Թումո լաբորատորիաներ․ աշխատելով 3D սքանավորման ապագայի հետ

Թումո լաբորատորիաներ․ աշխատելով 3D սքանավորման ապագայի հետ
Թումո լաբորատորիաները տեխնոլոգիաների և ինժեներության անվճար կրթական հանգույց է, որը կապում է բարձրագույն կրթությունն արդյունաբերության հետ: Ծրագիրը ներկայացնում է ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կրթական ուղղությունը: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Թումո լաբորատորիաներում աշխատանքային խառնաշփոթ էր՝ ընթանում էր Osensus Armenia-ի հետ համատեղ նախագծի հերթական դասընթացը։ Սենյակի անկյունում, իր ողջ շուքով, հատակից մինչև առաստաղ է ձգվում 3D սքաները որպես դասընթացի գլխավոր հերոս։ Ուսանողների մի մասն ուսումնասիրում է համակարգչային ծրագրեր ու ծրագրավորման լեզուներ, իսկ մյուսները՝ մտնելով սարքավորման մեջ, ստանում իրենց իրատեսական պատկերները։ Դասընթացն այս անգամ վարում է հենց 3D Fascination սքաների ստեղծողը՝ Ալֆրեդ Վայցենաուերը, ով նաև Osensus GmbH-ի գործադիր տնօրենն է։

Թումո լաբորատորիաների և Osensus Armenia-ի նախագիծը համախմբել է ուսանողների և երիտասարդ մասնագետների, որոնք պատրաստ են սուզվել այս գերժամանակակից տեխնոլոգիայի նրբությունների մեջ։ 3D Fascination֊ն այժմ համարվում է անիմացիոն օբյեկտների սքանավորման ամենահարմար սարքավորումը։ Այս նախագծի ընթացքում ուսանողները սքաներն օգտագործում են միայն սկզբնական փուլում, այնուհետև նրանք պետք է ստանան արդեն նկարահանված ու սքանավորված պատկերների եռաչափ մոդելները։ Դասընթացին Ալֆրեդը ներկայացրեց սքաների հնարավորությունները՝ լրացված և վիրտուալ իրականության (AR/VR) գլոբալ ճանաչման շրջանակում։ «Մինչ օրս մեր 3D մոդելները կայուն էին ու չէին շարժվում։ Բայց հիմա արդեն ունենք լրացված իրականությունը 3D օբյեկտներով լրացնելու հնարավորությունը։ Դա կարող է լինել նույնքան պարզ, որքան ձեր սմարթֆոնը օգտագործելով՝ մեր սքանավորած 3D օբյեկտներից մեկը անմիջապես AR կարգավորումներին միացնելը»։

img 1340 - Թումո լաբորատորիաներ․ աշխատելով 3D սքանավորման ապագայի հետ

Հենց այդտեղ էլ ի հայտ է գալիս կմախքային անիմացիան՝ մոդելի կառուցվածքի և հոդերի կարգավորման գործընթացը։ AR-ի զարգացող աշխարհում անիմացիոն եռաչափ մոդելների օգտագործմանը նույնպես նպաստելու համար ուսանողները, որոնց օգնում է Ալֆրեդը՝ Սուրեն Աբրահամյանի և Սերոբ Բալյանի (Osensus Armenia-ից) հետ միասին, պետք է ստեղծեն և զարգացնեն ավտոմատացված կմախքային անիմացիայի գործընթաց (rigging), եռաչափ մոդելների անիմացիաներ։ Այսպիսով ուսանողները պետք է հետազոտեն, առանձնացնեն ու համակցեն ծրագրային ապահովման տարբեր ձևեր՝ ավտոմատացված եռաչափ անիմացիոն մոդելների ստեղծմանը ավելի մոտենալու համար։ Սերոբը նշում է․ «Կմախքային անիմացիան, ինքնին, այնքան էլ հսկայական գործ չէ, քանի որ բազմաթիվ ծրագրեր արդեն լուծել են խնդիրը։ Ամենաբարդ մասը կապված է ավտոմատացված կմախքային անիմացիայի հետ, սակայն Թումո լաբորատորիաների և ուսանողների օգնությամբ կարծում ենք, որ կկարողանանք հասնել այս ադյունքին»։

img 1297 - Թումո լաբորատորիաներ․ աշխատելով 3D սքանավորման ապագայի հետ

Նախագծի շրջանակում ուսանողների հետ աշխատել է նաև Թումոյի 3D մոդելավորման դասընթացավար Գարիկ Խոդավերդին․ «Ունեի կարճ ժամանակ, որպեսզի ուսանողներին ծանոթացնեի 3D մոդավորման փուլերին և սովորեցնեի Autodesk, Maya 3D անիմացիոն, ZBrush ծրագրերը։ Առավելագույնս ինտենսիվ ենք աշխատել՝ քննարկել ենք բավականին շատ թեմաներ ու ստացել արդյունքներ։ Սքաների հետ աշխատանքի դասընթացին ես էլ մասնակցեցի, որպեսզի  ուսանողները համակարգչային և պրակտիկ հատվածները հեշտ համադրեն»։

img 1363 - Թումո լաբորատորիաներ․ աշխատելով 3D սքանավորման ապագայի հետ

Osensus-ը նախկինում իր առջև խնդիր էր դնել մատուցել եռաչափ սքանավորված օբյեկտների ամբողջական մաքրման ծառայություններ, սակայն այժմ կազմակերպությունը պատրաստվում է ստեղծել ամբողջական ծրագրային փաթեթ (A-Z)։ Ըստ նրանց` այս զարգացումը կարող է տեղի ունենալ այնպիսի համագործակցությունների միջոցով, ինչպես Թումո լաբորատորիաների և նախագծին մասնակցող հետաքրքրասեր երիտասարդների օգնությամբ։ «Սա, միանշանակ, իդեալական սկիզբ է այն ուսանողների և երիտասարդ մասնագետների համար, ովքեր ցանկանում են բացահայտել 3D մոդելավորման և AR/VR-ի աշխարհը»․ ասում է Սուրենը։ «Ուսանողները ստեղծում են իրական ապրանքներ և տեսնում են իրական կյանքի խնդիրների իրական արդյունքներ»։ Ալֆրեդը, արձագանքելով Սուրենի մտքերին, ավելացնում է․ «Նրանք չափազանց մոտիվացված են և ունեն հմտությունների ամուր հիմք։ Եվ նրանք տալիս են ճիշտ հարցեր, ինչը նշանակում է, որ ներգրավված են»։

img 1335 - Թումո լաբորատորիաներ․ աշխատելով 3D սքանավորման ապագայի հետ

Վերջին հաշվով, նախագծի նորարարական, սահմաններ կոտրող բնույթը ամբողջովին համապատասխանում է Թումո լաբորատորիաների գաղափարին։ Միավորվելով 10Xengineering-ի հետ` անցած աշուն Թումո լաբորատորիաներն իրականացրեց իր առաջին նախագիծը՝ ուսուցանելով կլիմայի հսկողության ամբողջովին ավտոմատացված համակարգի նախագծում Հայաստանում ֆրանսիական համալսարանի մի խումբ ուսանողների համար։ Իսկ այժմ ընթանում են երկու տարբեր նախագծեր՝ կապված մեքենաներրի համարանիշների հսկողության AI համակարգերի և առողջապահության համակարգում տվյալների նորարարական կառավարման հետ։ Լինելով ԵՄ Թումո համալիրի բաղկացուցիչ մասը՝ Թումո լաբորատորիաներն արդեն իրականություն է դարձնում կենտրոնի առաքելությունը, ինչպես Սուրենն է մատնանշում ՝ «միավորելու երիտասարդ մասնագետներին և այն էներգիան ու գաղափարները, որ նրանք առաջարկում են այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսին մերն է»։ Իսկ արդեն ընդմիջմանը ուսանող Արփեն Թադևոսյանը նշեց․ «Սա, անշուշտ, մարտահրավեր է։ Սակայն, միևնույն ժամանակ իսկապես հետաքրքիր է կարողանալը աշխատել ինչ-որ բանի հետ, որը ազդեցություն է ունենում իրական աշխարհի վրա»։

Ի դեպ, պայմանավորված Հայաստանում և ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակով Թումո լաբորատորիաներն իր բոլոր դասընթացներն այժմ իրականացնում է առցանց։