Դեղագործ-ծրագրավորողը

Դեղագործ-ծրագրավորողը

21-ամյա Վարդուհի Կողպեցյանը, կարծես, 2 տարբեր ինքնություն ունի. մեկում նա օգնում է մարդկանց՝ դեղամիջոցների մասին խորհրդատվություն տալով, մյուսում՝ կոդեր է գրում, խաղեր ստեղծում ու նորագույն տեխնոլոգիաների միջոցով Գյումրու տրանսպորտային համակարգի կարգավորման մասին պլաններ կազմում:

Վարդուհին Թումո Գյումրիի առաջին ուսանողներից է. «Թումո գալով շատ բան փոխվեց: Ինձ համար բացահայտեցի ծրագրավորումը: Դպրոցում ավելի շատ լեզուներով էի տարված ու իմ այս փոխակերպումը ինձ համար էլ էր տարօրինակ: Բացի այդ, նախկինում մի քիչ ամաչկոտ էի, իսկ այստեղ մի փոքր բացվեցի, ինքս ինձ ճանաչեցի, նոր ընկերներ ձեռք բերեցի»,- պատմում է նա:

Վարդուհին օրվա մեծ մասը անցկացնում է դեղատնում, իսկ երեկոյան 2 ժամով գալիս է Թումո ու անցնում իր սիրելի տեխնիկական ոլորտներին. «Կյանքս 2 մասի եմ բաժանել ու երկուսն էլ դուրս գալիս են. դեղատնում գործս շատ պատասխանատու է, գործ ունեմ մարդկանց առողջության հետ ու ինձ կարևոր եմ զգում, իսկ հետո սկսում է իմ ազատ ստեղծագործական կյանքը: Ինձ նաև դուր է գալիս խաղեր ստեղծել ու ամեն ինչ ինքնուրույն անել՝ գրել խաղը, դիզայն անել, անգամ երաժշտությունը ստեղծել, այնպես որ ես եմ իմ ստուդիան»,- հպարտ ասում է Վարդուհին:

Վարդուհու ուշքն ու միտքը Գյումրու տրանսպորտային համակարգը բարելավելն է. «Հուսով եմ մի օր քաղաքում տեսնել զարգացած տրանսպորտային համակարգ, որն ավելի հարմարավետ կդարձնի թե՛ բնակիչների, թե՛ զբոսաշրջիկների կյանքը: Մի անգամ Հեքեթոնի ժամանակ Գյումրու տրանսպորտի կարգավորման ծրագիր էինք մշակել: Մի օր, երբ ինձ համար լավ համակարգիչ գնեմ, ծրագրավորման գիտելիքներս էլ խորացնեմ, հուսով եմ ինչ-որ կերպ օգնել խնդրի կարգավորմանը»,- ասում է Վարդուհին: