Գյումրիի թումոցի Անահիտի առօրյայի մի մասը դառնալու նպատակով որոշեցինք կտրել-անցնել այն քարտեզը, որ նա է «գծում» ամեն օր: Հետևե՛ք Անահիտի օրվան թերթելով այս ֆոտոպատմությունը:
1 տարի, նկարչության 2 և ծրագրավորման 3 մակարդակ: Տպավորիչ է, այնպես չէ՞: Անահիտը հասցրել է այս ամենը արտաթումոյական ստեղծագործական հեղեղի հետ միասին:
Այն թաղը, որտեղ ապրում է Անահիտը ողողված է արվեստի դպրոցներով ու հենց այս պատճառով էլ նա ոգեշնչման պակաս չունի: Օրինակ` մոտակայքում գտնվող երաժշտական դպրոցի հնչյունները օգնում են նրան ավարտին հասցնել ընթացիկ նկարը կամ քանդակը:
Կավից խաղալիքները ստեղծելը Անահիտ սիրելի զբաղմունքներից է։: «Սա թողնելու եմ չորանա, հետո նկարազարդելու եմ, իսկ արդյունքը կարող եք գալ և ձեր աչքով տեսնել»:
Ճեպանկա՞ր: Հարց չկա: Րոպեների ընթացքում Անահիտը նկարեց փողոցի անցուդարձը:
Իսկ Ռոզի Գրիլմեյրի անցկացրած վիզուալ ծրագրավորման աշխատարանի ընթացքում Անահիտն իր թիմակիցների հետ ստեղծեց Arduino տպատախտակի վրա հիմնված երաժշտական նվագարկիչ: Նա նաև նշեց, որ իրեն էներգիա ու մոտիվացիա է տալիս ռոք երաժշտությունը, օրինակ` Pink Floyd, Nirvana և The Beatles: Լիվերպուլյան քառյակից էլ ամենաշատը սիրում է Here Comes the Sun երգը:
Անահիտը հիմնականում պատկերում է Գյումրու կենցաղից ոգեշնչված նկարներ, որովհետև այն հետաքրքիր է և գունավոր: «Քայլում էի այգով ու պատահական տեսա նարդի խաղացող պապիկների: Մտածեցի, ինչո՞ւ ոչ: Արժի նրանց էլ թղթին հանձնել»,- ասում է Անահիտն իր նկարի մասին խոսելիս: Նա չափազանց շատ է սիրում Վերածննդի շրջանի արվեստը, որովհետև «այդ ժամանակվա տեխնիկան ու գունապնակն ուրիշ են»: