Մանկության տարիներին թղթի վրա խզբզելուց մինչև իր սեփական թվային նկարազարդման բրենդի ստեղծումը` լեհ գրաֆիկական դիզայներ Մագդալենա Մարչոչկան միշտ աչքի է ընկել նկարչության իր յուրօրինակ ընկալմամբ: Մագդալենայի կարճատև ճանապարհորդությունը դեպի Թումո Երևան հնարավորություն տվեց մեզ հայացք գցել նրա արվեստին:
Գրաֆիկական դիզայնի բաժնի մագիստրատուրան ավարտելուց հետո Մագդալենան սկսեց հետաքրքրվել անիմացիայով և մեկ տարի ուսումնասիրեց այն: Արդեն մասնագիտացած լինելով նկարազարդման և տառագրության մեջ որոշեց, որ Թումոյում իր աշխատարանը կկենտրոնանա նորաձևության ապրանքանիշի լոգո ստեղծելու վրա:
Մագդալենայի աշխատարանում թումոցիները ստեղծել են անալոգային տարրեր ունեցող թվային դիզայններ: Սկզբում ուսանողները ծանոթացան այբուբեններին, ապա գեղագրության տարբեր օրինակներ նայելով փորձեցին վերարտադրել դրանք: Ի վերջո, ուսանողները մշակեցին անհատական գրաֆիկական աշխատանքներ` վերստեղծելով վրձինների շարժումները:
Սա առաջին անգամն էր, երբ Մագդալենան աշխատում էր երիտասարդ ուսանողների հետ` դժվար աշխատանք էր, բայց մոտիվացնող: Ուսանողները պատմեցին, որ Մագդալենան մեծ ուշադրություն էր դարձնում մանրամասներին և հաճախ նոր մարտահրավերներ էր նետում նրանց, ինչը շատ ոգևորիչ էր:
Մագդալենայի աշխատարանում թումոցիները պետք է ընտրեին իրենց տրված չորս ապրանքանիշներից մեկը և ստեղծեին տարբեր ոճ ունեցող լոգոներ դրանց համար: Իսկ որպես այլընտրանքային հանձնարարություն` փոխեին Թումոյի լոգոյի դիզայնը: «Որպես Թումոյի գաղափարախոսությանը ծանոթ ուսանող ինձ դուր եկավ արդեն իսկ գոյություն ունեցող լոգոն վերափոխելու գաղափարը »,- ասում է Նարեկը:
«Կցանկանայի ինքս այս տարիքում նման հնարավորություն ունենալ: Ուսանողներիս առաջադիմությունն ու հաջողությունները տեսնելն իսկապես գոհացուցիչ ու ոգեշնչող է»,- Թումոյում դասավանդելու մասին ասում է Մագդալենան: