Այսօր Եվրոպական միությունը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարեցին «ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագծի` Հայաստանում երիտասարդների համար առաջադեմ STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) էկոհամակարգի հիմնադրման մեկնարկը:
Կենտրոնը լինելու է հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց։ Դրա շուրջ են հավաքվելու տեղական և միջազգային գործընկերներ՝ ապահովելու կամուրջ բարձրագույն կրթության և արդյունաբերության միջև։
Համալիրի համար Երևանում` Թումոյին կից, կկառուցվի մոտ 25,000 քառակուսի մետր մակերես ունեցող շինություն: Կառույցն իր մեջ կներառի կրթական ծրագրավորման ենթակառուցվածք STEM հետազոտությունների լաբորատորիա, կոնֆերանսների կենտրոն և կոմերցիոն տարածք` կենտրոնի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն ապահովելու համար: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի նոր ֆակուլտետը ևս նախաձեռնության մաս կլինի:
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և 25 մլն եվրո արժեցող համալիրի հիմնաքարային ծրագրերից մեկը կլինի «Թումո լաբորատորիաները»՝ Թումոյի ծրագրի ևս մի ընդլայնում, որը բուհերում սովորող ուսանողներին և երիտասարդ մասնագետներին 18 տարին լրանալուն պես հնարավորություն կտա ձեռք բերել STEM-ին առնչվող կիրառական և առաջադեմ հմտություններ: Լաբորատորիաների ուսանողները կաշխատեն արդյունաբերության ներկայացուցիչների իրական նախագծերի վրա՝ ստանալով մասնագիտական փորձառություն և նպաստելով ՀՀ-ում բիզնեսի զարգացմանը։
Մեկնարկի պաշտոնական միջոցառմանը ներկա էին հյուրեր և գործընկերներ Եվրոպական Միությունից, ՀՀ Կառավարությունից, Թումոյից, ՀՀ բուհերից, ՏՏ ոլորտից։ Միջոցառումը սկսվեց ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշի վիդեո-ուղերձով։
«Կենտրոնը խորհրդանշում է երևակայություն, որը, իմ կարծիքով, Հայաստանի ոգին է, և Եվրոպական միության ապագան։ Այս պատճառով էլ մենք բոլորս պիտի մեր ներդրումն ունենանք նորարարության մեջ», իր բացման խոսքում նշեց Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը:
«Մենք ոգևորված ենք՝ Հայաստանում ստեղծելու համաշխարհային մակարդակի STEM էկոսիստեմ, որում կզարգանա և նորարար գաղափարներ կմշակի գիտնականների հաջորդ սերունը», համալիրի մասին իր ներկայացման մեջ նշեց Թումոյի Զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը։ «ԵՄ-ի, ՀՀ Կրթության և գիտության նախարարության և այլ տեղական և արտասահմանյան գործընկերների օգնությամբ մենք կկարողանանք լրացնել բացը Հայաստանի բարձրագույն կրթության և իր պահանջները մշտապես զարգացնող համաշխարհային արդունաբերության միջև»։
Խորհրդանշական ստորագրությունից հետո մասնակիցները դուրս եկան գալիք համալիրի տարածք, որտեղ տեղի ունեցավ հիմնարկման արարողություն Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու, Թումոյի Զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանի, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի և ՀՀ Կրթության և գիտության նախախախ Արայիկի Հարությունյանի մասնակցությամբ։