլեն Դեմիրյանը:
Մեդիտացիան իր տեղն ունի, բայց Էլենի կամավորական փորձառությունը սկսվել է Թումո ճամբարից. «Էրեխեքը ինձ սիրում են, ես էլ իրանց, բայց Թումոյի ճամբարի ամենահավես մասը էն էր, որ ես սովորեցնում էի ինձնից մեծերին: Ինձ թվում ա ընկերական լինելն ու սովորել ուզենալը կրթության մեջ ամենակարևորն ա: Հենց դա սիրում եմ Թումոյում»:
15 դասընթաց, 19 աշխատարան, ու այստեղ Էլենը բնականաբար մտադիր չէ կանգ առնել: Թումոյում իր առաջին աշխատարանն էլ դարձավ Էլենի ապագա մասնագիտության հարցում կողմնորոշիչ քայլը. «Նկարչության դասընթացավարներ Միքայելի ու Խորոնի հետ սկսեցի դասընթացը ու շարունակեցի արագ առաջ գնալ: Հետո Խորենն ասեց` Լիբանանից դիզայներ Ֆարահ Ֆայադն ա գալու, չարժի բաց թողնել: Ֆարահի հետ տպագրության աշխատարանը ամեն ինչ փոխեց: Մեկ այլ իմ համար շատ տպավորիչ աշխատարան էր Հայթամ Նավարի հետ քառալեզու պաստառների դիզայնը: Դասից հետո էլ իրեն օգնում էի Երևանում հետաքրքիր իրեր գտնել, ու մեր զրույցներից շատ էի ոգեշնչվում: Էդ ժամանակ իմ ամենասիրելի գործն եմ ստեղծել` Փարաջանովական կոլաժը»:
ՄԻ ՓԱՍՏ
Էլենի ստեղծագործ ընտանիքում, իրար միշտ աջակցելուն զուգահեռ նաև սովորեցնում են պահել պայմանավորվածությունը` մասնավորապես գրազների ոլորտում: Օրինակ` մի օր Էլենը մայրիկի հետ գրազ եկավ, որ քննությունները բարձր է ստանալու, բայց մի փոքր շեղվելու արդյունքում դարձավ մասամբ… քաչալ: