NGE Web Arm RED 1024x536 - Նոր սերնդի կրթություն

«Նոր սերնդի կրթություն» հարթակն արդեն կայք ունի։

Խնդում ենք անցնել newgeneducation․am հասցեով՝ ծանոթանալու հարթակին, գրանցվելու կամ հետևելու դրա աշխատանքի ընթացքին։

Սկզբունքներ և նպատակ

Հավասար և բարձրորակ կրթությունը զարգացման, բարեկեցության ու անվտանգության բանաձևն է, և Հայաստանի համար առանցքային է աշխարհում լավագույն կրթությունը հասցնել յուրաքանչյուրի։ Նույնքան առանցքային է ազգային փոխհամաձայնության միջավայրում այդ համակարգի ստեղծման լուծումների մշակումը հենց Հայաստանում՝ տեղական ներուժի գործարկմամբ։

Նոր սերնդի կրթությունը բաց հարթակ է, որը նպատակ ունի նախաձեռնել ազգային քննարկում հայկական կրթության ապագայի շուրջ, ինչպես նաև անհապաղ մշակել ծրագրային նախագիծ դրա ձևավորման և իրագործման համար։ Հարթակը ներառական է և կողմնորոշված դեպի կիրառելի արդյունքների մշակում: Այն կհամախմբի անհատների ու կազմակերպությունների ամբողջ ազգային սպեկտրից և շեշտը հատկապես կդնի կրթական համակարգից դուրս մասնագետների հետ հաղորդակցման վրա` խթանելով նոր լուծումների առաջացումը:

Ընթացք և արդյունքներ

Հաջորդող ամիսների ընթացքում Նոր սերնդի կրթություն հարթակի աշխատանքը կընթանա երկու հիմնական քայլերով.

Քայլ առաջին. Խորհրդակցություններ

Այս քայլը կմեկնարկի մի շարք բաց քննարկումներով, որոնք բաց կլինեն յուրաքանչյուրի համար` խթանելով նպատակների, սկզբունքների ու մեթոդների շուրջ շփումները և հավաքագրելով նախնական գաղափարները Հայաստանի կրթության ապագայի մասին:

Միևնույն ժամանակ այն հաստատությունները, ձեռնարկություններն ու կազմակերպությունները, որոնք շահագրգռված են կրթական համակարգի զարգացմամբ, կհրավիրվեն կլոր սեղանի ֆորմատով քննարկումների` ներկայացնելու իրենց փորձառությունները, հեռանկարներն ու ակնկալիքները:

Ծրագրի մեջ կընդգրկվեն միջազգային հեղինակավոր մասնագետներ՝ իրենց տեսակետներն արտահայտելու գործընթացի ու դրա զարգացման հնարավոր ուղղությունների մասին: Նրանք նաև կներկայացնեն կրթության բնագավառում համաշխարհային լավագույն փորձի շուրջ իրենց դիրքորոշումները, ինչպես նաև գլոբալ մասշտաբով աշխատանքի ու հմտությունների ապագայի վերաբերյալ իրենց կանխատեսումները:

Այս գործընթացի արդյունքում ձևավորված հիպոթեզները կքննարկվեն ու կվերամշակվեն արագացված կարգով, և վերջնական գաղափարների համախումբը կհաստատվի որպես ծրագրի հիմք։ Սրանք կկցվեն հաջորդ քայլի համար մշակված ճանապարհային քարտեզին։

Առաջին քայլի քննարկումների վրա հիմնվելով՝ կձևակերպվի Հայաստանի կրթական համակարգի երկարաժամկետ տեսլական։ Բարեփոխումերի առաջնահերթությունը, ինչպես նաև ծրագրի իրականացման տրամաբանությունն ու ստրատեգիան կձևավորվեն այս հեռանկարի հիման վրա։

Առաջին քայլի առանցքային սկզբունքները ներառականությունն ու թափանցիկությունն են. խորհրդակցությունների, գաղափարների մշակման ու ճանապարհային քարտեզի նախագծման գործընթացը բաց կլինի բոլոր տեսակի շահագրգիռ կողմերի համար, որպեսզի որևէ գաղափար չանտեսվի, և հեղինակավոր կամ մասնագիտացված դերակատարների ձայները չգերիշխեն նորարարական տեսակետների նկատմամբ։ Ցանկացած անհատ հնարավորություն կունենա հետևելու ու մեկնաբանելու այս գործընթացի աշխատանքը՝ լիակատար թափանցիկությամբ։ Սրա շնորհիվ կապահովվի, որ Առաջին քայլի ընթացքում ձևավորված եզրակացությունները վստահություն ներշնչեն ու օգնեն հասնել ազգային մասշտաբով փոխհամաձայնության և համախմբել մտավոր ռեսուրսներ հաջորդ փուլերի համար։

Քայլ երկրորդ. Ծրագրի մշակում

Երկրորդ քայլի նպատակը Առաջին քայլի ընթացքում ակտիվ կողմերի համագործակցությամբ ձևավորված նախաձեռնությունների մշակումն է։

Նպատակներ և գործողությունների պլաններ կձևակերպվեն հետևյալ ճյուղերի համար.

  • Հանրակրթություն
  • Նախնական և միջին մասնագիտական կրթություն
  • Բարձրագույն կրթություն և գիտություն
  • Ոչ ֆորմալ կրթություն

Ակնկալվում է, որ Երկրորդ քայլի արդյունքը կլինի ազգային մակարդակով մի գլխավոր նախագիծ, որը կիրագործվի ազատորեն համակարգվող և պետական ու մասնավոր կառույցների կողմից իրականացվող ծրագրերի միջոցով։

Երկրորդ քայլի առանցքային սկզբունքներն են իրագործելի ծրագրերի մշակման և հստակ դիրքորոշումների կարևորումը. հիմնված լինելով ակտիվ խորհրդակցությունների ու մասնակցային գործընթացների վրա՝ ծրագրի մշակման փուլը չպիտի ձգտի մասնակիցների կողմից կոմպրոմիսներ և ընդհանուր հայտարար գտնելուն։ Փոխարենը, այն պետք է շեշտի ծրագրի խելամիտ մշակման շուրջ ակտիվ հաղորդակցության ու փոխհամաձայնության կայացման կարևորությունը։ Այն պետք է հասնի առաջնահերթությունների ձևավորման, որի արդյունքում ռեսուրսները կուղղվեն կոնկրետ նպատակների։ Առավել կարևոր է այն, որ ծրագիրը պետք է լինի իրագործելի և պարունակի ռեսուրսների բաշխման պլան ու երկարաժամկետ կենսունակության ապահովման ռազմավարություն։

Ժամանակացույց

Քայլ առաջին․ Խորհրդակցություններ

I. Շաբ, 26.05.2018 – Բաց ֆորում․ ծանոթացում և գաղափարների  ներկայացում․ 
II. Շաբ, 02.06.2018 – Տվյալների վերլուծություն և աշխատանքային խմբերի ձևավորում․
III. Շաբ, 09.06.2018 – Երկարաժամկետ տեսլականի ձևակերպում և քննարկում։
cal 1024x527 - Նոր սերնդի կրթություն

Քայլ երկրորդ․ Ծրագրի մշակում

IV․ Շաբ, 16.06.2018 – Ծրագրերի նախնական տարբերակների մշակում․
V. Շաբ, 30.06.2018 – Մշակված ծրագրերի հանրային ներկայացում և քննարկում։

june arm 1 1024x526 - Նոր սերնդի կրթություն