«Մենք ուզում ենք, որ ուսանողները նոր անկյան տակ նայեն քաղաքին», ասում է գրաֆիկական դիզայներ Ռոբին Սմիթսը, ով հոլանդական Superposition դիզայն ստուդիայի համահիմնադիրն է. ստուդիան արվեստի, տեխնոլոգիաների, ծրագրավորման ու դիզայնի միջոցով բացահայտում և վիզուալիզացնում է տարբեր պատմություններ: «Եթե նրանք սկսեն աշխարհը դիտարկել` նկատելով այնպիսի դետալներ, ինչպիսիք են ֆոնտն ու նախշը, ճարտարապետությունն ու նախագծումը` մեր գործն արված է»:
Superposition-ի իր գործընկերոջ` ծրագրավորող Բրեմ Բոգարտսի հետ, նրանք հաշվողական զարդանախշերի աշխատարան են վարում Թումո Երևանում: Երկշաբաթյա համատեղ աշխատանքի ավարտին ուսանողները միավորել են գրաֆիկական դիզայնն ու ծրագրավորումը` հայկական զարդանախշերով ոգեշնչված գեներատիվ գրաֆիկներ ստեղծելու համար:
Ինչպես հենց Ռոբինն և Բրեմը` ուսանողները աշխատել են զույգերով` մեկը որպես գրաֆիկական դիզայներ, մյուսը` ծրագրավորող: Նրանք սկսել են թափառել քաղաքում` գտնելով զարդանաշխեր ու ածուխի փոշու օգնությամբ տպելով դրանք թղթին:
Թումո ուսանողներ Աիդա Շալաևան և Էդգար Էկտիբարյանը ընտրել են քաղաքային աղբարկղերի վրա պատկերված նշանը: Ջեմմա Ասրյանն ու Անի Պետրոսյանն` Տիգրան Մեծ փողոցի մայթի, Օպերայի շենքի դռան նախշերն ու Թամանյանի արձանի փորագրությունները:
Այնուհետև, զույգերը, միասին աշխատելով, սկսել են թվայնացնել իրենց հայտնաբերածը: Գրաֆիկական դիզայները օգտագործում էր Adobe Illustrator «ածխանախշերը» թվայնացնելու համար, իսկ ծրագրավորողը Processing լեզվի օգնությամբ թվայնացված նախշերը վերածում էր գեներատիվ գրաֆիկի:
«Սա հետաքրքիր փորձառություն էր».- պատմում է 15-ամյա Անի Պետրոսյանը.- «Առաջին անգամն եմ աշխատում Processing-ով ու առաջին անգամն եմ սերտորեն համագործակցում գրաֆիկական դիզայների հետ»:
Զույգերի «գիտափորձը» նոր զարգացումներ ապրեց, երբ նրանք ծրագրավորեցին իրենց գեներատիվ գրաֆիկներն այնպես, որպեսզի դրանք սկսեն շարժվել, արձագանքել վեբ կամերայի շարժմանը և փոխել գույնը, ձևը մկնիկի շարժումով:
«Որպես ծրագրավորող կամ դիզայներ միայնակ աշխատելու փոխարեն, արտակարգ է, երբ նրանք համագործակցելով կարող են ստեղծագործել.- ասում է Բրեմը.- Բացի այդ մենք կարծում ենք, որ անպայման չէ, որ աշխատելիս նրանք մտքում ունենան վերջնական արդյունքը: Մենք ուզում ենք, որ նրանք խորասուզվեն աշխատանքի մեջ, սկսեն կառուցել, ստեղծել, փորձարարությամբ զբաղվեն և տեսնեն, թե ինչ է ստացվում:
Արագորեն փոփոխվող աշխարհում պատմություններ ներկայացնելու համար գրաֆիկական դիզայնի և ծրագրավորման օգտագործումը դառնում է սովորական: Կառավարման, լրագրության ու բիզնես ոլորտներում ծրագրավորողներն ու դիզայներները աշխատում են` միասին վիզուալիզացնելու իրենց պատմությունները.- բացատրում է Ռոբինը.- Հաշվողական զարդանախշերի աշխատարանում Թումո Երևանի ուսանողները անձամբ են ծանոթացել ոլորտների միջև փոխհարաբերությունների սերտացմանը»: