Նարեկ Միքայելյանը կինոյի մասին

Նարեկ Միքայելյանը կինոյի մասին

«Ռեժիսորը պետք ա բաց լինի նոր տեղեկատվության, սովորելու ու ճանաչելու առաջ: Պետք ա անընդհատ կրթվի ամեն մեկից ու ամեն ինչից:  Ինչպես խոհարարը պետք ա բոլոր համեմունքները ճանաչի, կամ քիմիկոսը իմանա ինչ հարաբերությամբ ա կարելի խառնել նյութերը, նույն կերպ ռեժիսորը պետք ա կյանքը ճանաչի, կարողանա համադրել ու գտնել ճիշտ հարաբերակցությունը: Վերջապես ռեժիսորը մասնագիտություն չի, այլ` կյանքի տեսակ», — թումոցի Նարեկ Միքայելյանը վաղուց է գիտակցել իր մասնագիտական ընտրության մասին և ունի ռեժիսորի կերպարի հստակ պատկերացում:

Անսահման սերը ֆիլմերի նկատմամբ Նարեկը բացահայտեց Թումոյի ֆիլմերի ստեղծման դասընթացի հենց առաջին մակարդակում, երբ դասընթացավարը նկատեց Նարեկի ակնհայտ հաջող մոնտաժային ունակությունները: Իսկ հետո, երբ նա հայտնվեց Մկո Մալխասյանի աշխատարանին, սկսվեց Նարեկի խորասուզումը ռեժիսորի դերի ընտրության մեջ. «Իմ ռեժիսորական բոլոր հմտությունների զարգացման հարցում շատ մեծ ա Մկոյի աշխատարանի փորձառությունը: Ամենաոգեշնչող աշխատարանն ա, որ անցել եմ», — ասում է Նարեկը:

«Թումոյի աշխատարաններից հետո Ջուդիթ Սարյանի օգնությամբ ինձ հաջողվեց մասնակցել ռեժիսոր Մեգ Պիերի ֆիլմի նկարահանումներին, ինչը ֆիլմարտադրության ընթացքին ծանոթանալու հետաքրքիր փորձառություն էր»։ Ի դեպ, տպավորվելով Նարեկի ակտիվ ու նվիրված աշխատանքից, տիկին Սարյանը նրան նվիրեց իր առաջին մասնագիտական գործիքը՝ տեսախցիկը։

ՄԻ ՓԱՍՏ

Նարեկն իր ողջ ժամանակն այժմ նվիրել է ֆիլմերին: Ընդ որում ոչ միայն դրանք նկարելուն, այլև դիտելուն: Իր ռեժիսորական կատարելությունը Դարեն Արոնոֆսկին է. «Ամենասիրելի ֆիլմս միանշանակ կարող եմ ասել, որ «Requiem for a Dream»-ն է, անդադար կարող եմ նայել», — այսպես հիանում էր Նարեկը սիրելի ռեժիսորով, ում ոչ միայն վերջերս հանդիպեց Թումոյում, այլև հղեց իրեն հուզող մի-երկու հարց ֆիլմարտադության մասին։

Like
Like Love Haha Wow Sad Angry