Արենը, տեսախցիկն ու պատերազմը

Արենը, տեսախցիկն ու պատերազմը

Թումոյի շրջանավարտ Արեն Գրիգորյանը իր 21 տարեկանում հասցրել է լինել ստարտափի հիմնադիր, ձեռք բերել օպերատորի հսկայական փորձ ու պատերազմ լուսաբանել:

Արենը Թումո է ընդունվել 2014 թվականին: Ինչպես արդեն հասկանում եք, նրա հիմնական հետաքրքրությունը լուսանկարչությունն ու ֆիլմերի ստեղծումն էր: Այս ոլորտներում ակտիվությամբ Արենը Թումոյի «չեմպիոններից» է. 20-ից ավելի աշխատարաններ, այդ թվում` որպես կամավոր, նկարահանումներ հաղորդակցման թիմի հետ, աշխատանք ուսանողական լրագրության «TUMO News» հարթակում և Թումոյի ստարտափ «Teen Media»- ում. «Գրիգոր Աթանեսյանի նախաձեռնությամբ, ով հիմա BBC-ում է աշխատում, կազմավորեցինք մեր ստարտափն ու հիմնականում վիդեո և ֆոտո բովանդակություն էինք ստեղծում: Շատ հավես ու պրոդուկտիվ աշխատանք էր: Կառանձնացնեմ «Եղվարդի բոթասի» այլընտրանքային գովազդն ու ֆիլմը Ծիծեռնակաբերդի ծաղիկների մասին. դրանց աճեցումը, քաղումը, հետագայում վերամշակումը: Վավերագրել էինք այդ ամբողջ ընթացքը»:

16835792 1932672716965433 7674740571272233612 o - Արենը, տեսախցիկն ու պատերազմը

«2018-ի հունվարին գնացի բանակ: Հադրութում եմ ծառայել, հրանոթի հրամանատար էի, սերժանտ: Ծառայությունը հետաքրքիր էր, բայց մի մեծ բացասական կողմ ուներ, չէի կարողանում նկարել: Զորացրվելուն պես սկսեցի բոլորին խնդրել ինձ նկարահանումների ուղարկել: Այս տարվա մարտ ամսից ընդունվեցի CivilNet ու սիրտս տեղն ընկավ», – ոգևորված պատմում է Արենը, ով CivilNet-ի նկարահանող խմբի հետ հուլիսին եղել է Տավուշյան մարտերի, իսկ հոկտեմբերին` Արցախի պատերազմի թեժ կետերում:

img 7137 - Արենը, տեսախցիկն ու պատերազմը

Արցախ Արենը մեկնեց հոկտեմբերի 18-ին` իր թիմին ու հատկապես տնեցիներին մի քանի օր համոզելուց հետո: Մեկնեց, ինչպես ինքն է ասում` Արցախից կարոտն առնելու, աշխատելու ու միգուցե ընկերներին տեսնելու. «Առաջին անգամ եղա Շուշիում: Շատ էի լսել, պատկերացրել` ոնց են բնակիչներն ու տուրիստներն էդ սիրուն քաղաքով զբոսնում… բայց երբ հասանք տեղ` ուրվական-քաղաք էր. ավերածություններ, երկնքում թռչող ԱԹՍ-ներ, երբեմն կրակ դրանց ուղղությամբ, փողոցներում մարդ չկար ու ամենահիշվող բանը` բացարձակ լռություն էր»:

dsc01413 - Արենը, տեսախցիկն ու պատերազմը
dsc01511 - Արենը, տեսախցիկն ու պատերազմը

«Մեզ ասացին, որ հակառակորդն արդեն Շուշիի մերձակայքում է ու տարհանումներ էին սկսվել: Ստեփանակերտում նկարահանումներ անելուց հետո մեկնեցինք Սյունիք` Դավիթ Բեկ և Ներքին Հանդ գյուղեր: Գյուղերը դատարկ էին, կանայք ու երեխաները տարհանվել էին, միայն կտեսնեիր գյուղացի տղամարդկանց, ովքեր, դիրքապահ դարձած, շրջում էին գյուղում ու շրջակայքում: Զառամյալ ծերունիներ կային, ովքեր հազիվ էին քայլում, բայց զենքը ձեռքներից չէիր կարողանա խլել»,- պատմում է Արենը:

dsc01473 - Արենը, տեսախցիկն ու պատերազմը

Երկրորդ անգամ Արենը Արցախ է մեկնել արդեն հրադադարի հաստատումից հետո: Նկարահանելու էր 5-րդ դարի Ծիծեռնավանքն ու 17-րդ դարի Սուրբ Մինաս եկեղեցին, որոնք անցնում էին Ադրբեջանի վերահսկողության տակ. «Անգլիայից հոգևորական էր եկել, արարողություններ էին կատարվում, բայց շատ դժգույն մթնոլորտ էր. անտառից անդադար կտրվող ծառերի ձայներ էին, շրջանի բնակիչները դեռ հստակ տեղեկություն չունեին` մնալու են իրենց բնակավայրերում, թե ոչ: Մի ընտանիք կար` հայր ու որդի ռազմաճակատում էին, կանայք` Երևանում ու երբ վերադարձել էին իրենց տուն, այն ամբողջությամբ թալանված էր: Ծանր նկարահանումներ էին»:

dsc01870 - Արենը, տեսախցիկն ու պատերազմը

Չնայած այս ամենին, Արենը, իր խոսքերով, կարևոր փորձ է ձեռք բերել` սառը դատել, լինել հոգատար, բայց նաև օբյեկտիվ. «Տեխնիկական հմտություններից ամենակարևոր բանը, որ սովորել եմ, արագ կողմնորոշվելն էր: Անվտանգության նկատառումներով պետք էր արագ աշխատել, բայց այնպես, որ կադրի որակը չտուժի: Այստեղ հասկացա, որ ինձ համար էական չէ` ինչ ու որտեղ եմ նկարում, ես ինձ համար էդ պատմության մեջ ամենակարևորը կքաղեմ, իմ ուզած կադրը կբռնեմ: Չեմ ուզի այլևս պատերազմ լուսաբանել, բայց լինելու դեպքում` իհարկե պատրաստ եմ նորից անել»,- ասում է Արենը:

dsc01459 - Արենը, տեսախցիկն ու պատերազմը
dsc01463 - Արենը, տեսախցիկն ու պատերազմը

Արենն այժմ իրեն CivilNet-ից դուրս չի պատկերացնում, բայց միևնույն ժամանակ լուրջ պլաններ ունի իր գեղարվեստական կարիերայի հետ կապված: Իր սիրած օպերատորների պես, ինքն էլ չի սիրում տեսախցիկի հետևում պարզապես նստել, իրեն պատկերացնում է միայն տեսախցիկի ու կադրի հետ վազելուց ու թռչելուց: Իսկ ապագա կինոպրոեկտների ժանրային ընտրությունը միանշանակ չէ. «Սիրում եմ, երբ գեղարվեստական ու վավերագրական ժանրերը համատեղում են մեկ ֆիլմում, եթե, իհարկե, համը չեն հանում»:

dsc01426 - Արենը, տեսախցիկն ու պատերազմը

ՈՒՐԱԽ ՓԱՍՏ

«Մի անգամ «Teen Media»-ի շրջանակներում գնացել էինք նկարահանման, պետք էր 2 տեսախցիկով նկարել, բայց մի տեսախցիկի հիշողության քարտը մոռացել էինք, Թումոն էլ փակ էր։ Ստիպված նկարել ենք, բայց մի տեսախցիկը պարզապես անջատված վիճակում պահելով»։

Լուսանկարները` Արեն Գրիգորյանի

Like
Like Love Haha Wow Sad Angry