ԵՄ Թումո համալիրը համագործակցում է ֆրանսիական Դպրոց 42-ի հետ

ԵՄ Թումո համալիրը համագործակցում է ֆրանսիական Դպրոց 42-ի հետ

ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը հայտարարում է, որ Հայաստանը միանում է ծրագրավորման ֆրանսիական առաջատար ուսումնական կենտրոնի` 42-ի ցանցին, որում արդեն ընդգրկված է 20 դպրոց: «42 Երևան»-ը տեղակայվելու է Երևանում Թումո կենտրոնի հարևանությամբ և գործելու է որպես ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի նախագծերից մեկը:

42-ը ծրագրավորման առաջատար կենտրոն է, որը հիմնադրել է ֆրանսիացի հայտնի բիզնեսմեն Քսավյե Նյելը 2013 թվականին: Ուսումնական կենտրոնի նպատակն է կրթել ապագայի լավագույն ծրագրավորողներին ու հիմք ստեղծել նրանց հաջողակ ապագայի համար: Այս համագործակցության շնորհիվ ԵՄ Թումո համալիրը կլրացնի Հայաստանում բարձր որակավորման ծրագրավորողների անհրաժեշտ թիվը` զարկ տալով տեղեկատվական տեխնոլոգիաների և ստարտափների ոլորտին: 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր ոք հնարավորություն կստանա անվճար ձեռք բերել ծրագրավորման ամենանորարական հմտություններ իր համալսարանական կրթությունը լրացնելու կամ նոր մասնագիտություն սերտելու համար, ինչպես նաև ավագ դպրոցն ավարտելուց հետո:

Convergence.center - ԵՄ Թումո համալիրը համագործակցում է ֆրանսիական Դպրոց 42-ի հետ

42 Երևանը ձգտելու է ներգրավել կանանց և ուսանողների Հայաստանի մարզերից, որոնց ապահովելու է կացարանով, և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներով ուսման ընթացքում: Դպրոցը կընդունի տարեկան մինչև 150 ուսանողի մինչև 2 տարի տևողությամբ կրթական փուլի համար: Հայաստանում բացվող կենտրոնը կլինի միակը տարածաշրջանում և տեղ կգտնի 42-ի ցանցում ընդգրկված Ֆրանսիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Կոլումբիայի, Իսպանիայի, Կանադայի, Նիդերլանդների, Մարոկկոյի, Ռուսաստանի, Բրազիլիայի և Ինդոնեզիայի կենտրոնների շարքում:

42-ի մանկավարժական նորարարության հիմքում է «ընկերը` ընկերոջը» մեթոդը: Ուսանողները սովորում են առանց ուսուցիչների կամ դասընթացների, և կիրառական նախագծերի միջոցով ինքնուրույն են տնօրինում իրենց ուսումը: Հաջողելու համար ուսանողները հիմնվում են խմբի պատրաստվածության, գիտելիքի ակտիվ փոխանակման ու իրար օգնելու վրա: ՏՏ մասնագիտական ոլորտի պես, կրթական այս մոդելը հիմնված է կոլեկտիվ մտքի վրա և խթանում է ինքնակրթությունը, փորձարարությունն ու քննադատական մտածողությունը:

ԵՄ Թումո համալիրը Թումո ստեղաղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Եվրոպական միության նախաձեռնությունն է: Այն բազմապրոֆիլ համալիր է, որը միավորում է համալսարաններն ու բիզնեսը` խթանելով նորարարությունն ու ձեռնարկատիրությունը և կապեր ստեղծելով ուսանողների, հետազոտողների և ՏՏ ընկերությունների, ինչպես նաև նրանց միջազգային գործընկերների միջև: Այն ներառելու է կրթության, վերապատրաստման և ձեռնարկատիրության համար նախատեսված հարմարություններ: Ավելին` www.convergence.center

Like
Like Love Haha Wow Sad Angry