Միշտ գլխարկով` հիմնականում այլմոլորակայինների նկարներով, իր մտքերով ու ականջակալներով լուռ զբոսնող ու աղմկոտ միջոցառումներ տանել չկարողացող Ավետիք Ներսիսյանին դուք հաստատ հանդիպել եք Թումոյում. նա այստեղ արդեն հասցրել է մասնակցել անթիվ-անհամար աշխատարանների ու դասընթացների եռաչափ մոդելավորման, գրաֆիկական դիզայնի, լուսանկարչության, բայց ամենակարևորը՝ նկարչության ոլորտում: Նկարչությամբ նա զբաղվում է 3 տարեկանից․ «Առաջին նկարումս 4 լողացող մարդուկներ էին… իրականում մարդուկի էլ նման չէին, ավելի շատ ութոտնուկի էին նման»:
Դրանից 13 տարի է անցել, բայց մարդկանց նկարելու Ավետիքի սերը միայն ուժգնացել է, ու այժմ նրա նկարները լուսանկարներից դժվար է տարբերել: «Ինձ թվում ա` դիմանկարներում քիթը ամենագլխավոր հատվածն ա. մի փոքր սխալ ու կերպարը էլ իրան նման չի: Դիմանկարի դետալային աշխատանքից սկսել եմ կյանքում էլ հավես մանրուքներ նկատել: Ասենք, երբ դրսում ականջակալներդ դնում ես, քամու ձայնը հավես լրացնում ա երգը»:
Նրանում, որ Ավետիքը հետագայում կշարունակի իր ուղին ճարտարապետության, դիզայնի կամ նկարչության ոլորտում, կասկած չկա: Ողջ գիտակից կյանքը նա գնացել է նկարչության դպրոցներ ու զարգացրել մասնագիտական հմտությունները, հիմա էլ դպրոցում սովորում է ճարտարապետական հոսքում. «Մոտ երկու տարի առաջ նկատեցի, որ նկարելու մտքերը բնական չեն գալիս, անընդհատ ման եմ գալիս, թե ինչ նկարեմ: Շատ ծանր էի տանում էդ: Հետո Թումոյի դասընթացավար Խորենը ասեց, որ դադարեմ կրկնօրինակելը ու իմը գտնեմ: Էդ փոխեց ամեն ինչ, ու հիմա օր օրի զգում եմ, որ մոտենում եմ իմ ոճին, ձեռագրին», ասում է նա:
Արվեստագիտական նման խնդիրներից հետո Ավետիքի մոտ սկսվեց վերաիմաստավորման փուլը. «Մի ժամանակ, երբ ոգեշնչվում էի Բենքսիից, շատ էի ձգտում ամեն նկարածիս մեջ իմաստ դնել: Հետո զգացի, որ էդ հավելյալ պատ ա ստեղծում, որովհետև, ոնց որ, անբնական բան մտցնես ստեղծածիդ մեջ: Հետո բացահայտեցի Ժան Միշել Բասքիային, ով ամեն ինչ նկարում էր, ոնց էդ պահին զգում էր: Էդ անկեղծությունն ու ազատությունը շատ հավես էր»:
ՄԻ ՔԱՆԻ ՓԱՍՏ
Եթե դուք ծանոթացել եք Ավետիքի հետ վերջին երեք տարվա ընթացքում, ապա դուք ուղղակի երբեք չեք տեսել նրա գլուխը, որովհետև նա երբեք առանց գլխարկի տնից դուրս չի գալիս: ԵՐԲԵՔ:
«Այլմոլորակայինները ոչ մի կոնկրետ բանի նման չեն, ոչ ոք չգիտի իրանք ինչի տեսք ունեն: Ամեն կերպ կարող ես իրանց պատկերացնել ու սխալ չես լինի։ Դրա համար էլ սիրում եմ դրանց պատկերները, հա, նույնիսկ գլխարկներիս վրա»:
Ի դեպ, Ավետիքը իր նկարներում հաղորդագրություններ է թողնում մորզեի այբուբենով: