Աննա Դավթյանն ու ժամանակակից գրականության ապագան

Աննա Դավթյանն ու ժամանակակից գրականության ապագան

Օրերս գրող Աննա Դավթյանը ստացավ Գրքի երևանյան փառատոնի արձակի անվանակարգի առաջին մրցանակը, բացի այդ վերջերս Աննան արժանացել էր նաև ԿԳՄՍ նախարարության հատուկ դրամաշնորհի իր «Խաննա» վեպի համար: Թումոյի ստեղծագրության դասընթացավար Աննան ժամանակակից ամենաակտիվ հայ գրողներից է, ով ստեղծագորոծում է թե արձակի, թե պոեզիայի ժանրում:

«Դուք գրո՞ղ եք, ես մտածում էի` գրողները միայն մեռած են լինում»:

Աննան առաջին հերթին փորձում է ուսանողների մոտ կոտրել գրողի ու գրականության շուրջ ստեղծված տարատեսակ առասպելները. «Կա գրականության պրոպագանդիստական աշխարհն ու կա իրականը: Մեզ միշտ թվում է, որ առաջինն ավելի ուժեղ է, որովհետև կարելի է դրա շուրջ հյուսել լեգենդներ, ներկայացնել այդ աշխարհը իրականին հակադրվող կանոններով: Բայց երբ ուսանողին գցում ես գրականության իրական աշխարհը, նա այն ավելի բարձր է գնահատում, այդ աշխարհն իրենց ավելի է ձգում, որովհետև այն իրենց կյանքին շատ ավելի մոտ է, բխում է իրենց կարիքներից ու բավարարում է իրենց պահանջները,- ասում է Աննան: «Ուսանողներիցս մեկը առաջին դասընթացի ժամանակ, իմանալով, որ գրող եմ, հարցրեց. «Դուք գրո՞ղ եք, ես մտածում էի` գրողները միայն մեռած են լինում»: Այնպես որ իմ նպատակն է հանել նրանց կարծրատիպային մտածողությունից ու դնել գրականություն կոչված կախարդանքի մեջ»:

«Լավ գրողը լավ CV էլ կգրի»:

Այն հարցին, թե արդյո՞ք գրելու հմտություններ կարող է ձեռք բերել յուրաքանչյուրը, թե՞ դրա համար ինչ-որ յուրահատուկ տաղանդ է պետք, Աննան պատասխանում է. «Գրականության սահմանները շատ լայն են, ժանրերն էլ շատ, բոլորն էլ կարող են իրենց որևէ տեղ գտնել, այլ հարց է, որ դժվար է այս ուղով գնալը, սա որոշակի կյանքի ձև է, ապրելակերպ: Համենայն դեպս ես փորձում եմ ուսանողների միջից հանել բոլոր վախերը, շատ եմ ուզում, որ նրանք գնան այդ դժվար ճանապարհով: Լավ գրող դառնալու համար ինչ-որ տեղ պետք է հաղթահարել «ստեղծագործականություն» կոչվածը, ու փորձել գնալ դրանից այն կողմ, որտեղ մակերեսային ստեղծագործականությունը ավարտվում է: Բայց վերջ ի վերջո գրելը մարդու կյանքի ամենակարևոր հմտություններից է. եթե ինչ-որ տեղ կանգ էլ առնեն այդ ստեղծագործականության ճանապարհին, գոնե լավ CV կգրեն: Այնպես որ ես փորձում եմ բացահայտել նրանց մեջ առավելագույնը ժամանակակից գրողների, ավելի նվազ ակնկալիքների դեպքում` գոնե լավ CV կամ նամակ գրողների: Իսկ եթե ընդունված ձևակերպմամբ` եթե անգամ լավ գրող էլ չդառնան, լավ ընթերցող կդառնան»:

IMG 9566 - Աննա Դավթյանն ու ժամանակակից գրականության ապագան

«Կարո՞ղ է ավելի քիչ եմ պահանջում, քան նրանք կարող են անել»:

Աննայի դասընթացները հաճախ թեժ են անցնում. «Իմ նպատակն է դասընթացի ժամանակ քննարկել, բանավիճել, անհարմար հարցեր տալ, անպայման լսել ուսանողների բողոքները: Մի ուսանող բողոքել էր Պարույր Սևակի գործերի մասին իմ կարծիքից ու բացատրելու համար, որ խնդիրս անձնական չէ, ստիպված էի շրջայց անել մոդերնիզմի ու պոստմոդերնիզմի պատմությունով, բացատրել այդ իզմերը, ցույց տալ Սևակին այդ իզմերի մեջ, որ ինքը հենց մշակութաբանորեն հասկանա կարծիքս ու գրողին: Պատանիները շատ են փոխվում այն դասերի ժամանակ, որոնք քիչ են կապված տեխնիկականության հետ, այլ ներառում են հարցեր կյանքի, փիլիսոփայության, չարի, բարու, լավի, վատի մասին: Երբեմն այնքան են շշմեցնում իրենց արդյունքով, որ ստիպում են վերանայել մոտեցումս, մտածել` կարո՞ղ է ավելի քիչ եմ պահանջում, քան նրանք կարող են անել»:

«Արվեստը արվեստային տեսություններից մի ոտք այն կողմ դնելն է»:

«Չգիտեմ, թե ինչը կարող է այժմ խանգարել մարդուն Հայաստանում գրել: Իհարկե, ինքս երկար տարիներ մի լուռ սենյակ չեմ ունեցել հանգիստ նստելու ու գրելու համար: Համակարգիչս վերցնում, գնում էի Ազգային գրադարան, մի անկյուն գտնում: Շատ էի նեղվում, բայց դա էլ չպիտի լինի պատնեշ գրելու համար: Գրողին Հայաստանում դժվար է նաև ֆինանսական առումով, չես կարող կենտրոնանալ միայն քո բուն աշխատանքի վրա: Գրողի առաջ ծագած հիմնական մարտահրավերը ինչ-որ հաջողության ֆորմուլաներին հետևելն է: Ավելին, կարծում եմ, գրականությունը այդ ֆորմուլայից դուրս ընկած բանն է: Արվեստը առաջանում է, երբ դու այդ արվեստային տեսություններից մի ոտք այն կողմ ես դնում, անում ես մի բան, որ դեռ չեն արել»,- ասում է Աննան: Աննայի ուզածն է նաև, որ Հայաստանում լինի ժամանակակից գրականությունը կարդացող, անհաշտ ու քննադատող մեծ համայնք, ինչի բացակայությունը գրողին շատ է խանգարում: