Քրոջ, եղբոր ու իրենց ռոբոտների մասին

Քրոջ, եղբոր ու իրենց ռոբոտների մասին

Քույրը 14 տարեկան է, եղբայրը՝ 13: Քույրը ակտիվ է ու հետաքրքրասեր: Եղբայրը ամաչկոտ ժպիտ ունի ու մի քիչ ավելի զգույշ է խոսքեր ընտրում: Երկուսն էլ ռոբոտաշինության սիրահարներ են: Լիլիթ և Աշոտ Թառումյանները շաբաթը երկու օր Աշտարակից Թումո Երևան են գալիս (հիմա երեք օր, որովհետև Աշոտը ռոբոտաշինության թիմի հետ է աշխատում մի գալիք մրցույթի համար):

Լիլիթը սկսել է Թումո հաճախել համարյա երկու տարի առաջ, երբ էլ որոշել է զբաղվել ռոբոտաշինությամբ ու խաղերի ստեղծմամբ: «Ես շատ եմ սիրում այն, որ ռոբոտաշինության դասընթացը թույլ է տալիս ցանկացած գաղափար իրականություն դարձնել: Իսկ մարզիչները շատ լավն են ու մեզ ոգեշնչում են»: Իր անցած աշխատարաններից Լիլիթը ամենաշատը սիրել է NASA-յի ճարտարագետ Ռիչարդ Օհանյանի «Ինչպես ստեղծել անօդաչու և ստարտափ»-ը, որովհետև մասնակիցները ոչ միայն ռոբոտներ են պատրաստել, այլև սովորել են՝ ինչպես ստեղծել սեփական նախագծեր ու հասնել գծված նպատակներին:

Աշոտին դուր է գալիս համատեղել Թումոյի տարբեր կրթական ուղղությունները: «Առաջին անգամ գնացի ռոբոտաշինության դասընթացի, որովհետև մտածում էի՝ հաստատ հետաքրքիր կլինի: Ես ճիշտ էի: Հետո որոշեցի, որ պիտի ծրագրավորող դառնամ, այնպես որ սկսեցի ծրագրավորման դասընթացների էլ մասնակցել: Իսկ հետո որոշեցի Unity սովորել ու գնացել խաղերի ստեղծման դասընթաց: Կարծում եմ, որ շատ կարևոր է առավելագույնս սովորել, որ ապագայում հաջողակ ծրագրավորող դառնամ»:

Չնայած այս երկուսը նման հետաքրքրություններ ունեն ու նույնիսկ նույն դասընթացներին են մասնակցում, Լիլիթն ու Աշոտը ոչ մի մրցակություն չեն զգում: Իրականում՝ ուղիղ հակառակը: «Մենք շատ ենք իրար օգնում: Եթե մեզնից մեկը դասընթաց է բաց թողնում կամ մի բան այնքան էլ լավ չի հասկանում, մյուսը ամեն ինչ անում է օգնելու համար»:

Բացի նրանից, որ այս երկու թումոցիների ապագայում միայն լավն է կարելի տեսնել, նաև կարելի է տեսնել դրա բազմապատկում: Լիլիթի ու Աշոտը փոքր եղբայրը հինգ տարեկան է, ու հաստատ մեծանալուն պես կընդունի քրոջ ու եղբոր խորհուրդները Թումոյից լավագույն ձեռք բերելու համար:

ՄԻ-ԵՐԿՈՒ ՓԱՍՏ

Լիլիթը սիրում է կարդալ: Այնքան շատ, որ երբ գիրք է կարդում, որը իրեն հետաքրքիր է թվում՝ կողպում է իր սենյակի դուռը, ոչինչ չի ուտում ու ոչ ոքի հետ չի խոսում մինչև չվերջացնի այն: Իրենց մայրիկը այս սովորությունը հեչ չի սիրում:

Աշոտը մեկ դասարան «թռել» է ու հիմա իր քրոջ դասարանից է: Նա նաև այնքան է կենտրոնանում, երբ մի բանի վրա է աշխատում, որ արտաքին աշխարհը ընդհանրապես չի ընկալում: Այս սովորությունն էլ Լիլիթի ու Աշոտի մայրիկի սիրելիսներից չէ:

Like
Like Love Haha Wow Sad Angry
3