Airbnb-ից, Google-ից և Facebook-ից Թումո. Աստղիկը կպատմի, թե ինչպես

Airbnb-ից, Google-ից և Facebook-ից Թումո. Աստղիկը կպատմի, թե ինչպես

Ով եղել է Թումոյում, տեսած կլինի Աստղիկին, ով ամբողջ օրը վազքի մեջ է ու ով իր քաոտիկ վազքին զուգահեռ հասցնում է օրական առնվազն մի քանի վիդեո զանգ անցկացնել, քննարկել զանազան բարձրակարգ մասնագետների հետ իրենց գալիք աշխատարանները Թումոյում, ու էլի մի 1000 բան անել: Գործի բերումով` նա հիմնական կապող օղակն է Թումոյի և տարեկան 100-ից ավելի մասնագետների միջև, ովքեր գալիս են Թումոյի կենտրոններ՝ ուսանողներին տեխնոլոգիաների ու դիզայնի ոլորտի վերջին ուղղությունները ներկայացնելու:

Հիմնական դասընթաներին և ինքնակրթությանը զուգահեռ` թումոցիները սովորում են աշխատարաններում` կարճաժամկետ պրակտիկ ծրագրերում, որոնք անցկացվում են ոլորտի առաջատար մասնագետների կողմից ամբողջ աշխարհից: Հենց այստեղ է Աստղիկի աստեղային ժամը: Նա գտնում և հրավիրում է դասընթացավարներին` Թումոյում 2 կամ ավել շաբաթ կամավոր հիմունքներով աշխատելու: Իր թիմի անդամների` Մարիաննա Զաքիյանի և Թումոյի շրջանավարտ Լիանա Հարությունյանի հետ` Աստղիկը ապահովում է ուսանողների սահուն և հետաքրքիր կրթական փորձառությունը:

«Թումոյում աշխատարան վարելու համար պարտադիր չի դասախոս կամ ուսուցիչ լինես, կարևորը քո ոլորտի ուժեղ մասնագետ լինելը, գործդ սիրելն ու աշխատարանի համար հետաքրքիր գաղափար ունենալն է: Այդքան բան: Դե, իհարկե, դա էլ քիչ բան չէ»,- բացատրում է Աստղիկը:

Աստղիկը նամակ է գրում պոտենցիալ դասընթացավարներին կամ էլ հակառակը, և վերջ` համագործակցությունը պատրաստ է:

blog 2999new - Airbnb-ից, Google-ից և Facebook-ից Թումո. Աստղիկը կպատմի, թե ինչպես

«Ամեն առավոտ նամակներ եմ ստանում համագործակցության պատրաստակամությամբ կամ անունս արտաբերելու մանրամասն ուղեցույցի խնդրանքով: Ամբողջ օրը վիդեո զանգով մարդկանց պատմում եմ Թումոյի մասին և քննարկում առաջիկա աշխատարանի մանրամասները»,- ասում է Աստղիկը:

Աստղիկը 3 տարի է աշխատարանների թիմում է և հարյուրավոր դասընթացավարների հետ է արդեն աշխատել: Հուլիսին իր թիմին մեծ մարտահրավեր է սպասվում` Հայաստանի և Արցախի բոլոր 4 Թումո կենտրոնները ամբողջ ամիսը տրամադրելու են աշխատարաններին: Դա նշանակում է, որ կենտրոնները անցկացնելու են գրեթե 100 աշխատարան, որոնք վարելու են Թումոյի դասընթացավարները, տեղական և միջազգային պրոֆեսիոնալներ, այդ թվում` Airbnb-ից, Microsoft-ից, Hulu-ից և GQ-ից:  

«Գործիս ամենասիրած մասը որևէ բացառիկ պրոֆեսիոնալի համաձայնությունը ստանալն ու ի վերջո ուսանողների ցույց տված արդյունքները տեսնելն է»,- ասում է Աստղիկը: «Ահա թե երբ եմ ես ինձ բավարարված զգում: Ես մի մեծ թիմի մաս եմ, որն ուսանողներին նոր փորձառության հնարավորություն է տալիս»:

blog 3639new - Airbnb-ից, Google-ից և Facebook-ից Թումո. Աստղիկը կպատմի, թե ինչպես

ՄԻ ՓԱՍՏ

Մի անգամ Թումոյի գրաֆիկական դիզայնի դասընթացավարը Աստղիկին առաջարկում է հրավիրել Cabeza Patata-ին, որը դիզայնի հայտնի ստուդիա է Բարսելոնայից: Դե պատկերացրեք Աստղիկի դեմքի արտահայտությունը, երբ նա հայտնեց, որ իրենցից արդեն հաստատում են ստացել: