Մարտուն Պողոսյանը, չինգաչունգի ռոբոտն ու ազատության գաղափարը

Մարտուն Պողոսյանը, չինգաչունգի ռոբոտն ու ազատության գաղափարը

Ծրագրավորում, խաղերի ստեղծում, կայքերի մշակում, գրաֆիկական դիզայն ու մի շարք հատուկ աշխատարաններ անցած ուսանող Մարտուն Պողոսյանը նպատակ ունի անցնել Թումոյի բոլոր դասընթացները: Բայց կա մի ոլորտ, որն ավելին է, քան նախասիրությունը կամ հետաքրքրքրությունը. ռոբոտաշինության աշխարհում Մարտունը զգում է իրեն, ինչպես ձուկը` ջրում: 13 տարեկանում նա ստեղծեց ամրակներով պատրաստած իր առաջին ռոբոտ սարդը: Թեև այն այժմ շարքից դուրս է եկել, բայց Մարտունի համար իր ստեղծած ամենասիրելի սարքն է:

Դրանից հետո Մարտունը ստեղծեց ականներ փնտրող ու վնասազերծող ռոբոտ. «Մինչև այդ գիտեի, որ կար երկու ռոբոտ` մեկը ականներ էր փնտրում, մյուսը` դրանք վնասազերծում: Ես էլ ստեղծեցի իմ ռոբոտը, որն այդ երկուսը միաժամանակ էր կարողանում անել: Հետո էդ  ռոբոտի շարժիչը կատարելագործեցի ու ստացա մի շարժիչ, որը 4-ի աշխատանք է կատարում»:

Ռոբոտաշինության բոլոր մակարդակները հաղթահարելուց հետո էլ Մարտունը դասընթացավարների թիմին միացավ որպես կամավոր. «Թումոն շատ եմ սիրում, մասնավորապես նրա համար, որ ընտրության ազատությունը թողնում է ուսանողին: Իմ կարծիքով, էրեխեքին դաստիարակելիս էլ, միշտ պետք է ցույց տաս բոլոր ճանապարհներն ու սովորեցնես ճիշտ ու սխալը ինքնուրույն իրարից տարբերել: Բայց ամեն էրեխու պետք ա թողնես էդքանից հետո ընտրել», – երեխաների ճիշտ դաստիարակությունից 17-ամյա Մարտունը հաստատ գլուխ հանում է, որովհետև տան 5 երեխաներից ինքն ամենամեծն է:

«Ռոբոտներն էլ են նման էրեխեքին` պետք է տաս ինֆորմացիա, ու ինքը կսկսի սովորել: Ուղղակի մի մեծ տարբերություն կա. եթե ռոբոտը վերահսկողությունից դուրս գա, պետք է «պլան Բ» ունենաս, որը վնասազերծում, անջատում է ռոբոտին: Էրեխեքի հետ չարժի ունենալ այդ «պլան Բ»-ն», ծիծաղում է Մարտունը:

Նրա վերջին գործը չինգաչունգի անպարտելի ռոբոտն է, որը սենսորների միջոցով կանխագուշակում է յուրաքանչյուր քայլ. «Սկզբում ռոբոտը ոչ թե սենսորների արձագանքն էր հաշվում, այլ բանաձև ուներ ու, կախված առաջինն արած տարբերակից, հաշվում էր հաջորդը: Բայց մարդիկ տարբեր են, ոմանք կարող են մենակ «քար» անել: Մի խոսքով` ճիշտ արդյունքի համար անպայման զգացականն էլ է պետք ներգրավել»:

Ըստ Մարտունի` հաջող ռոբոտ ստեղծելու համար երկու հմտություն է պետք` իրավիճակի հավանական բոլոր «եթե»-ներն ու դրանց լուծումները հաշվարկելն ու ռոբոտը մտքում նախապես ամբողջությամբ պատկերացնելը: Հիմա էլ Մարտունը 12-րդ դասարանում է ու շուտով կընդունվի Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Նախաքննական պարապմունքների շրջանում ամեն օր Թումոյից տուն` Խարբերդ գնալու 1 ժամ տևող ճանապարհին նա լուծում է իր ֆիզիկայի ու մաթեմատիկայի խնդիրները. «Ամբողջ ավտոբուսով ամեն օր մաթեմի խնդիր ենք լուծում: Բոլորն անպայման մասնակցում են»:

ՄԻ ՓԱՍՏ

Անցած տարի տան վերանորոգումն անելիս` Մարտունն իր վրա է վերցրել էլեկտրականությունն ապահովելու ամբողջ պատասխանատվությունը. «Էլեկտրականության աշխատանքը ստուգելու համար սարքը չկարողացա գտնել ու  խաղալիք մեքենայի վահանակով ստուգում էի հոսանք կա՞, թե` չէ: Ընդհանրապես ամբողջ հարևանության բոլոր սարքերը վերանորոգել ինձ համար ավանդույթ է դարձել»:

 

Like
Like Love Haha Wow Sad Angry
11