Ինչպես Թումո ստեփանակերտցի Առնոլդը նկարահանեց SOAD-ի տեսահոլովակը

Պատերազմական օրերին բոլորիս մտքում մի քանի ուղղություն էր՝ առաջնագիծ, ամուր թիկունք ու տեղեկատվական պայքար՝ աշխարհին իրականությունը ցույց տալու և մեր մասին պատմելու համար։ Տեղեկատվական դաշտի աշխատանքները, Հայաստանին աջակցելու և միասնական լինելու գաղափարը ստիպեց System Of A Down ռոք խմբի անդամներին 15 տարի անց կրկին միավորվել։ Բայց այս բլոգը նրանց մասին չէ, այլ Ստեփանակերտի մեր ուսանող Առնոլդ Ղազարյանի, ով SOAD-ի “Protect The Land” տեսահոլովակի ռեժիսորներից մեկն է։ Իսկ հիմա ամեն ինչ սկսենք սկզբից։

arnold2 - Ինչպես Թումո ստեփանակերտցի Առնոլդը նկարահանեց SOAD-ի տեսահոլովակը

Կինոյի հանդեպ հետաքրքրությունը Առնոլդի մոտ առաջացել է 14 տարեկանում, երբ հնարավարություն է ստացել աշխատել իրենց գյուղ՝ Խաչմաչ եկած նկարահանող խմբի հետ։ «Ֆիլմի նկարահանման աշխատանքները տեսնելուց հետո հասկացա, որ պետք է ռեժիսոր դառնամ։ Տեսախցիկ գնելու և այս ոլորտում առաջին քայլերս անելու համար սկսեցի շինարարական աշխատանքներ անել։ Գումար հավաքեցի ու արդեն մեկ տարի հետո ունեի իմ սեփական տեսախցիկը»,- պատմում է Առնոլդը։ Արդեն հաջորդ տարի ֆիլմարտադրության գիտելիքները խորացնելու համար ապագա ռեժիսորը որոշում է ընդունվել Ստեփանակերտի Թումո․ «Ֆիլմերի ստեղծման ոլորտի ինչքան վարժանք կար արել էի ու ոչ մի այլ դասընթացի չէի մասնակցում՝ սպասում էի ֆիլմերին։ Հետո գնացի ֆիլմերի դասընթացին ու հասկացա՝ Թումոն միայն ֆիլմարտադրության գիտելիքներ չի, որ ինձ տալիս է, այլ լայնացնում է աշխարհայացքն ու ժամանակակից մտածողություն է տալիս, բացի այդ տաղանդավոր և կայացած մասնագետների հետ աշխատելու հնարավորություն է ստեղծում»,- ասում է Առնոլդը։

Արցախյան պատերազմում Առնոլդը ստացել է ոտքի վիրավորում և փրկվել է իր հրամանատարի՝ Դավիթ Բեկլարյանի շնորհիվ։ Երբ արդեն Երևանում էր, ապաքինմանը զուգահեռ, Թումո Ստեփանակերտում ֆիլմերի ստեղծման աշխատարան անցկացրած ռեժիսոր Արմեն Սուջյանի հետ սկսում է զբաղվել SOAD-ի “Protect The Land” երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքներով։ «Սկզբում որոշված էր, որ պրոֆեսիոնալ դերասանները պետք է նկարահանվեին՝ ցույց տալով Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակը, բայց ես ու Արմենը մտածեցինք, որ այդպես իրականությունը չի կարող երևալ։ Մեր գաղափարը SOAD-ին հասցնելու համար ունեինք մի օր։ Գնացինք հյուրանոցներ, որտեղ ապրում էին արցախցիները և զինվորականներին բուժող հիվանդանոցներ»,- պատմում է ռեժիսոր-զինվորը։ Ռոք խմբի անդամներին և տեսահոլովակը ստեղծող թիմին մեկ օրվա ընթացքում հավաքած տեսանյութն ու գաղափարն ամբողջությամբ ներկայացնելուց հետո Առնոլդն ու Արմենը ստացել են տեսահոլովակի նկարահանման առաջարկը։ «Այս ամբողջի միտքը իրենն էր (հեղ․ Առնոլդինը), որքան էլ չուզենա ընդունել,- ասում է Արմենն ու ավելացնում, որ տեսահոլովակում փորձել են ցույց տալ մարդկանց ցավը և ուժը։ Հենց այս մտքով Արմենը որոշել է հոլովակի մի փոքր հատվածում ներկայացնել նաև Առնոլդին ու իր ընտանիքի պատմությունը, քանի որ նա էլ էր իր եղբայրների հետ առաջնագծում։

Ամբողջովին ապաքինվելուց հետո Առնոլդը դեռ վերադառնալու է ծառայության, իսկ զորացրումից հետո պետք է սկսի նկարահանել իր խաղարկային ֆիլմը։ «Շատ պլաններ ունեմ, մտքումս արդեն պտտվում է նոր ֆիլմի սցենարը»։

Like
Like Love Haha Wow Sad Angry
10