Թումո Ստեփանակերտում նա առաջին ուսանողներից էր։ Եկան 5 ընկերուհիներով` ամեն ինչ իրենց աչքով տեսնելու, հետո միայն ծնողներին բերեցին գրանցվելու համար։
– Քաղաքում բոլորը խոսում էին Թումո Ստեփանակերտի բացման մասին, մենք էլ հետաքրքրվեցինք ու շտապեցինք գրանցվել, բայց, անկեղծ ասած, գաղափար չունեինք, թե կոնկրետ ինչ էինք անելու Թումոյում, – հիշում է Դիանան։
Դիանան շատ արագ հասկացավ, որ «ճիշտ հասցեով է եկել»։ Թումոյում նա գտավ իր նախասիրությունների զարգացման հնարավորություններն ու մարդկանց։
– Հաշվապահ դառնալու հեռանկարն ինձ այնքան էլ չէր ոգևորում։ Ես ավելի շատ տարված էի ֆիլմերով, լուսանկարչությամբ ու երաժշտությամբ։ Այստեղ ես ստացա այդ ամենի վերաբերյալ ինձ հուզող հարցերի պատասխանները, – ասում է նա։
Թումոյի միջավայրն այնքան է գրավել Դիանային, որ նա որոշել է ոչ մի տեղ չհեռանալ ու կիսել իր փորձառությունը մյուս ուսանողների հետ՝ արդեն որպես մարզիչ։
Թումոցիից մարզիչ անցումը և՛ դժվար էր, և՛ հեշտ։ Դիանան բացատրում է, որ դասընկերոջից մինչև մարզիչ ճանապարհը հեշտ չէ։ Միևնույն ժամանակ, այդ նույն ընկերական մթնոլորտի շնորհիվ է, որ շփման ու ուսանողներին ճանաչելու խնդիր չունի։
ՄԻ ՓԱՍՏ
Դիանան 14 տարի պարով է զբաղվել և անգամ հասցրել է պարուսույց աշխատել։