#Թումո10. Աննան ստարտափների փնտրտուքում

#Թումո10. Աննան ստարտափների փնտրտուքում

Ցանկացած նոր նախաձեռնություն սկսելիս դժվարը սկիզբն է, այլ կերպ ասած` զրոյից մեկ ստանալը: Սա նոր ձևավորվող ստարտափների հիմնական խնդիրն է, քանի որ դրանցից շատերը չեն հաջողում հենց այս փուլում: Ըստ European Association of Business Angels-ի կատարած հետազոտության աշխարհում օրական ստեղծվում է 137,000 նոր նախագիծ, իսկ յուրաքանչյուր 10 նախագծից 9-ը ձախողվում է 1-3 տարում: Ձախողման պատճառները շատ տարբեր են` թիմային խնդիրներից մինչև նպատակի սխալ ձևակերպում ու շուկայի ընտրություն:

Հայկական ստարտափների հաջողությանը նպաստելու, տարբեր մարդկանց մեկ գաղափարի շուրջ միավորելու և ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու նպատակով Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը` FAST -ը իրականացնում է մի շարք ձեռնարկատիրական ծրագրեր: Այս ամենում «թաթախված» Աննան էլ Թումոյի առաջին ուսանողներից է, ով նախորդ տարվանից միացել է FAST-ի թիմին որպես նորարարությունների վերլուծաբան:

«Ես նորարարությունների թիմում եմ աշխատում, որտեղ պլանավորում և իրականացնում ենք ձեռնարկատիրական ծրագրեր թե՛ արդեն ձևավորված ստարտափների թիմերի, թե՛ անհատների համար, ովքեր ցանկանում են հիմնել իրենց ստարտափները: Այս ծրագրերի միջոցով հնարավորություն է ստեղծվում մասնակիցներին տալ համապատասխան գիտելիքներ, մասնագիտական կապեր ու օգնել նրանց ներգրավել ֆինանասական ռեսուրսներ»,- պատմելով իր աշխատանքի մասին ասում է Աննան:

2 2 - #Թումո10. Աննան ստարտափների փնտրտուքում

Աննան ստարտափների հետ աշխատում է արդեն չորս տարի ու այս ընթացքում հանդիպել է մեծ պոտենցիալ ունեցող ստարտափների և հնարավորություն է ունեցել հետևել նրանց աճին ու զարգացմանը. «ինձ ոգեշնչում է, թե ինչպես կարող է մարդն ունենալ մի գաղափար ու անգամ դժվարությունների հանդիպելու դեպքում անընդհատ փորձել հասնել իր նպատակին»: Շարունակելով` Աննան պատմում է վերջերս ավարտված M1TQ ինկուբացիոն ծրագրի մասին, որն իրականացվել է DigiTown նախագծի շրջանակներում` FAST-ի համագործակցությամբ. «Այս 12-շաբաթյա ծրագրի միջոցով ցանկանում ենք երիտասարդներին խրախուսել զբաղվել ձեռնակատիրությամբ և նրանց ապահովել բոլոր այն հնարավորություններով, որոնք անհրաժեշտ են գաղափարը բիզնես դարձնելու համար: Այս անգամ մասնակցում էին 8 ստարտափներ, որոնք անցան դասընթացներով ու պրակտիկ գործընթացներով, ունեցան անհատական մենթորներ և ծանոթացան պոտենցիալ ներդրողների հետ»:

Աննան Թումո է ընդունվել 14 տարեկանում և ինչպես ինքն է ասում` այստեղ բացայտեց այնպիսի ուղղություններ, որոնց հակառակ պարագայում դժվար թե ծանոթանար. «Հետաքրքրվում էի կայքերի ստեղծմամբ ու ֆիլմարտադրությամբ: Առաջինի դեպքում հստակ գիտեի, որ ապագայում պետք է գալու ու ինչ-որ տեղ օգտագործելու եմ, իսկ ֆիլմերի դեպքում զուտ հետաքրքրությունս էի բավարարում: Հիմա ֆիլմերը պարզապես հաճույք ստանալու համար չեմ նայում, այլ փորձում եմ ինքս իմ մեջ վերլուծել այն գիտելիքներով, որոնք ստացել եմ Թումոյում»:

Միֆ, թե՞ իրականություն

«Վարժանքներն իրականացնելուց մրցակցություն կար, թե ով ամենաշատ միավորները կհավաքի: Ու չգիտեմ միֆ էր, թե չէ, բայց ասում էին, ով ամենաշատ միավորները հավաքեր բարձրանում էր երկրորդ հարկ, որն արգելված զոնա էր ուսանողների համար»: Դե, չէինք կարող այս հարցն այսպես անպատասխան թողնել` այո, եղել է նման բան առաջին ամենաակտիվ ուսանողներից Հովիկ Թամազյանը «վկա»: