9456 կիլոմետր․ հենց այսքան է Երևանի և Դետրոյթի միջև հեռավորությունը՝ ամերիկյան քաղաք, որն անիմատոր և դասընթացավար Գարի Շվարցը համարում է իր տունը, և որտեղից էլ նա վերջերս անցկացրեց ստոպ-կադր անիմացիայի աշխատարանը Թումոյի ուսանողների համար։ Գարին և աշխատարանի մասնակից թումոցիներն իրենց տան համակարգիչներով շաբաթական երեք անգամ հանդիպում էին Zoom հարթակում՝ քննարկելու ստոպ-կադրի տեխնիկաները և տները անիմացիոն ստուդիաների վերածելու եղանակները։ Դե իսկ հյուրասենյակները, ննջարանները և խոհանոցները, կորցնելով իրենց հիմնական նշանակությունը, օգտագործվում էին որպես ֆոն։
Չնայած, որ սա Գարիի արդեն վեցերորդ աշխատարանն էր Թումոյում, բայց առաջինն էր, որն անցկացվում էր հառավար կարգով։ Համավարակի տարածման հետևանքով այժմ շատերն են անցել հեռավար իրականության, Թումոյի ուսանողներն ու նրանց աշխատարանների և դասընթացների ղեկավարները ևս այդ շարքում են։ «Մեզ մոտ ամեն ինչ ստացվում է, բայց ինձ շատ է պակասում ուսանողների հետ շփումը,֊ նշում է Գարին և շարունակում,- երբեմն հարկավոր է պարզել՝ արդյո՞ք ամեն ինչ հասկացել են, թե ինչ-որ բացեր կան, որոնք պիտի միասին լրացնենք»։
Տարիներ շարունակ Գարի Շվարցը ստոպ֊կադր աշխատարաններ է վարել տարբեր Թումո կենտրոններում
Ապրիլին այս խումբը ձեռնամուխ եղավ մեկ ստոպ-կադր անիմացիոն ֆիլմի ստեղծմանը։ Գարին ընտրել էր թեման՝ «թագ, որը ոչ ոքի պետք չէ» և սաունդթրեքը՝ 1947 թվականին ձայնագրված ջազային կոմպոզիցիա։ Այնուհետև երաժշտության ամեն հատված բաժանել էր ուսանողների միջև, որպեսզի նրանք հորինեն և մշակեն կոնֆլիկտով, զարգացումներով և հանգուցալուծմամբ սցենարներ։ Այնուհետև, օգտագործելով տան իրերը և հեռախոսները, ուսանողներից յուրաքանչյուրը անիմացրեց ու նկարահանեց իր հատվածը։ Իսկ վերջում այդ առանձին֊առանձին ստեղծված հատվածները միացվեցին իրար՝ դառնալով մեկ ամբողջական ֆիլմ: Սա խմբային աշխատանքի միջոցով գեղարվեստական արտադրանք ստանալու յուրահատուկ մեթոդ է, որը հայտնի է exquisite corpse անունով:
Աշխատարանի գլխավոր թեման պատկերների և ձայնի միջև կապը հասկանալն էր։ «Գարին ավելի կենտրոնացած է գաղափարի, քան տեխնիկայի վրա», բացատրում է Թումոյի ուսանող և սկսնակ անիմատոր Մանե Ներսեսյանը, ով այս աշխատարանին մասնակցում էր որպես դասընթացավարի օգնական։ «Նա միշտ ասում է, որ մտածենք երաժիշտների կամ պարողների նման, որպեսզի կարողանանք բեմադրել մեր անիմացիան՝ երաժշտությունը և տակտերը համապատասխանեցնելով վիզուալ պատկերներին»։
Գարի Շվարցը սովորեցրեց ուսանողներին՝ ինչպես կարելի է ստեղծել անիմացիոն ստուդիաներ տանը։
Աշխատարանի ընթացքում ուսանողները ստեղծել են կերպարներ և դեկորացիաներ՝ օգտագործելով ձեռքի տակ եղած իրերը՝ ներկեր, մատիտներ, թուղթ, շշերի փականներ, վինիլային սկավառակներ, գրքեր և զարդեր։ Նրանց հաջողվեց անիմացնել այս ամենը տան պայմաններում պատրաստված ստուդիայում և համադրել երաժշտության հետ։ Սմարթֆոնները և iPad֊ները ժապավենով ամրացրել էին սեղանների եզրին, իսկ լույսերը փայլում էին ներքևում գտնվող կտավների վրա․ ահա այսպիսի տեսք ունեին ուսանողների ստուդիաները։ Նրանց շրջապատող ամենափոքր իրերն ու առարկաներն անգամ ներկայացված են անիմացիայում՝ սպունգները խոհանոցի լվացարանում, լվացքի սեղմակները պարանի վրա, լոգարանի սալիկները, սեղանի եզրը և անգամ կատվի թաթը։
Ուսանողների ստոպ֊կադր ֆիլմը՝ «Թագը, որը ոչ ոքի պետք չէ»
Նրանց ջանքերի արդյունքը ձայների և պատկերների խճանկար է, որը խառնում է դիտողի զգացողությունները։ Սյուժետային գծերը տարբեր են՝ թագավորական իշխանությունից և սիմֆոնիաներից մինչև պտտվող մոլորակներն ու կորոնավիրուսի սպառնալից մոլեկուլները։ «Ամենավատ բանը, որը հավանաբար կարող եք անել, ձեր հանդիսատեսին ձանձրացնելն է»,- ուսանողների հետ արված աշխատանքի արդյունքները քննարկելու ընթացքում ասում է Գարին։ Իսկ մենք կասենք, որ «Թագը, որը ոչ ոքի պետք չէ»-ում ձանձրալի ոչինչ չկա։ Դիտեք և վայելեք այն։