Գալյայի թումոյական շղթան

Գյումրեցի Գալյան անցել է թումոյական աստղային ուղու երեք կանգառներով` ուսանող-մարզիչ-դասընթացավար: Մենք հետ պտտեցինք այս սյուժեն և վերհիշեցինք նրա ճանապարհը հենց ամենասկզբից:

1 9 2 - Գալյայի թումոյական շղթան

Թումոյում առաջին օրը

«Այսօրվա պես հիշում եմ` Թումոյում առաջին դասս եղել է 2015 թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը 19:30, հինգշաբթի: Ու իմ ընտրած առաջին երկու ոլորտներն էլ հենց վեբն ու ծրագրավորումն էին»:

Փուլ 1. ուսանող

Գալյան Թումո է հաճախել 18 տարեկանից, երբ ընդամենը 3 ամիս էր մնացել նրա 19-ը լրանալուն: «Բինգո էի խփել, էլի»: Դասընթացների ժամանակ նա շատ հարցեր չէր տալիս. հիմնականում ամեն ինչ պարզ էր իրեն, անմիջապես ընկալում էր:

1 12 1 - Գալյայի թումոյական շղթան

Գալյայի ավարտական աշխատանքներից (արխիվ)

Մասնակցել է 15 դասընթացի ու աշխատարանի, և այս ամենից մեկը առանձնահատուկ է տպավորվել նրա հիշողության մեջ: «Դասընթացի ժամանակ կոդը գրելիս այն թղթի վրա էի անցկացնում: Հիմա կծիծաղեք, բայց ասեմ ինչու: Շատ կարևոր էր, որ կոդերի տերմինաբանությունը լավ ընկալեի և tab սեղմելու ու կոդն ինքն իրեն գրվելու վրա հույսս չդնեի: Քանի որ դպրոցում գերմաներեն էի անցել, իսկ կոդերն անգլերենով էին, պետք է ինքս ինձ վրա աշխատեի ու սովորեի»:

1 2 5 - Գալյայի թումոյական շղթան

Գալյան ուսանողական գրառումները թերթելիս

Փուլ 2. մարզիչ

Երբ Գալյան ուսանող էր, միշտ ոգեշնչվում էր մարզիչներից, ու այսպես որոշեց բախտը փորձել թումոյական կյանքի այս հաջորդ մակարդակում և ինքն էլ աշխատել պատանիների հետ: Բայց այս նշաձողը նրա համար մարտահրավեր էր, և միայն երեք «մոտեցումից» հետո նա հաջողեց: «Երբ արդեն ընդունվել էի մարզչի աշխատանքին, ինձ պարզապես հետաքրքիր էր առաջին երկու անգամները ձախողելու պատճառը: Ինձ ասացին, որ համեմատած նախորդ հարցազրույցների հետ այս անգամ ես ավելի հասուն էի և արդեն պատրաստ էի աշխատել ուսանողների հետ: Ամեն դեպքում, ժամանակն իրենն ասում է»,- կիսվեց Գալյան: Մարզչական տարիներին Գալյան սիրահարվեց խաղերի ոլորտին: «Մի անգամ, երբ օգնական էի խաղերի ստեղծման դասընթացի ժամանակ, էլեկտրաէներգիայի խափանում եղավ ու ուսանողների խաղային աշխարհներն անհետացան: Այդ աշխարհների 80%-ը կարողացա հետ բերել և մինչև հիմա դրանով հպարտանում եմ»:

Գալյայի մարզչական locker-ի վրա շատ տիպեր է կան, օրինակ` խորհրդանշական դինոզավրը, քանի որ ըստ Գալյայի ինքը «Թումո Գյումրիի ամենահին մարդկանցից է, այսինքն` դինոզավր»:

1 11 1 - Գալյայի թումոյական շղթան

Փուլ 3. դասընթացավար

Արդեն 3 տարի մարզչի դերում վարպետանալուց հետո Գալյան հասկացավ, որ պատրաստ է հաջորդ ցատկին: Ու քանի որ կայքերի մշակման ոլորտում Թումոյից ստացած գիտելիքներից զատ նա նաև այցելել էր այլ դասընթացների և ուսումնասիրել ոլորտը, հասկացել դրա «ներսն ու դուրսը», Գալյան որոշեց իրեն նոր աշխատանքում: 2022 թվականի փետրվար ամսից Թումո Գյումրիի կայքերի մշակման դասընթացավար Գալյայի կարծիքով սովորեցնելն ու սովորելն իրականում նույն հարթության վրա են: «Անընդհատ պրպտում ու գտնում եմ ոլորտի նորություններ, որոնք հետաքրքիր կլինեն թե՛ ինձ, թե՛ ուսանողներին: Ի վերջո, կայքերի մշակումը զարգացող ոլորտ է, որում ամեն օր իմանալու նոր բան կա»:

Գալյան և թումոցիները

Գալյան ասում է` թումոցիների հետ մի յուրահատուկ տելեպատիկ կապ ունի. ուսանողների դեմքին պարզապես հայացք գցելով հասկանում է, որ հարց ունեն, և կանխազգում, թե ինչի մասին է այն լինելու: Գալյայի այս «սուպերկարողությունը» միշտ զարմացնում է թումոցիներին, բայց նրա կարծիքով դա պարզապես ուսանողի «դեմքին գրած» է: Գալյայի թումոյական ճանապարհի ամենազավեշտալի մասն այն է, որ թումոցիները երբեք նրան ճիշտ անունով չեն դիմում: Մի օր նա Գալինա է, հաջորդ օրը` Գայանե, իսկ մյուս օրը նույնիսկ Հրաչ։ Թե ինչպես է այդպես ստացվում, Գալյան այդպես էլ չի հասկանում։

1 7 2 - Գալյայի թումոյական շղթան

Իսկ ապագա՞ն…

Ինքնուսուցում, հմտացում, չէ՞ որ առաջնային է ուսանողներին տալ որակյալ կրթություն, իսկ մասնագիտության մեջ առաջատար լինելն այստեղ նախապայման է, վստահ է Գալյան: