ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի ճարտարապետական նախագծի աշխատանքները ընթացքի մեջ են: ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, կրթական և տեխնոլոգիական հանգույց է, որը ներառում է Թումոյի գործնական կրթական ծրագրերը, ենթակառուցվածքներ կրթության և աշխատանքի համար, ընդհանուր լաբորատորիաներ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:
Վինի Մաասի, Յակոբ վան Ռեյսի և Նատալի դե Վրիսի կողմից 1993 թվականին հիմնադրված ստուդիայում այժմ 200-ից ավելի ճարտարապետներ դիզայներական լուծումներ են տալիս քաղաքային միջավայրերին ամբողջ աշխարհում: Համագործակցային, հետազոտությունների վրա հիմնված դիզայներական մեթոդներով հայտնի ընկերության աշխատանքները ներառում են բնակարաններով շրջապատված, բանկային ահռելի պահոց հիշեցնող Rotterdam Market Hall-ը և լուսավոր, գնդաձև կենտրոնական հարթակի շուրջ պարուրված գրապահարաններով Tianjin Binhai Library-ն: Ստեղծումից ի վեր ընկերությունը ստացել ու նոմինացվել է 95 մրցանակի, որոնց թվում են մի քանի մրցանակ Seoullo 7017 Skygarden-ի` Սեուլում գտվնող, նաև որպես հանրային այգի ծառայող 983 մետրանոց պողոտայի համար:
Եմ Թումո համալիրի ճարտարապետական մրցույթը մեկնարկել է 2019 թվականի հունիսին: Այն բաղկացած էր 2 փուլից. հայտերի ընդունում, որին հաջորդեց եզրափակչի 3 մասնակիցների երկօրյա ինտերակտիվ աշխատանքային հանդիպումները համալիրի հիմնադիրների և մրցույթի ժյուրիի հետ` Հայաստանում:
«Մենք ստեղծում ենք կրթությանը յուրահատուկ մոտեցում ունեցող, ինժեներության և տեխնոլոգիանների ոլորտը հեղափոխող միջազգային հարթակ. – ասում է Թումոյի տնօրեն և ԵՄ Թումո համալիրի ժյուրիի անդամ Մարի Լու Փափազյանը. – մեզ համար հատկապես հետաքրքիր էր տեսնել, թե ճարտարապետական այդ տարբեր խմբերը ինչպես կմեկնաբանեն մեր այս տեսլականն ու ինչ տեսք կստանա նախագծի ապագա տունը»:
Մրցույթի ժյուրին գլխավորում էր Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի Ճարտարապետության և նախագծման բաժնի դեկան և 2020 թվականի Վենետիկի բիենալեի համադրող Հաշիմ Սարգիսը: Ժյուրիի կազմում էին Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը, Emerson Collective-ի ղեկավար, Թումոյի խորհրդի անդամ և Twitter-ի նախկին փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեսը և մեդիաարվեստի, ռոբոտաշինության և արհեստական բանականության վրա մասնագիտացված Նաբի արվեստի կենտրոնի տնօրեն Սո Յոն Րոն Սեուլից:
BIG
Մրցույթի եզրափակչի 3 մասնակիցներն ընտրվել են 24 երկրից ուղարկված 67 դիմումների միջից: Դիմած ընկերությունների թվում էին ճապոնական այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են Արատա Իսոզակին, Կենգո Կուման և Շիգերու Բանը, ոլորտի առաջատարներ Դոմինիկ Պերոն, Mossessian Architecture-ը և AECOM-ը, մեծ հաջողության հասած սկսնակներ FABRICations-ը, Նիկոլա Լենեն և Բարոսի Վեյգան:
Օգոստոսին եզրափակիչ անցած թիմերը ժամանեցին Երևան` տեղում ղեկավարելու իրենց գործնական աշխատանքները: Թումոյի երկրորդ հարկի` Արարատին նայող սենյակներից մեկում տեղավորվելով` նրանք 2 օրվա ընթացքում քննարկեցին նախագծի մանրամասներն ու ստեղծեցին նախատիպերի իրենց տարբերակները: Մասնակիցներն առաջարկեցին անսպասելի և օրիգինալ գաղափարներ` Հրազդանի կիրճին միացող կամուրջ-շենք, փակ գյուղական համալիր կամ ԵՄ Թումո համալիրը` որպես Թումանյան այգու շարունակություն` որի կտուրը դառնում է կանաչապատ տարածք:
RCR
Գործնական աշխատանքների առաջին օրը թիմերը այցելեցին ԵՄ Թումո համալիրի տեղակայման ապագա վայրն ու շրջեցին Երևանով: Ղեկավար թիմը ծանոթացրեց նրանց նախագծի, դրա նպատակների և նախաձեռնող կողմերի` Թումոյի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ԵՄ-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ: Օրվա մյուս կեսին մրցույթի մասնակիցներն ու ղեկավար կազմը սկսեցին աշխատել` ի մի բերելու ունեցած գաղափարները օրվա ընթացքում տեսածի և լսածի հիման վրա:
«Մենք չէինք գնահատում ֆիզիկական արդյունքը.- բացատրում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր և մրցույթի ժյուրիի անդամ Ժան-Մարկ Լավեսը.- գործնական աշխատանքների նպատակը յուրաքանչյուր մասնակցի ոճը, դիզայներական մոտեցումը և ծրագրի նպատակների հետ իրենց գաղափարների համապատասխանությունն ըմբռնելն էր»:
Գործնական աշխատանքների ընթացքում MVRDV-ի նորարարական դիզայներական առաջարկները ամբողջովին համապատասխանում էին նախագծի նպատակի հետ, որն է` ընդգրկուն հարթակ, համագործակցային հանգույց և հասանելի, հանրային բաց տարածքով և զարգանալու հնարավորություններ ստեղծող կենտրոն ունենալը: Գործնական աշխատանքների ընթացքում գեներացված գաղափարների հիման վրա նրանք մինչև 2020 թվականի գարունը կմշակեն նախագծի դիզայն կոնցեպտը: ԵՄ Թումո համալիրը MVRDV-ի առաջին նախագիծն է լինելու Հայաստանում և անձամբ ղեկավարվելու է ընկերության համահիմնադիր և գլխավոր ճարտարապետ Վինի Մաասի կողմից:
MVRDV
ԵՄ Թումո համալիրի շենքի կառուցման աշխատանքները կսկվեն 2020 թվականի աշնանը և ավարտին կհասցվեն մոտ 3 տարվա ընթացքում: Շինարարական աշխատանքները կլինեն փուլային` հնարավորություն տալով մասնաշենքի մի քանի հատվածների և ծրագրերի աշխատել մինչև կառուցման ամբողջական ավարտը: 42 Երևանը` ֆրանսիական աշխարհահռչակ 42 ցանցի մասնաճյուղը, որը հայտնի է ծրագրավորման ոլորտի իր կրթական ծրագրով, կբացվի 2020 թվականի սեպտեմբերին: