Յուրի Մկրտումյան` ֆուտբոլից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ

Յուրի Մկրտումյան` ֆուտբոլից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆուտբոլի սիրահար 17-ամյա Յուրի Մկրտումյանին ոգևորեց թումոցի ընկերոջ՝ Ռոբերտի օրինակն ու ինքն էլ շտապեց գրանցվել։ Շղթայական ռեակցիայի ազդեցությամբ մի տարի հետո Յուրիի եղբայրը նույնպես շտապեց Թումո։

— Ֆիզմաթ դպրոցում եմ սովորում, դրա համար ինձ ավելի հարազատ են տեխնոլոգիական ուղղությունները, ինչպես օրինակ` խաղերի ստեղծումը, կայքերի մշակումը, ծրագրավորումն ու 3D մոդելավորումը, — ասում է Յուրին։ Բայց նա նպատակ ունի մինչ համալսարան ընդունվելը հասցնել ավարտել նաև ստեղծագործական ոլորտի դասընթացները:

— Ամեն անգամ, երբ կոդ գրելիս կամ 3D պատկեր գծելիս տեսնում եմ թումոցի ընկերներիս լուսանկարչական ապարատներով վազվզելիս, ուզում եմ ես էլ էդ ամեն ինչը սովորեմ։ Վստահ եմ մի օր մի տեղ պետք է գալու, — համոզված է Յուրին։

Յուրին խոստովանում է, որ յուրաքանչյուր ոլորտ ուսումնասիրելիս այնքան է խորանում, որ ամեն դասընթացից հետո որոշում է հենց այդ ուղղությամբ շարունակել իր ուսումը։

— Թումոյում լիովին տարբեր բաներ սովորելու շնորհիվ կարողանում եմ «նույն ալիքի վրա» լինել իմ տարբեր ընկերների հետ: Թումոյի ամեն մի հմտություն ուսումնասիրելը ոնց որ մի օտար լեզու սովորել լինի: Դպրոցից դեռ գիտենք, որ «քանի լեզու գիտես, այնքան մարդ ես»,- ասում է թումոցին։

Վերջերս Յուրին այնքան է տարվել խաղերի ստեղծմամբ, որ ուզում է թումոցի ընկերների հետ թիմ հավաքել ու ամռանը խաղ ստեղծել, որը հետագայում մրցույթների կուղարկեն։

ՄԻ ՓԱՍՏ
Ֆուտբոլի մեծ սիրահար Յուրին երազում է «Բարսելոնա» ֆուտբոլի թիմի մի խաղ դիտել հենց Բարսելոնայում: