ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի նախագծի միջազգային ճարտարապետական մրցույթին հայտ են ներկայացրել 67 անհատ ճարտարապետ և կազմակերպություն 24 երկրից: Նրանց թվում են ոլորտի այնպիսի աշխարհահռչակ ներկայացուցիչներ, ինչպիսիք են ճարտարապետական ամենաբարձր մրցանակի` Պրիցկերի մրցանակակիրներ Արատա Իսոզակին, իսպանական RCR Arquitectes-ը, Շիգերու Բանը, ինչպես նաև Bjarke Ingels Group-ը, Կենգո Կուման, MVRDV-ն և այլք Հայաստանից և ամբողջ աշխարհից:
Համալիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, կրթական և տեխնոլոգիական հանգույց է, որը ներառում է Թումոյի գործնական կրթական ծրագրերը, ենթակառուցվածքներ կրթության և աշխատանքի համար, ընդհանուր լաբորատորիաներ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:
Մրցակցող անհատներից կամ կազմակերպություններից 3-ը կընտրվեն մրցույթի ժյուրիի կողմից երկրորդ` եզրափակիչ փուլին մասնակցելու համար: Այդ 3-ից մեկը սեպտեմբերին հաղթող կճանաչվի և կնախագծի ԵՄ Թումո համալիրը: Շինարարությունը կմեկնարկի 2020 թվականի գարնանը և ավարտին կհասցվի հաջորդող 2-ից 3 տարվա ընթացքում: Մրցույթի ժյուրին գլխավորում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ճարտարապետության և նախագծման բաժնի դեկան և 2020 թվականի Վենետիկի բիենալեի համադրող Հաշիմ Սարկիսը:
Որպես ինժեներական և կիրառական գիտությունների տարածաշրջանային ամենահավակնոտ կրթական ծրագիր` Երևանի Թումոյի կողքին տեղակայվելիք և 25,000 ք.մ. մակերես զբաղեցնող ԵՄ Թումո համալիրը կհանդիսանա կրթությունն ու ձեռնարկատիրությունը միավորող, ինչպես նաև ուսանողներին, երիտասարդ մասնագետներին և տեղական ստարտափներին իրենց միջազգային գործընկերների հետ կապող ակտիվ համայնք: