Գրել բոլոր կոդերը. Արաքսյան Թումո Ստեփանակերտից

Գրել բոլոր կոդերը. Արաքսյան Թումո Ստեփանակերտից

17-ամյա Արաքսյան ծնվել է Արարատի մարզի Վեդի քաղաքում, իսկ 5 տարի առաջ ընտանիքի հետ տեղափոխվել է Արցախ:

Միջավայր փոխող պատանիի դժվարությունները, կարծես, ամերիկյան ֆիլմերի սցենար լինեն, բայց, ի տարբերություն այդ ֆիլմերի, Արաքսյան այնքան էլ բարդ չտարավ փոփոխությունը՝ դասընկերների օգնությունն ու Ստեփանակերտն իր խաղաղ ու դրական մթնոլորտով իրենց գործն արեցին. «Արցախյան բարբառի թարգմանությունների մեջ կորելուց բացի՝ միակ դժվարությունը տեղափոխվելիս, երևի, դպրոց փոխելն էր։ Երբ, վերջապես, ընդունվեցի «ֆիզմաթ», արդեն դպրոց փոխելու գործում սև գոտի էի»,- ասում է նա:

Եթե դպրոցում սիրածդ առարկաները ֆիզիկան ու մաթեմատիկան են, ուրեմն կարելի է ենթադրել, որ Թումո գալով առաջին հերթին տեխնոլոգիական ոլորտները մանրամասն կհետազոտես։ Բայց Արաքսյան այդքանով չսահմանափակվեց. «Երբ հասկացա, որ այլևս տեխնիկական չհաղթահարված մարտահրավերներ գրեթե չկան, սկսեցի հերթով մասնակցել արդեն մյուս ոլորտների դասընթացներին: Ամենաշատը ստեղծագրությունը դուրս եկավ: Հասկացա, որ գրել սիրում եմ անկախ նրանից` կոդ է, թե պատմվածք»,- պատմում է Արաքսյան:

Որտեղ դառնալ ծրագրավորող՝ համալսարանում, թե, օրինակ, 42 Երևանում, Արաքսյան դեռ չգիտի, բայց գիտի, որ ուզում է զբաղվել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում կրթության զարգացմամբ. «Կարծում եմ՝ շատ տեղ կա տեխնոլոգիաների միջոցով Հայաստանի ու Արցախի զբոսաշրջությունը զարգացնել։ Շատ գաղափարներ ունեմ նման նախագծերի»,- ոգևորությամբ պատմում է նա: