Նարեկ Գալստյան. թումոցին Փրինսթոնից

Նարեկ Գալստյան. թումոցին Փրինսթոնից

Նարեկ Գալստյանը Թումոյի մի չափազանց քաղաքավարի 19-ամյա շրջանավարտ է, ով նաև ցածրախոս է, համեստ ու մոտիվացված: Էջմիածնի Արաքս գյուղում ծնված ու մեծացած Նարեկը մի մեծ ճամփորդության է պատրաստվում: Նա համակարգչային գիտություններ է ուսումնասիրելու Փրինսթոնի համալսարանում:

Նարեկն ի սկզբանե հետաքրքրվեց ծրագրավորմամբ, որովհետև այդ ոլորտում նա կարող էր սահմանափակ ռեսուրսներով ինքնուրույն սովորել: 2012-ին նա սկսեց Թումո հաճախել ու ստացավ հենց այն ռեսուրսները, որոնք պակասում էին իր ինքնուսուցմանը: «Ծրագրավորումը կարևոր է ինձ համար, որովհետև ես հավատում եմ, որ այն համամարդկային լեզու է, ինչպես, ասենք, անգլերենը, ու շուտով բոլորը այն սովորելու կարիք կունենան»:

Թումո հասնելու համար Նարեկն ամեն անգամ մեկուկես ժամ ճանապարհ էր ընկնում, բայց դա իրեն ընդհանրապես չէր ընկճում: «Ես գիտակցեցի, որ շատ էներգիա էի ծախսում Թումո գալու վրա ու դա ինձ ստիպում էր էլ ավելի գնահատել այստեղ անցկացրած ժամանակս: Ամեն շաբաթ երկու ժամ ես առավելագույնս աշխատում էի՝ առավելագույնս սովորելու համար»:

Արդյունքում նա ընդունվեց United World College of the Adriatic ու երկու տարով տեղափոխվեց Իտալիա: Այդ ընթացքում նա շարունակում էր ուսումնասիրել ծրագրավորումն ու կապ պահպանել Թումոյի հետ՝ Հայաստան վերադառնալիս դասընթացների մասնակցելով: UWC-ում անցկացրած երկու տարիները Նարեկի համար մեղմ ասած հետաքրքիր էին՝ «Այդ երկու տարիները հիանալի էին, ու ոչ միայն ակադեմիական առումով: Իմ պատկերացումները աշխարհի ու սահմանների մասին լիովին վերափոխվեցին: Ինձ համար սահմանը ճշգրիտ, փակ գիծ էր: Իտալիայում Սլովենիայի հետ սահմանը գծված էր սպիտակ քարերով, որոնց միջով ճանապարհ էր անցնում: Դա ինձ ապշեցնում էր»:

UWC-ում սովորելիս նա մի շարք արտասահմանյան համալսարաններ դիմեց ու ոչ մի տեղ չունդունվեց: «Երբ առաջին անգամ չընդունվեցի, վերադարձա Հայաստան՝ իրականում, ինքս ինձ անհաջողակ համարելով: Հետո աշխատանք գտա Forkize ստարտափում ու մինչև նորից դիմելը մի տարի Հայաստանում անցկացրի: Հետ նայելով՝ շատ եմ գնահատում այդ ժամանակը, որովհետև այդ ընթացքում շատ բան սովորեցի»:

Ի՞նչը ոգեշնչեց Նարեկին կրկին դիմել ու այս անգամ ընդունվել Փրինսթոնի համալսարան (ու նաև UC Berkeley): «Ծնողներս միշտ ուսման հանդեպ սեր են ինձ փոխանցել, ու դրան գումարվեց Թումոյում անցկացրած ժամանակը, որն ինձ ցույց տվեց, թե ինչի է հնարավոր կրթության միջոցով հասնել: Այն մարդիկ, ում հետ այստեղ ծանոթացա. մարզիչները, դասընթացավարները, ղեկավարները ինձ օգնեցին հասնել ուզածիս»:

Նարեկը նոր է սկսում իր ուսումը Փրինսթոնում, բայց իր նպատակն է ի վերջո աշխատել Հայաստանի ծրագրավորման ոլորտում: «Մենք մեծ ինտելեկտուալ ներուժ ունենք: Իրականում, այդ ներուժի մի մեծ բաժինը արտասահմանում ծրագրեր ստեղծելու վրա է ծախսվում: Ինչու՞ չստեղծել այդ ամենը Հայաստանում»: Մենք համաձայն ենք:

Like
Like Love Haha Wow Sad Angry