Անահիտի թվային մարտահրավերները

Անահիտի թվային մարտահրավերները

Գյումրեցի Անահիտ Մաթևոսյանը 21 տարեկան է ու սովորում է Թումոյում. «Ես գրեթե 18 տարեկան էի, երբ Թումոն բացվեց: Ընկերուհիներիցս մեկը կանչեց իր հետ: Ես արդեն համալսարանում էի սովորում, բայց նոր զբաղմունքներից հրաժարվելու սովորություն չունեմ: Իհարկե, ափսոսացի, որ Թումոն ավելի շուտ չի բացվել, բայց ուրախացա, որ հասցրեցի ընդունվել»,- ասում է Անահիտը:

Մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ Անահիտը սկզբում մեծ դժվարությամբ է ընտելացել ինքնուսուցմանն ու գրեթե ամեն ինչ թվային ֆորմատում անելու հետ. «Սկսեցի նկարչության ու անիմացիայի դասընթացների գնալ, բայց քանի որ ակադեմիական նկարչությանն էի սովոր, թվայինին ոչ մի կերպ չէի ընտելանում: Որոշեցի հրաժարվել դրանից, բայց երկար չտևեց»,- ասում է նա:

Անահիտը սկսեց հերթով իրեն փորձել երաժշտության, ֆիլմերի, շարժական գրաֆիկայի ոլորտում, իսկ լուսանկարչության ոլորտում անգամ մասնագիտանալու որոշում կայացրեց: Բայց պարզվեց, որ նա հեշտ հանձնվողներից չէր. «Թվային նկարչության ու անիմացիայի ոլորտները դեռ որպես մարտահրավեր ինձ համար մնացել էին: Այնպես որ ինքս ինձ հաղթահարեցի, նորից սկսեցի զբաղվել, բայց արդեն նոր աչքով էի սկսել նայել դրանց: Վերջապես այնքան դուր եկավ այդ ամենը, որ հիմա միայն անիմացիոն կերպարներ եմ նկարում, իմ ոլորտը գտել եմ»,- ոգևորված պատմում է Անահիտը:

Անահիտը թվային աշխարհով այնքան տարվեց, որ անգամ որպես դիպլոմային աշխատանք ընտրեց բրենդավորումը. «Իրականացրեցի «Անահիտ» գորգի գործարանի բրենդավորումը: Այո, ճիշտ նկատեցիք, Անահի՛տ, ինչ վատ անուն է որ: Համալսարանում զարմացել էին, որովհետև բրենդինգ այնտեղ չէին սովորեցրել, բայց շատ էին ուրախացել, որ իրենց ուսանողը կարողանում է նաև դա անել: Իսկ գորգի գործարանի միտքը պատահական չէր, դա իմ երազանքն է: Ես վաղուց արդեն ուսումնասիրում եմ գորգագործությունը, անում եմ գորգերի էսքիզներ ու անգամ գործում եմ, այնպես որ շուտով հուսով եմ իրականացնել երազանքս: Կարող եմ դառնալ մարդ-գործարան»,- ծիծաղում է նա:

Like
Like Love Haha Wow Sad Angry
272