օր

  ժամ 

  րոպե 

վայրկյան 

Թումոն ուրախ է հայտարարել երկրորդ ամենամյա Վահէ և Լյուսի մրցույթի մասին, որին կարող են մասնակցել Թումոյի ուսանողներն ու շրջանավարտները` ներկայացնելով իրենց աշխատանքները առաջադրված հինգ անվանակարգերում` արվեստ, տեխնոլոգիաներ, երաժշտություն, ֆիլմ և լուսանկարչություն:

  • Արվեստի անվանակարգում դիմումները կարող են ներառել պլաստիկից աշխատանքներ ու վիզուալ արվեստ, գրաֆիկական դիզայն, նկարազարդումներ, վիդեո արտ, կատարողական կամ կոնցեպտուալ արվեստ և այլն:
  • Տեխնոլոգիաների անվանակարգում դիմումները կարող են ներառել ծրագրային լուծումներ, տեսախաղեր, կայքեր, հավելվածներ, ռոբոտաշինություն, մեխանիկական սարքեր, տեխնիկայի նորարարություններ և այլն:
  • Երաժշտության անվանակարգում դիմումները կարող են ներառել հեղինակային կամ այլ երգերի ձայնագրություններ, և այլ կոնցեպտուալ ձայնային արվեստ:
  • Ֆիլմերի ստեղծման անվանակարգում դիմումները կարող են ներառել, բայց չսահմանափակվել խաղարկային, վավերագրական ֆիլմ, հեղինակային ֆիլմ կամ անիմացիա:
  • Լուսանկարչության անվանակարգում դիմումները կարող են լինել ինչպես փաստագրական, այնպես էլ գեղարվեստական ժանրերի։ Ընդունվում են առանձին լուսանկարներ, ինչպես նաև ֆոտոպատմություններ: (Առանձին լուսանկարներ ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է կցել առավելագույնը 3 լուսանկար, իսկ ֆոտոպատմությունների  դեպքում կարելի է դիմել մեկ աշխատանքով, որի լուսանկարների առավելագույն քանակը 15-ն է): 

Ժյուրիի կազմը կձևավորվի Թումոյի անձնակազմից, ուսանողներից ու համապատասխան անվանակարգերում հրավիրված մասնագետներից, ինչպես նաև Վահէ և Լյուսի ամենամյա մրցույթի 2018 թվականի մրցանակակիրներից:

Մրցույթի կանոններ՝

  • Յուրաքանչյուր մասնակից կարող է մի դիմումով ներկայանալ հինգ անվանակարգերից միայն մեկում:
  • Խմբերի կողմից դիմումներ ևս ընդունվում են:
  • Բոլոր մասնակիցները պետք է ներկայացնեն ավարտված նախագծեր՝ գաղափարներն ու մտահղացումները չեն դիտարկվի:
  • Նախագծերը կարելի է ուղարկել առցանց՝ լրացնելով ստորև ներկայացված ձևը կամ անձամբ՝ մոտեցնելով այն ցանկացած Թումո կենտրոն
  • 2018 թվականի Վահէ և Լյուսի մրցանակին անհատական նախագծերով արժանացած մասնակիցները չեն կարող դիմել 2019-ի մրցանակաբաշխությանը։ Հաղթող դարձած խմբակային աշխատանքների հեղինակները կարող են դիմել, եթե մասնակցում են անհատապես կամ այլ խմբերով։

Ժամկետներ`
Դիմումների ընդունման մեկնարկ` 2019 թ․ փետրվարի 1
Դիմումների ընդունման վերջնաժամկետ` 2019 թ․ օգոստոսի 31, 18:00
Հաղթողների ներկայացում` 2019 թ․ սեպտեմբերի 15
Մրցանակաբաշխության արարողություն` 2019 թ. սեպտեմբերի 28, 19:00

  • Դիմումները կդիտարկվեն` ըստ դրանց յուրահատկության, ներդրված ջանքերի, տեխնիկական աշխատանքի ու հմտության մակարդակի:
  • Յուրաքանչյուր անվանակարգում կգործի երեք մրցութային տեղ:

Յուրաքանչյուր անվանակարգում`

1-ին տեղ — 1,500,000 ՀՀ դրամին համարժեք մրցանակ
2-րդ տեղ — 1,000,000 ՀՀ դրամին համարժեք մրցանակ
3-րդ տեղ — 500,000 ՀՀ դրամին համարժեք մրցանակ

2019 թվականից ի վեր Վահէ և Լյուսի ամենամյա մրցույթում գործում է ևս մեկ անվանակարգ` «Բոլոր անվանակարգերի լավագույն մրցանակ»: Անվանակարգի հաղթողն ընտրվելու է Վահէ Ֆատտալի կողմից, մրցանակը կազմում է 1, 500, 000 դրամ և տրվում է մրցանակակրին կամ հաղթող խմբին՝ համապատասխան ոլորտում նախագիծ իրականացնելու համար:

*«Վահէ և Լյուսի» մրցանակաբաշխությունը տասը տարվա նախագիծ է, որը հիմնադրվել է Վահէ և Լյուսի Ֆատտալների կողմից՝ քաջալերելու Թումոյի ուսանողների առաջադիմությանը իրենց ոլորտներում։

 

Վահէ և Լյուսի Ֆատտալ

Նկարիչ և գրաֆիկական դիզայներ Վահէ Ֆատտալը ուսումնասիրել է գեղանկարչություն Փարիզի գեղարվեստի ազգային դպրոցում:

Լոս Անջելեսի մի շարք մեծ կազմակերպություններում որպես արտ-տնօրեն աշխատելուց հետո, հիմնել է դիզայնի և գովազդի սեփական գրասենյակը:

Գրասենյակի գործընկերների շարքը ներառում է այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ABC հեռուստաընկերությունը (ABC-ի բացառիկ գովազդային գործընկերն է եղել 18 տարի), Հոլիվուդյան կինոարտադրության «մեծ հնգյակը» (Paramount Studios, Columbia Pictures/Sony Pictures Studio, 20th Century Fox, Universal Studios, Warner Bros Studio), Nissan-ը, UCLA Extension-ը և այլք:

Գրասենյակն իրականացնում է կորպորատիվ ինքնության և հաղորդակցության, գովազդային և մարկետինգային արշավների, ֆիլմերի և հեռուստատեսական արշավների, շարժական գրաֆիկայի և բրենդավորման բոլոր ծառայությունները:

Միևնույն ժամանակ Վահէն ստեղծագործականորեն ներգրավված էր Հայաստանի գործընթացների և նախագծերի առաջխաղացման ծրագրերում. նախագծել է Արցախի խորհրդանիշն ու պաստառները (1988), արցախյան դրոշի դիզայնը (1988), «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի վիզուալ տարբերանշանի դիզայնը (2004)։ Ֆատտալը հանդիսացել է Հայաստան համահայկական հիմնադրամի գլխավոր համահիմնադիրներից մեկը և «make it happen» արշավի դիզայնի հեղինակն է (2004), եղել է Armenian International Magazine-ի արտ-տնօրեն (1990-1992):

Լյուսին եղել է Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտ, ունեցել է փիլիսոփայության և ֆրանսիական գրականության մագիստրոսական աստիճան: Այնուհետև Փարիզի Սորբոնի համալսարանում ավարտել է ֆրանսերենի և քաղաքակրթական գիտությունների դասընթացներ:

Վահէն և Լյուսին հանդիպել, ամուսնացել և ապրել են Փարիզում:

Հետագայում տեղափոխվել են Լոս Անջելես, որտեղ Լյուսին որոշ տարիներ ֆրանսերեն դասավանդելուց հետո հիմնել է իր տուրիստական գործակալությունը Բևերլի Հիլզում, որը տրամադրում էր միջազգային VIP ուղևորություններ և բնակության ծառայություններ արվեստի (ցուցասրահներին, արտիստներին, աճուրդի տներին, արվեստի խորհրդատուներին), ժամանցի ոլորտի (կինոարտադրողների, դերասանների, ռեժիսորների, պրոդյուսերների) ներկայացուցիչների, ինչպես նաև կորպորատիվ կազմակերպությունների:

Վահէն և Լյուսին (ով հեռացել է կյանքից 2014-ին) կիսում էին նվիրվածությունն ու սերը Հայաստանի, կրթության, արվեստի և աշխարհի բացահայտման հանդեպ:

Վահէն հպարտ է Թումոյի հետ իր հոգևոր, հուզական կապվածության և իր գաղափարների համակիրը լինելու առիթով:

Լյուսին ևս հավասարապես կկիսեր հպարտությունն ու նվիրվածությունը: Նա միանշանակ դա անում է: