#Թումո10. Անահիտը պրպտալու և մնայունը ստեղծելու կարևորության մասին

#Թումո10. Անահիտը պրպտալու և մնայունը ստեղծելու կարևորության մասին

Երբ Թումո Երևանը բացվեց 2011-ին, ոչ ոք լիովին չէր հասկանում, թե գրանցվելով ծրագրին՝ ինչ է, ի վերջո, սովորելու: Բայց ամենասկզբից էլ գտնվեցին մի շարք հետաքրքրասեր պատանիներ, ովքեր գրանցման առաջին օրից եկան՝ բացահայտելու անհասկանալին, ու, կարծես, չփոշմանեցին իրենց որոշման համար։ Այդ պատանիներից է Անահիտը, ով 21 տարեկանում հասցրել է` Թումոյի մի շարք ոլորտների գուրու դառնալ, սովորել Դիլիջանի միջազգային դպրոցում ու Ֆլորիդայի Watson-ի անվան ինստիտուտում, պրակտիկա անցնել IPM Group ակտիվների ղեկավարման ընկերությունում և հետ գալ Երևան: 

Թումո ասելիս շատերն առաջին հերթին պատկերացնում են այն տեխնիկական հմտությունները, որոնք ուսանողները ստանում են կենտրոնում` ծանոթանալով ոլորտների, որոնց մեկ այլ պարագայում  դժվար թե անդրադառնային: Անահիտը, օրինակ, պատմում է, որ Թումոն իր համար միայն տեխնիկական հմտություների մասին չէ. «Ամեն անգամ, երբ ինձ խնդրում են պատմել Թումոյի մասին, ես ասում եմ ՝ պատկերցրեք մի միջավայր, որտեղ դուք գալիս եք առանց որևէ հիմնային գիտելիքների, ձեզ տալիս են ակադեմիական ազատություն, ռեսուրսներ և մեծ հնարավորություն «պրպտալու» և ստեղծելու»։

Անահիտը Թումոյի ուսանողական տարիներին

Անդադար պրպտալու հմտությունը և գեղեցիկը ստեղծելու ձգտումը Անահիտին հասցրեցին գրաֆիկական դիզայնի դասընթացի սենյակ. «Չնայած հիմա դիզայնով չեմ զբաղվում, դա իմ առաջին լուրջ մարտահրավերն էր սուզվելու մի ոլորտ, որին բացարձակ ծանոթ չէի: Լավ փորձառություն է, երբ կարողանում ես զրոյից ստեղծել գեղեցիկը: Թումոյի դասընթացների ժամանակ ես հասկացա, որ ցանկացած ոլորտ հասանելի և հաղթահարելի է, երբ դու ձգտում ունես և աշխատում ես թիմում»: 

anahit.mkrtchyan99 1111040018 page 1 - #Թումո10. Անահիտը պրպտալու և մնայունը ստեղծելու կարևորության մասին
anahit.mkrtchyan99 1111040018 page 2 - #Թումո10. Անահիտը պրպտալու և մնայունը ստեղծելու կարևորության մասին

Անահիտի գրաֆիկ դիզայն ոլորտի աշխատարանի արդյունքներից

Թումոյում 5 տարի սովորելուց հետո Անահիտը ընդունվում է Դիլիջանի միջազգային դպրոց. «Պատահական չէ, որ Դիլիջանի դպրոցի մասին առաջին անգամ  լսեցի Թումոյում և նպատակ դրեցի ընդունվել: Հենց Թումոյում ես սովորություն ձեռք բերեցի՝ ցանկացած միջավայրում գտնել լավագույն հնարավորությունները ու հասնել դրանց»: 

Դիլիջանի միջազգային դպրոցն ավարտելուց հետո Անահիտը ընդունվեց Լին համալսարանի Վաթսոնի անվան ինստիտուտ. «Թումոն ինձ նաև սովորեցրեց սիրել ոչ ֆորմալ ուսման ձևաչափը: Այդ պատճառով, երբ համալսարանի ընտրության առաջ էի կանգնած, ընտրեցի համալսարան, որը ինկուբատորային տիպի է: Այնտեղ դու ընդունվում ես քո նախագծի գաղափարով  և ավարտում հստակ բիզնես պլանով: Համալսարանական տարիների ընթացքում ես հասկացա, որ ցանկանում եմ զբաղվել այնպիսի նախագծերով,ձեռնարկատիրությամբ, որոնք անպայման կունենան իր դրական սոցիալական ազդեցությունը»: Հայաստան վերադառնալուց առաջ Անահիտն իրեն ևս մի փոքր մարտահրավեր է նետում՝ պրակտիկայի անցնելով IPM Group ընկերությունում: Այնտեղ նա ստանձնում է կրտսեր վերլուծաբանի հաստիքը:

Անահիտի UWC և Վաթսոնի ինստիտուտի ուսանողական տարիներից

Անահիտը մեզ հետ շատ չխոսեց իր ապագա պլանների մասին, քանի որ նրանք շատ են, բայց դեռ ոչ համակարգված: Փոխարենը՝ կիսվեց իր հետագա կարիերայի կառուցման ֆորմուլայով. «Չարժե մտածել միայն նրա մասին, թե ինչպես գումար վաստակել: Կարևոր է հասկանալ, թե ինչ ես ստեղծում և ինչի մաս ես կազմում»:

ՄԻ ՓԱՍՏ

Անահիտը առաջին անգամ աշխատանքային փորձառություն է ստացել 17 տարեկանում և աշխատել է նա Թումոյում, զբաղեցնելով հատուկ դասընթացների կազմակերպման կորդինատորի հաստիքը: 

Ի դեպ, գլխավոր նկարում Անահիտն է 2016-ին՝ Թումոյի 5-ամյակի արշավից։