Ալեքսանդրը` Ասկերանի Թումո տուփի բացմանը
Ասկերանի Թումո տուփի բացմանը հավաքվել էր տեղացի պատանիների մի մեծ խումբ՝ դիմավորելու իրենց սեփական Թումոն։ Նրանց մեջ մի երիտասարդ առանձնանում էր ոչ միայն իր բարձր հասակով, այլև նրանով, որ նա արդեն Թումո շրջանավարտ էր։ Ալեքսանդր Շահրամանյանը Ասկերան էր վերադարձել ամառային արձակուրդների համար. նա այժմ տվյալագիտություն է ուսումնասիրում Յուտայի համալսարանում։ Նա եկել էր տուփի բացմանը՝ շնորհավորելու իր կրտսեր ընկերներին ու պատմելու իր թումոյական ուղու մասին։ Այդ ուղու մասին կպատմենք հերթով։
Ալեքսանդրը` Թումո Ստեփանակերտում իր ուսանողական տարիներին
Կանգառ 1
Ասկերան – Ստեփանակերտ
Ալեքսանդրը Թումո Ստեփանակերտի առաջին ուսանողներից է եղել: Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհը հինգ տարի նրա համար սովորական էր դարձել։ Ամեն շաբաթ Թումո գալու արդյունքում նա անցավ տասնյակ դասընթացներ ռեկորդային տասը տարբեր ոլորտներից: Այդքանից մի ոլորտը նրա համար որոշիչ էր։ Պատմում է, որ ծրագրավորման դասընթացից հետո հայտնաբերել է տվյալագիտությունն ու ընտրել իր ապագա մասնագիտությունը:
Կանգառ 2
Ասկերան – Երևան
2020 թ.-ին Ալեքսանդրը ընդունվել է միանգամից 2 համալսարան. Ամերիկյան համալսարան՝ Հայաստանում և Յուտայի համալսարան՝ Ամերիկայում: Կես տարի նա միաժամանակ օնլայն սովորեց 2 համալսարանում, իսկ հիմա արդեն Յուտայում է` որոշել է գնալ իր երազանքի հետևից և մեկնել է ԱՄՆ:
Կանգառ 3
Երևան – Յուտա
Ալեքսանդրի առօրյան հիմա զբաղված է մի բանով՝ տվյալագիտությամբ։ Յուտայի համալսարանում սովորելու հետ մեկտեղ նա աշխատում է իր դասախոսներից մեկի ստարտափում, և պլաններ մշակում հիմնել իր սեփական ստարտափը:
Ասում է, որ ամեն անգամ իր նախագծերի պրեզենտացիաներն անցկացնելիս հիշում է Թումոյում իր առաջին աշխատարանի պրեզենտացիայի հուզմունքն ու զարմանում, թե ինչպես Թումոյում սովորեց իր մտքերը ինքնավստահ ձևով ներկայացնել՝ ի սկզբանե այդքան ամաչկոտ լինելով:
Ասկերանում Թումո տուփի բացմանը Ալեքսանդրն ասում է. «Կարևոր է, որ պատանիներն ունենան այլընտրանքային կրթության հնարավորություն: Ի վերջո, ինչպես իմ դեպքում, շատերի համար դա նույնպես կարող է մեծ դեր ունենալ մասնագիտության ընտրության ու անձնային զարգացման հարցում»:
Հարցազրույցի վերջում պայմանավորվեցինք, որ տարիներ անց կրկին կհանդիպենք Թումոյում, այս անգամ արդեն՝ տվյալագետ Ալեքսանդր Շահրամանյանի հետ, հարցուպատասխանի շրջանակում: